Արթուր Ստեփանյանը պատգամավորական կարիերայի համար պարտական է Միհրան Պողոսյանին. նոր խորհրդարանը` առանց Ստեփանյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա ԱԺ ընտրություններն այլեւս դարձել են քաղաքական թիվ մեկ թեման: Գալիք խորհրդարանը նույնությամբ չի կրկնելու գործողի պատկերը, սակայն հիմնական դերակատարների առումով հազիվ թե արմատական փոփոխություններ լինեն: Սա առաջին հերթին վերաբերում է ՀՀԿ-ին, որն ամեն գնով փորձելու է մեծամասնություն վերցնել խորհրդարանում: Ուստի ստորեւ անդրադառնանք ՀՀԿ-ի պատգամավորներից Արթուր Ստեփանյանի գործունեությանը՝ պարզելով նաեւ, թե արդյոք այս երեւելի օրենսդիրները կհայտնվեն 6-րդ գումարման խորհրդարանում:

Արթուր Ստեփանյանը պատգամավոր է դարձել Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող նախկին ընտրատարածքից: Այս պատգամավորը համարվում է ԴԱՀԿ-ի նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մտերիմը: Ստեփանյանն իր պատգամավորական կարիերայի համար պարտական է հենց Մ. Պողոսյանին, որի ընկերության՝ «Քեթրինի» տնօրենն է եղել:

2012թ. Միհրան Պողոսյանը ամեն ինչ արեց՝ իր ընկերոջը պատգամավոր դարձնելու համար: Բնական է, որ ԴԱՀԿ նախկին պետին ձեռնտու էր իր ներկայացուցիչն ունենալ խորհրդարանում, իսկ այդ պրակտիկան ընդունված է Հայաստանում, երբ քրեաօլիգարխիկ համակարգի բարձրագույն ներկայացուցիչները, եթե իրենք չեն հայտնվում ԱԺ-ում, ապա իրենց փոխարեն որդիներին կամ ընկերներին են բաժին հանում մանդատները: Հետեւաբար զարմանալի չէ, որ Արթուր Ստեփանյանը խորհրդարանում չի փայլել իր օրենսդրական գործունեությամբ:

Այսպես՝ ՀՀ ԱԺ 5-րդ գումարման ընթացքում ՀՀԿ պատգամավոր Արթուր Ստեփանյանը կողմ է քվեարկել 917 անգամ, դեմ 8 եւ ձեռնպահ ընդամենը մեկ անգամ: Նա բացակայել է 22 անգամ, քվեարկությունից հրաժարվել 17 անգամ: Հատկանշական է, որ այս պատգամավորը որեւէ անգամ ելույթ չի ունեցել ՀՀ ԱԺ ամբիոնից, ինչպես նաեւ հանդես չի եկել հարցերով: Ստեփանյանը պարտաճանաչորեն կողմ է քվեարկել այնպիսի աղմկահարույց օրինագծերի, ինչպիսիք են «Աժ կանոնակարգը», «Բյուջե 2017»-ը, «1000 դրամների նախագիծը» եւ այլն:

Ակնհայտ է, որ այս անգամ խորհրդարանը ստիպված կլինի դիմանալ Ստեփանյանի բացակայությանը, քանզի պատգամավորի թեկնածու է առաջադրվելու ինքը՝ ԴԱՀԿ նախկին պետ, Պանամայի օֆշորային սկանդալի պատճառով հարկադրաբար հրաժարական տված Միհրան Պողոսյանը: Վերջինս արդեն իսկ սկսել է Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք եւ Ավան թաղամասերն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում նախապատրաստական աշխատանքները: Պողոսյանը, ըստ մամուլի հրապարակումների, արդեն հասցրել է հակասություններ ունենալ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որի աներորդին պատրաստվում է ռեյտինգային քվեարկությամբ առաջադրվել նույն ընտրատարածքում:

Ն. Հովսեփյան




Լրահոս