ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ
ՀՀԿ խմբակցությունում մթնոլորտը փոքր-ինչ լարվել է: Պատճառն այն է, որ շաբաթվա վերջին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է պաշտոնական այցով մեկնի Բրազիլիա, Արգենտինա եւ Ուրուգվայ, ու շատ պատգամավորներ կյանքի գնով ցանկանում են շրջագայել նրա հետ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ թեժ մրցակցություն է սկսվել հատկապես խմբակցության կանանց միջեւ, քանի որ մշտապես պատվիրակության անդամի կազմում լինում են Կարինե Աճեմյանն ու Մարգարիտա Եսայանը: Տիկնայք բոլոր միջնորդների օգնությամբ Հ. Աբրահամյանին «հասկացրել» են, որ այդպես արդար չէ, եւ պետք է այս անգամ կազմը փոխել: Հավանաբար այս անգամ հասել են իրենց նպատակին: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Գոհար Պողոսյանից պարզել, թե ինչ է մտադիր անել Աբրահամյանը: «ԱԺ նախագահին ուղեկցող պատվիրակության կազմը որոշում է ԱԺ նախագահը, ինչ վերաբերում է տարաձայնություններին, ապա միջանցքի խոսակցությունները ես չեմ մեկնաբանում»,-ասաց նա: Այսպիսով՝ Գ. Պողոսյանը, փոխանակ իր ֆունկցիոնալ պարտականությունները կատարի՝ տեղեկություն տրամադրելու մասով, իրեն ուղղված հարցի բովանդակությունն է փորձում քննարկել: Արդյունքում՝ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ԱԺ նախագահն ինչ է մտադիր անել կին պատգամավորներին հանդարտեցնելու համար:

ԴԱՌԸ ՓՈՐՁՈՎ
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի ընտրություններում ԱԺ հաշվիչ հանձնաժողովի քարտուղար, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը չմասնակցեց ընտրությանը. «Ես՝ որպես խմբակցության անդամ, նաեւ խորհրդակցելով իմ գործընկերների հետ, որոշեցի, որ նաեւ այդ հաշվարկին չեմ մասնակցելու, որպեսզի պատասխանատվություն չկրեմ հաշվարկի ընթացքի մասով»: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ԱԺ ՀՅԴ խմբակցությունը եւս որոշել էր բոյկոտել քվեարկությունը, սակայն Արծվիկ Մինասյանը մասնակցեց հանձնաժողովի աշխատանքներին, ինչու ինքը նույն կերպ չվարվեց, պատասխանեց. «Դե դա արդեն իրենց խմբակցության որոշելիքն է, ես, համենայնդեպս, կողմ էի այն մոտեցմանը, որ եթե չենք քվեարկում, ուրեմն չեմ մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, նախկին դառը փորձն ինձ հուշեց, որ պետք չէ մասնակցել»:

ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը Իշխան Զաքարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել. «Որովհետեւ ինքը մեր երկրապահների վարչության անդամ է»: «Իսկ Դուք պարզե՞լ եք՝ ինչ միջոցներով է նա մի քանի միլիոն դոլարանոց տուն կառուցել: Այս հարցին Սարոյանը պատասխանեց. «Ա՛յ մարդ, մարդը տուն չսարքի՞, լավ բանից խի՞ եք էսքան վատ զգում: Որ մարդիկ գնում են, ուրիշ տեղ են սարքում, դրա մասին չեք խոսում, մեր երկրում է սարքել, որ Հայաստանում լավ բան լինի, շքեղ տներ տեսնեք, վա՞տ ա:  Իրա հաշվին ա սարքել, ո՞ւմ հաշվին սարքի, ինչի՞ Իշխան Զաքարյանն ընկեր չունի՞, հարազատ չունի՞, բարեկամ չունի՞»:




Լրահոս