ՍԵՐԻԱԼՆԵՐՈՒՄ ԻՆՁ ԷԼ ՇԱՏ ԲԱՆԵՐ ԴՈՒՐ ՉԵՆ ԳԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց ԱՄՆ-ում բնակվող դերասանուհի Լուսինե Սարգսյանի հետ: Դերասանուհի Լուսինե Սարգսյանն  արդեն երկար տարիներ  է, ինչ ապրում է ԱՄՆ-ում: Նա հայտնի է ոչ միայն ֆիլմերում ու ներկայացումներում խաղացած դերերով, այլեւ հեռուստահաղորդումներից եւ գովազդային տեսահոլովակներից: Ի դեպ, Լուսինեն այն միակ հայ  դերասանուհին է, ում  բախտ է վիճակվել նկարահանվել Մադոննայի տեսահոլովակներից մեկում. «5000 մասնակցից ընտրվեցի ես: Ցավոք, այդ տեսահոլովակը միայն Եվրոպայում ցուցադրվեց , այն էլ` 2 անգամ, քանի որ  այն դեմ էր ամերիկյան քաղաքականությանը»: Իսկ թե ինչ նոր ծրագրերով է հանդես գալու  դերասանուհին, պարզեցինք նրա հետ ԱՄՆ-ում կայացած զրույցի ընթացքում:-Շատ մեծ ցանկություն ունեմ ներկայացումներում խաղալու, սակայն, ցավոք, ԱՄՆ-ում հայկական թատրոններ չկան, այդ իսկ պատճառով թատերական ներկայացումներ չեն լինում: Այսօր գրեթե բոլոր դերասանները զբաղված են  հեռուստասերիալներում նկարահանվելով: Ինքս էլ պատրաստվում եմ նկարահանվել նոր հեռուստասերիալում, որի ցուցադրումը կսկսվի մարտ ամսից:-Չնայած հեռուստասերիալների ունեցած պահանջարկին, այնուամենայնիվ, բոլորը համատարած դժգոհում են դրանց մակարդակից եւ օգտագործվող  բառապաշարից: Դուք ինչո՞ւ համաձայնեցիք նկարահանվել:-Առաջին անգամ նկարահանվեցի «Էմիգրանտներ» հեռուստասերիալում: Պատկերացրե՛ք` գաղափար չունեի, թե դա ինչ դժվար ու տանջալից աշխատանք է: Նախ ասեմ, որ հեռուստասերիալը արվեստի ժանր չէ: Դա պարզ կոմերցիա է, որտեղ պատվիրատուները պատվիրում են, փող դնում եւ պահանջում իրենց ցանկացած արդյունքը: Ու թեեւ  այսօրվա հեռուստասերիալները ցածր  որակի են, եւ չկա համապատասխան  պրոֆեսիոնալիզմ, այնուամենայնիվ,  կարծում եմ, որ այդ ոլորտն էլ տարիների ընթացքում կորակավորվի:  Ինչ վերաբերում է սերիալների լեզվի հետ կապված դժգոհություններին, ապա ես ինքս էլ բացասական եմ վերաբերվում հեռուստասերիալներում օգտագործվող  բառապաշարին: Իսկ այն հարցին, թե ինչու նկարահանվեցի հեռուստասերիալում, կարող եմ ընդամենը պատասխանել, որ ես դերասանուհի եմ, դա է իմ մասնագիտությունը: Ալեն Դելոնն էլ 2 տարի է` նկարահանվում է սերիալներում` ասելով, որ իր` կինոյում նկարահանվելու ժամն անցել է:-Այսօր նույնիսկ  երգիչ-երգչուհիներն են նկարահանվում սերիալներում: Չե՞ք կարծում, որ իրենց ոչ պրոֆեսիոնալ խաղով նրանք էլ են ինչ-որ տեղ նպաստում  դերասանների  որակյալ խաղի վարկաբեկմանը: -Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ պետք է իր գործով զբաղվի: Այսօր ով ասես իրեն դերասան է համարում, ով ասես, որ չի նկարահանվում ֆիլմերում: Դրա համար էլ շատ դերասաններ չեն ցանկանում նկարահանվել: Վերջերս  հրաժարվեցի նկարահանվել մի ֆիլմում, որի սցենարը դուրս չեկավ: Այնպես որ շատ բաներ կան, որ ինձ էլ դուր չեն գալիս սերիալներում, բայց ի՞նչ կարող եմ անել, ինչքա՞ն կարող եմ հրաժարվել նկարահանվելուց,  չէ՞ որ դա է իմ մասնագիտությունը: Դերասանները միայն կատարող են, իրենք ոչինչ չեն կարող անել: Դա պետք է անի պատվիրատուն… սա շատ ցավոտ թեմա է:-Այսօր շատերն են ձգտում  երգիչ կամ դերասանուհի դառնալ` անկախ իրենց ունեցած տվյալներից:  Ի՞նչ եք կարծում` ո՞րն է պատճառը: Միգուցե այն, որ այս  ասպարեզում շա՞տ փող կա:-Միանշանակ չեմ կարող ասել, թե ինչու են բոլորը ձգտում  մտնել այս ասպարեզ,  բայց  կարող եմ ասել, որ պատճառը փողը չէ, քանի որ հայկական շոուբիզնեսում եւ առավել եւս արվեստում փող չկա:-Լուսինե՛, անդրադառնանք նրան, որ ամուսիններով միեւնույն հեռուստասերիալում էիք նկարահանվում: Դժվար չէ՞ր: Երբ ֆիլմում միասին էիք աշխատում, արդյոք չէիք խանգարում մեկդ մյուսին:-Դժվար էր  եւ հաճելի: Ամուսինս` Ռաֆայել Դանիելյանը, այդ գործում մասնագետ է եւ իր կարծիքն ինձ համար շատ կարեւոր է. լինի դա խորհուրդ, նկատողություն, թե գովասանք: Բայց ասեմ, որ ես շատ խանդոտ մարդ եմ, եւ այդ հարցում երբեմն  փոքրիկ  դժվարություններ են լինում, թեեւ ինքս էլ հասկանում եմ, որ խանդը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է: -Վերջում կցանկանայի իմանալ, թե Հայաստանի հետ կապված   ինչպիսի՞ ծրագրեր ունեք:-Հայաստանի հետ կապված, ցավոք, ոչ մի ծրագիր չկա: Ծնողներիս եմ կարոտել եւ այս տարի նախատեսում եմ նրանց այցելել:ԼՅՈՒԲԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ   Բելգիա




Լրահոս