Էրդողանը հրավիրվել է Ցեղասպանությանը նվիրված համերգին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Ստամբուլում գտնվող Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում նոյեմբերի 13-ին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» ստեղծագործության համերգին:

Ինչպես հաղորդում է հայկական «Ակոս» թերթը, նշյալ միջոցառումից հետո տեղի է ունենալու նաև գերմանա-հայ-թուրքական բարեկամության միության բացման արարողությունը: Նշյալ երկու միջոցառումներին բացի Էրդողանից, հրավիրվել է նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և մշակույթի նախարար Նաբի Ավջըն:

Նշվում է, որ նախագծին ավելի մանրամասն ծանոթանալու համար, ցանկացողները կարող են այցելել www.aghet.eu կայք:«Ակոս» ներկայացրել է Էրդողանին ուղղված հրավերքի տեքստը, որում նշվում է, որ նշյալ միջոցառումները, նպատակ ունեն նաև երեք երկրների արվեստագետների միջև ստեղծել համագործակցություն: Այդ համագործակցության նպատակն է նաև ուսումնասիրել «հայ և թուրք ժողովուրդների անցյալում տեղի ունեցած ընդհանուր վերքեր», ինչպես նաև մի շարք այլ հարցեր:

Հրավերի մեջ շեշտվել է նաև, որ Ստամբուլում գտնվող Գերմանիայի հյուպատոսարանում ծրագրված միջոցառումներն անցկացվում են Գերմանիայի արտգործնախարարության և Եվրամիության աջակցությամբ:
Վերջում Էրդողանին խնդրվում է, մինչև նոյեմբերի 5-ը պատասխան նամակով տեղեկացնել համերգին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշման մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան կասեցրել էր մասնակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» նախագծին:

«Ստեղծագործ Եվրոպա»-ն 200 մլն եվրոյի աջակցությունն է ցուցաբերել Գերմանիայի Դրեզդեն քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի պատրաստած Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» համերգային նախագծին:
«Ստեղծագործ Եվրոպա»-ն 1 լրդ 460 մլն եվրո բյուջե ունեցող նախագիծ է, որը աջակցում է Եվրոպայում 2014-2020 թթ-ին իրականացվող մշակութային ձեռնարկներին: Ծրագրին միացած երկրները, որոնց թվում էր նաև Թուրքիան, տարեկան որոշակի գումար են հատկացնում ընդհանուր բյուջե, որն էլ ծախսվում է անդամ երկրների մշակութային նախագծերին աջակցելու համար:




Լրահոս