Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացը` քննարկման առանցքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն այսօր ընդունել է ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության պատվիրակությանը: ՄԱԶԾ պատվիրակության այցի նպատակն է ծանոթանալ ՀՀ կողմից ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացին, ինչպես նաև աջակցել սահմանված նպատակների իրականացման ճանապարհային քարտեզի և բարեփոխումների օրակարգում ընդգրկված համապատասխան ռազմավարական փաստաթղթերի մշակմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված 17 նպատակները, որի չորրորդ նպատակը վերաբերում է ներառական և բոլորի համար որակյալ կրթության ապահովմանը, ինչպես նաև ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորության խթանմանը:

Դավիթ Սահակյանը նշել է, որ ներկայումս մշակվող ռազմավարական փաստաթղթերը, այդ թվում` Կրթության զարգացման պետական ծրագիրը, ուղղված են վերոնշյալ քաղաքականության իրականացմանը: Նրա խոսքով` ՀՀ կրթության բյուջեն սահմանափակ է, որի շրջանակում պետք է լուծումներ գտնել` այն արդյունավետ տնօրինելու համատեքստում:

Ըստ փոխնախարարի` այդ նպատակով ԿԳ նախարարությունն ակտիվ համագործակցում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, օգտագործում սփյուռքի ներուժը, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության շրջանակում ներգրավում արդեն կայացած կրթական համակարգերը` այլ ուսհաստատությունների զարգացման համար:

«Որոշ ոլորտներում մեր երկրի տնտեսությունն առաջ է ընկնում կրթությունից: Օրինակ, ՏՏ բնագավառում այս տարի ունեցել ենք բակալավրիատի 477 շրջանավարտ, մինչդեռ այս ոլորտի աշխատաշուկայում այսօր առկա է 2-3 հազար մասնագետի պահանջարկ: Առհասարակ, դպրոցներում բնագիտական առարկաների պահպանման և զարգացման, հանրակրթության ոլորտում տղամարդ ուսուցիչների ներգրավման, ինչպես նաև գյուղական համայնքներում հասանելի և որակյալ կրթության ապահովման խնդիր ունենք, քանի որ Հայաստանում առկա են 100 աշակերտից պակաս թվաքանակ ունեցող մեծ թվով դպրոցներ:

Մեզ համար շատ կարևոր է յուրաքանչյուր համայնքում ունենալ դպրոց, այլ խնդիր է` հանրակրթության որ աստիճանի: Գործող ֆինանսավորման բանաձևի պարագայում` այսօր շատ գյուղական դպրոցներ հայտնվել են ծանր ֆինանսական վիճակում: Ներկայումս քննարկում ենք ֆինանսավորման նոր մեխանիզմներ ներդնելու հարցը, որտեղ նախատեսվում է պետականորեն ֆիքսել ուսուցչի նվազագույն աշխատավարձը և ներդնել այնպիսի համակարգ, որը հիմնված լինի դպրոցի իրական կարիքի վրա»,-նշել է Դավիթ Սահակյանը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգը մի շարք ուղղություններով գրանցել է մեծ հաջողություն: «Հայաստանը տարածաշրջանում առաջատար է համընդհանուր ներառականության ներդրման առումով: Այն նաև հաջողություն է գրանցել նախադպրոցական կրթության հասանելիության ապահովման և ՄԿՈՒ ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Հայաստան ժամանած փորձագետները տարբեր երկրներում Կայուն զարգացման նպատակների իրականացման հարուստ փորձ ունեն և կկարողանան օժանդակել ՀՀ կառավարությանը»,-նշել է նա:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Արարատյան բակալավրիատ ծրագրին, կրթության ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակած չափորոշիչներին, ՄԿՈւ ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում և այլն:




Լրահոս