Գյումրու պետական դրամատիկական թատրոնը վերջին շրջանի իր գործունեությամբ ապացուցում է, որ առաջարկը կարող է ծնել պահանջարկ: Ներկայացումների ժամանակ դահլիճում ազատ նստատեղեր հաճախ չեն մնում:
Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց՝ եթե ձեռքդ պահում ես ժամանակի զարկերակին, հաջողությունն անխուսափելի է. «Մենք այսօր փորձում ենք ունենալ 2017-ին վայել թատրոն ե՛ւ մենեջմենթի, ե՛ւ տեխնիկական, ե՛ւ ստեղծագործական առումներով: Մեզ հաճախ են հարցնում՝ այս դժվարին սոցիալական պայմաններում ինչպես է հաջողվում 100 տոկոսով ավելացնել հանդիսատեսի քանակը: Պատասխանը շատ պարզ է. մեր ներկայացումները հետաքրքիր են: Եթե կարողանում ես ստեղծել լավ պրոդուկտ եւ PR գործիքների միջոցով հետաքրքրությունը փոխանցել պոտենցիալ հանդիսատեսին, չես կարող կիսադատարկ դահլիճներ ունենալ: Մենք ձգտում ենք մինչեւ տարեվերջ ունենալ հանդիսատեսի թվի կրկնապատիկը»:
Հարցին, թե շենքի հետ կապված ինչ խնդիրներ կան, որոնք դեռեւս չեն լուծվել, թատրոնի տնօրենը պատասխանեց. «Ամենացավալի խնդիրը տանիքի խնդիրն էր, որը գրեթե համարում ենք լուծված՝ պետական միջոցների հաշվին: Ունեինք տեխնիկական վերազինման խնդիր, որը լուծում ենք մասնավոր ներդրողի հաշվին»:
Նա տեղեկացրեց, որ այս տարի թատրոնն ունեցել է վեց պրեմիերա, առաջիկա ամանորյա ներկայացումն էլ կլինի յոթերորդը: Նոր տարուն թատրոնը կներկայացնի «Երեք խոզուկները» երաժշտական հեքիաթը. «Ի դեպ, այս տարի եւս «Շիրակ» ֆուտբոլային ակումբը անակնկալ է մատուցելու թատրոնի հանդիսատեսի շարքերը համալրող փոքրիկներին»,-ասաց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ արդեն 2018-ին թատրոնն ունենալու է չորս հրավիրյալ բեմադրիչ. «Գալիք տարին ստեղծագործական խիզախումների տարի է: 2018-ը կսկսենք ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի մուտքով դրամատիկական թատրոն»,-եզրափակեց Տիգրան Վիրաբյանը:
Աննա Բաբաջանյան