Սերժ Սարգսյանը կայացրել է որոշումը. ոչ մեկին չվստահելու արդյունքները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով` 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի նախընտրական շտաբը անձամբ Սերժ Սարգսյանն է գլխավորելու: Այս լուրը ստացանք իշխանական շրջանակներից` ի պատասխան նախօրեի մեր այն հրապարակմանը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանին շատ դժվար է լինելու առաջիկա ԱԺ ընտրություններում իր կուսակցության շտաբի պետի ընտրության հարցը:

Այն, որ Սերժ Սարգսյանը որոշել է անձամբ ղեկավարել ՀՀԿ-ի շտաբը, վկայում է այն մասին, որ նա նույնիսկ ձեւական առումով մտադիր չէ ոչ մեկին վստահել իր իշխանության շարունակականությունն ապահովելու հարցը, մյուս կողմից էլ չի ցանկանում իր կուսակցության վերնախավի անդամներից եւ ոչ մեկին պարտական լինել:

ՀՀԿ-ի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ` արդեն որոշվե՞լ է` Սերժ Սարգսյանն անձա՞մբ է ղեկավարելու 2017 թվականի ԱԺ ընտրությունների ՀՀԿ ընտրական շտաբը: Ի պատասխան՝ նա ասաց. «Ժամանակը կգա, կուսակցությունը կորոշի, պետք չէ ժամանակից առաջ ընկնենք, մենք դեռ ՏԻՄ ընտրություններ ունենք, համագումար ունենք»: Ճշտող այն հարցին, թե փաստորեն նման տարբերակը քննարկվում է, Թադեւոսյանը պատասխանեց. «Կորոշենք, մի անհանգստացեք, կորոշենք եւ Ձեզ կներկայացնենք»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս