Նոյեմբերի 13-16-ը նկարիչների միությունում կցուցադրվեն երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները։ Դա ցուցահանդես-մրցույթ է, որը երիտասարդության համաշխարհային եւ ուսանողության միջազգային տոների առթիվ կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
Ներկայացված են մինչեւ 35 տարեկան երիտասարդների գեղանկարները, գրաֆիկական գործերը, լուսանկարներն ու քանդակները, ընդհանուր առմամբ շուրջ 200 հոգու ավելի քան 250 ստեղծագործություն։ Ընդ որում, հեղինակները ոչ միայն պրոֆեսիոնալներ են, այլեւ տարբեր մասնագիտությունների տեր անձինք, տարբեր բուհերի ուսանողներ։ Համապատասխան մասնագիտական հանձնաժողովը վերջում տարբեր անվանակարգերում կընտրի լավագույն ստեղծագործությունները, որոնց հեղինակները կարժանանան մրցանակների։
«Շատ ուրախ, ոգեւորված եւ զարմացած եմ այս աշխուժությամբ, որը տիրում է կերպարվեստի ասպարեզում։ Նկարիչը՝ լինի դա երիտասարդ թե տարեց, երազում է ցուցադրվելու մասին, եւ այսօր մեր նկարիչների միությունն իր հոյակապ դահլիճներով այդ հնարավորությունն ընձեռում է։ Մենք բաց ենք բոլորի, տվյալ դեպքում՝ երիտասարդ ստեղծագործողների համար։ Ի դեպ, նախորդ տարիներին շատ ավելի քիչ էին մասնակիցները, բայց գնալով նրանք շատացան, եւ այսօր ստիպված էինք ընտրություն կատարել, որպեսզի տեղավորեինք բոլոր լավագույն աշխատանքները։ Ես չեմ ուզում այս պահին անուններ տալ, առանձնացնել որեւէ մեկին, որովհետեւ վերջում մասնագիտական հատուկ հանձնաժողովը կընտրի լավագույններին, ովքեր կստանան մրցանակներ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Իսկ մեր հարցին, թե ինչպիսի թերություններ է նկատում երիտասարդների աշխատանքներում, պարոն Աղամյանը պատասխանեց. «Եթե անկեղծ խոսեմ, ապա ստեղծագործություններն իրոք բազմաոճ են, դրանցում դրական շատ բան եմ տեսնում։ Իսկ բացասականն այն է, որ ես երիտասարդների մոտ չեմ տեսնում ազգային հիմքերից եկած կերպարվեստը, չեմ տեսնում ազգային թեմաները շոշափող կերպարվեստը, եւ այդ բացակայությունն ինձ մի քիչ անհանգստացնում է»:
«ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԻՑ ԵԿԱԾ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ