«Ժողովուրդ»-ը շարունակում է «պեղել» հայ հանրության շրջանում ճանաչում վայելող հայտնիների, որոնք ժամանակին հաճախ էին երեւում էկրաններին, սակայն տեւական ժամանակ է, կարծես, անհետացել են: Այս անգամ մեր թիրախում հայտնվել է հեռուստահաղորդավար Մամիկոն Սիմոնյանը:
Հետաքրքրվել ենք` որտեղ է նա այժմ բնակվում, ինչով է զբաղված եւ արդյոք կապ ունի հեռուստատեսային աշխատանքի հետ. «Հիմա Ռուսաստանի Դաշնությունում եմ, հիմնականում` Մոսկվայում: Աշխատում եմ մարքետինգի եւ փիարի ոլորտում, նաեւ սովորում եմ: Հեռուստատեսային աշխատանքով հիմա չեմ զբաղվում, բայց ոլորտին մոտ եմ եւ հնարավորություն ունեմ ուսումնասիրելու ռուսական մեդիա ոլորտը, հատկապես հեռուստատեսային ու գովազդային շուկան»,-պատասխանեց Մամիկոնը:
Հարցին, թե Հայաստանին առնչվող ինչ պլաններ ունի եւ երբ է վերջին անգամ այցելել հայրենիք, հաղորդավարը պատասխանեց. «Հայաստանը շարունակում է մնալ իմ տունը, հայրենիքը` անկախ գտնվելուս վայրից: Պլաններ շատ ունեմ, բայց դրանց մասին հիմա չեմ խոսի: Վերջին անգամ Երեւանում եղել եմ ամանորյա տոնական օրերին, որոնք անցկացրել եմ երեխայիս, ծնողներիս, հարազատներիս հետ»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` այն պահից, ինչ եթերում չէ, Մամիկոնը ստացե՞լ է արդյոք հեռուստատեսային հետաքրքիր առաջարկներ. «Հեռուստատեսային առաջարկներ ստացել եմ, բայց դրանք հետաքրքիր չեն եղել ո՛չ բովանդակության, ո՛չ մնացած գործոնների առումով: Վերադառնալու ցանկություն, նպատակ ու հնարավորություն ունեմ, բայց հիմա, ցավոք, ժամանակ չունեմ: Այնուամենայնիվ, անպայման կվերադառնամ»:
Իսկ հարցին, թե հետեւո՞ւմ է արդյոք հեռուստատեսային այն ծրագրերին, որոնք ունեն նախկինում իր վարած ծրագրերի ֆորմատն ու բնույթը, հաղորդավարը պատասխանեց. «Միշտ հետեւում եմ այն ոլորտին, որտեղ աշխատել եմ կամ աշխատում եմ, գուցե այդ առումով շատ ակտիվ չեմ, բայց ամենակարեւորը աշխատում եմ բաց չթողնել: Ցավոք, շատ բան տեղի չի ունենում հայկական հեռուստաոլորտում, բայց ոչինչ դեռ կորած չէ: Ունենք այն, ինչ ունենք. եթե ուզում ենք ավելի լավը, պետք է մի քիչ ավելի շատ աշխատենք էկրանին եւ դրանից դուրս»:
Աննա Բաբաջանյան