Արդեն երկու օր է` ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություններ է տարածում այն մասին, որ Երեւանում միջոցառումների կեղծ տոմսեր են վաճառվել քաղաքացիներին:
Այսպես՝ նախ` հոկտեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ մի խումբ անձինք իրացրել են ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր: Կեղծ միջոցառումը պետք է տեղի ունենար Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում՝ երկու տարբեր օրերի: Մինչդեռ թատրոնում նման երեկո՝ նշված օրերին, ընդհանրապես նախատեսված չի եղել: Եւ հիմա ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ: Ապա բառացիորեն նույնաբովանդակ հայտարարությամբ ՀՀ ՔԿ-ն հանդես եկավ երեկ, այս անգամ, սակայն, կեղծ տոմսերը նվիրված էին ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հորինված համերգին: Այս դեպքում եւս քաղաքացիներին կեղծ տոմսեր իրացնողներն անհայտ անձինք են, որոնք միջոցառման տեղը կրկին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնն էին ընտրել: Գուցե երկու դեպքում էլ քաղաքացիներից գումար կորզողները նույն անձինք են, դեռեւս վաղ է ասել, սակայն ձեռագիրը, ըստ նախնական տվյալների, նույնն է:
Մշակութասեր հանրության համար քիչ էր արատավոր պրակտիկան, որ հայտնի աստղերի համերգներն էին հետաձգվում, ապա տոմսերի վերադարձն էր անլուծելի խնդիր դառնում, հիմա էլ նոր երեւույթ է ի հայտ եկել: Նախ հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում մի քանի անգամ չեղյալ հայտարարվեցին աշխարհահռչակ մի քանի կատարողների համերգներ: Սկզբում հանրահայտ երգիչ Էրոս Ռամազոտին չեղյալ հայտարարեց ապրիլին Հայաստանում կայանալիք համերգը, ապա նրա երկրպագուները փաստի առաջ կանգնեցին. տոմսերի վերադարձը դարձավ հանրային լայն քննարկումների թեմա, անլուծելի խնդիր: Մի քանի փուլով իրականացված գործընթացը սեպտեմբերի 26-ին, կարծես թե, ավարտվեց: Բանն այն է, որ տոմսերի վաճառքն իրականացրած ընկերությունը` «Ֆորպոստարտ»-ը, հայտարարել էր, որ տոմսի վերադարձը հնարավոր է իրականացնել, եթե քաղաքացին մեր էլեկտրոնային փոստին ուղարկել է դիմում եւ ստացել պատասխան, որտեղ նշված է իր համար նշանակված օրը եւ ժամը: Ավելի ուշ պարզվել է, որ ոչ բոլոր քաղաքացիներն են կարողացել օգտվել այս տարբերակից եւ, ըստ այդմ, զրկվել են տոմսի համար նախապես վճարված գումարները ետ ստանալու իրավունքից: Սրանից առաջ չեղյալ էր հայտարարվել նաեւ ՌԴ ժողովրդական արտիստ, հայտնի էստրադային երգչուհի Իրինա Ալեգրովայի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգը: Ի դեպ, համերգի «տապալման» մասին երգչուհու երկրպագուներն իմացել էին միայն համերգի օրը` մարզահամերգային համալիր այցելելուց հետո: Այստեղ հանդիսատեսին հուզում էր այն հարցը, թե ինչու տեղում չէին վերադարձվել տոմսերը: Պարզաբանումը եղել էր այն, որ համերգը տեղափոխվել էր մինչեւ ապրիլի 6-ը: Այս օրն էլ համերգը չիրականացվեց եւ տեղափոխվեց մինչեւ մայիսի 23-ը: Խնդիրն այն է, որ բոլոր նրանք, ովքեր տոմսերը տոմսարկղերից չէին գնել, այլ մասնավոր կազմակերպություններից, զրկվել էին դրան ներկա գտնվելու հնարավորությունից: Իսկ նրանց գումարները, չնայած բուռն քննադատություններին եւ բողոքներին, այդպես էլ չվերադարձվեցին:
Այսպիսով՝ կարող ենք գալ այն եզրահանգման, որ մասնավոր կազմակերպություններից ձեռք բերված տոմսերը երաշխիք չեն կարող լինել, որ միջոցառումների հետ կապված փոփոխությունների դեպքում քաղաքացիները փաստի առաջ չեն կանգնի: Տոմսավաճառ մասնավոր կառույցները, սակայն, միակ խնդիրը չեն այս ոլորտում: Ինչպես տեսնում ենք` կեղծ տոմսերի վաճառքը եւս դարձել է օրհասական խնդիր: Իսկ ինչու չի վերահսկվում կեղծ տոմսերի վաճառքը, եւ ինչ քայլեր են ձեռնարկում նմանատիպ դեպքերը կանխելու ուղղությամբ պետական մարմինները, դժվար է հստակ պատասխան տալ, համենայնդեպս, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի ներկայացուցչի պարզաբանումից պարզ դարձավ, որ այդ պրակտիկան որեւէ կերպ չի վերահսկվում: Այսպես՝ կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի տեղեկատվության կապերի պատասխանատու Վահագն Զաքարյանի հետ, ով հայտնեց, որ թատրոնի ղեկավարությունը կատարվածի առնչությամբ դիմել է ՀՀ ոստիկանություն: Պարզվում է` քաղաքացիները համերգի` իրենց հայտնի օրն այցելել են թատրոն, որտեղ էլ պարզել են, որ ցանկում Ջիգարխանյանին նվիրված միջոցառում չկա: Մեր զրուցակիցը պարզաբանեց, որ թատրոնի տոմսարկղում վաճառվում են միայն իրենց միջոցառումների տոմսերը, այլ միջոցառումների համար նախատեսված տոմսերը ձեռք են բերվում այլ վայրերից: Եվ, մասնավորապես, Խանամիրյանին եւ Ջիգարխանյանին նվիրված համերգներ թատրոնը չի նախատեսել: Հետեւաբար, ինչպես ներկայացրեց Վ. Զաքարյանը, դրանք միանշանակ իրենց մոտից դուրս չեն եկել: Այդուհանդերձ, պարզվում է` նշված կեղծ տոմսերի վաճառքի վայրը դեռեւս հայտնի չէ: Ավելին՝ հայտնի չէ նաեւ կեղծ տոմսերի արժեքը:
Ի դեպ, Վահագն Զաքարյանը հայտնեց նաեւ, որ նմանատիպ դեպքեր Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում երբեւէ չեն եղել. այս պատմությունը նորություն է թատրոնի համար: Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունից: Մեր հարցին ի պատասխան` հայտնեցին, որ նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը նախարարությունում երեկ տեղի ունեցած թռուցկաժողովի մասնակիցներին տեղեկացրել է, որ պետք է պարտադիր ներդրվի միասնական տոմսային համակարգը: Նախարարը, մասնավորապես, ասել է. «Շահարկումներն ու անհարկի խոչընդոտներ ստեղծելն այլեւս ավելորդ են, եւ շատ լավ հասկանում եմ, թե ինչ են նշանակում դրանք: Զգուշացրե՛ք ձեր ենթակայության պետական ոչ առեւտրային կազմակերպություններին (թատրոններն են, կինոթատրոնները, համերգասրահները, թանգարանները, պատկերասրահները…), որ միասնական տոմսային համակարգը ներդրվելու է, եւ որ անիմաստ են այս կարգի խոսակցությունները. կառավարության որոշում չկա, բայց նախարարությունը ստիպում է: Այո՛, այդպես է լինելու»: «Ժողովուրդ»-ը ՀՀ մշակույթի նախարարի հրամաններն ուսումնասիրելուց հետո պարզեց, որ տոմսերի վաճառքի մասով որեւէ որոշում երբեւէ չի կայացվել: Այսինքն` համերգային եւ այլ միջոցառումների տոմսերի վաճառքը տարիներ շարունակ անվերահսկելի եւ չկառավարվող երեւույթ է եղել: Հուսով ենք` վերջին դեպքերը խրատ կլինեն պետական կառույցների համար, եւ ոլորտը կառնեն խիստ վերահսկողության տակ:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
Օգոստոսի 2-ին ինքնասպանության փորձ կատարած «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակից 54-ամյա Հարություն Հ.-ն կշարունակի աշխատել Վանաձոր ՔԿՀ-ում: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ նա մինչ օրս գտնվում է բյուլետենի մեջ:
Հիշեցնենք, որ 54-ամյա Հարությունին կիսակառույցում արնաշաղախ վիճակում հայտնաբերել էին ՔԿՀ-ի իր գործընկերները, ովքեր, տեսնելով, որ Հարությունը առավոտյան չի ներկայացել աշխատանքի, այցելել էին բնակարան, հրելով բացել դուռն ու հատակին գտել գրություն, որտեղ նշված է եղել, թե որտեղ է նա ինքնասպան լինելու: Աշխատակիցներն անմիջապես շտապել էին ՔԿՀ-ի եւ Հարությունի բնակարանի հարեւանությամբ գտնվող կիսակառույցն ու այնտեղ հայտնաբերել նրան՝ արնաշաղախ վիճակում, պարանոցի եւ ձեռքերի հատվածում բազմաթիվ կտրած վերքերով: Հարությունը դանակով վնասել էր նաեւ որովայնը:
ՔԿՀ-ի աշխատակիցներն անմիջապես շտապօգնություն էին զանգահարել, նրան տեղափոխել հիվանդանոց, ապա դիմել ոստիկանություն: Իրավապահները մտնելով բնակարան՝ ներսում բազմաթիվ գրություններ էին հայտնաբերել, որոնցից մեկում 54-ամյա տղամարդը նախ հորդորել էր կատարվածում ոչ մեկին չմեղադրել, նշել, որ միակ մեղավորը պետությունն է, որի ստեղծած անտանելի պայմանների պատճառով ինքը մեծ պարտքեր է կուտակել ՀՀ բանկերում: Որպես ասվածի ապացույց՝ տղամարդը նաեւ ներկայացրել էր վարկային փաստաթղթերը:
Ինքնասպանության փորձ կատարած տղամարդը ամուսնալուծված է, երեխաներ չունի, ապրում էր միայնակ: ՔԿՀ-ի աշխատակիցների խոսքով՝ Հարությունին հաճախ են տեսել ալկոհոլ օգտագործած վիճակում:
Հիվանդանոցում բժիշկներին հաջողվել է փրկել տղամարդու կյանքը: Մի քանի օր հիվանդանոցում մնալուց ու անհրաժեշտ բուժումներ ստանալուց հետո, նա դուրս է գրվել:
Մեկ հանգամանք եւս. տեղեկություններ կան, որ իրականում օգոստոսի 2-ին Հարությունը չպետք է հերթափոխի լիներ, բայց գնացել է ու խնդրել, որպեսզի այդ օրը իրեն հերթապահության նշանակեն: Հերթապահությունը նշանակվել է, մինչդեռ ինքն այդ օրը չի էլ ներկայացել աշխատանքի, այդ կերպ եւս ցանկանալով գրավել ոչ միայն հարեւանների ու ծանոթների, այլ նաեւ ՔԿՀ աշխատակիցների ուշադրությունը: Նկատենք, որ տղամադրու կյանքը հնարավոր է եղել փրկել Վանաձոր ՔԿՀ-ի աշխատակիցների աչալրջության ու օպերատիվության շնորհիվ:
Հարությունին ճանաչողներն ասում են, որ այս քայլով տղամարդը ոչ թե ցանկացել է վերջ տալ իր կյանքին, այլ պարզապես հուսահատ փորձ է արել իր խնդիրների վրա ուշադրություն գրավելու եւ այդկերպ ինչ-որ լուծման հասնելու ակնկալիքով: Հակառակ դեպքում նա ինքնասպանություն կգործեր առանց աղմուկի ու նախապես այդ մասին հայտնելու:
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր
ՎԱՏԱՑԵԼ Է
Երեկ՝ 13-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նրա դուստրը` Էլմոն Եղնուկյանը` մանրամասնելով, որ հայրը կորցրել է 9 կգ քաշ, ճնշումը բավականին ընկել է, դժվար է տեղաշարժվում է եւ խիստ թուլություն է զգում։ Հիշեցնենք, որ Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-218 հոդվածի (պատանդ վերցնելուն օժանդակելը) եւ ՀՀ ՔՕ 38-219 հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն օժանդակելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ, պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով) հատկանիշներով:
ԿԱՇԱՌՔ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Ռոման Օ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ խոշոր չափերի կաշառք պահանջելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Ռոման Օ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք իրենից պահանջել են 600 հազ. ՀՀ դրամ կաշառք՝ ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից իր հոր մահվան պատճառ հանդիսացած հիվանդության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու եւ հանգուցյալի գերեզմանի բարեկարգման ու տապանաքարի պատրաստման համար օրենքով նախատեսված 1 մլն. 400 հազ. ՀՀ դրամ գումարը տրամադրելու համար: Հարուցվել է քրեական գործ: