Սևանի «Միրաժ» հանգստյան գոտում տեղի ունեցած սպանությունները բացահայտված են. հոր սպանության վրեժը լուծած որդիների մեղադրանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարվա հուլիսի 30-ին Սեւանի «Միրաժ» հանգստյան գոտում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված գործի նախաքննությունն ավարտվել է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործը ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Վահագն Մելիքյանին:

Ինչպես հայտնի է՝ վերոնշյալ հանգստյան գոտում վերը նշված օրը Սեւան քաղաքի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանը վիճել էր Արգավանդ համայնքի բնակիչների հետ, ինչի արդյունքում Աշոտ Հովհաննիսյանը մահացու վնասվածքներ էր ստացել: Ավելի ուշ սպանվածի որդին՝ Էդգար Հովհաննիսյանը, իմանալով հոր հետ կատարվածի մասին, որոշել էր վրեժխնդիր լինել եւ Երեւան-Սեւան ճանապարհին սպանել է հոր հետ վիճած Դավիթ Առաքելյանին: 36-ամյա Էդգար Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հատկանիշներով, եւ նա կալանավորվել էր:

Հիշեցնենք` Սևանում ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ կողմերը փորձել են հաշտության եզրեր գտնել:

Մեղադրական եզրակացությունը հետևյալ ձևակերպում ունի:

Էդգար Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Սևանա լճի «Միրաժ» կոչվող հանգստյալ գոտու հարակից տարածքում հանգստացող Դ. Առաքելյանի և Ա.Հովհաննիսյանի միջև ծագած վիճաբանության, քաշքշուկի և ծեծկռտուքի ընթացքում հանկարծակի ուշագնաց լինելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված սուր կորոնար անբավարարության, աթերսկլերոզի, կորոնարոկարդիոսկլերոզի և հետինֆակտային խոշոր օջախային կարդիսկլերոզի հետևանքով մահացած Ա. Հովհաննիսյանի մահվան մեջ մեղադրելով Դ. Առաքելյանին, վրեժխնդիր լինելու նպատակով, հայտնաբերել և իրեն պատկանող որսորդական հրազենով կրակել է Դ. Առաքելյանի գլխի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է։

Մամիկոն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Սևանա լճի «Միրաժ» կոչվող հանգստյալ գոտու հարակից տարածքում հանգստացող Դ. Առաքելյանի և Ա.Հովհաննիսյանի միջև ծագած վիճաբանության հանգամանքներին պարզաբանումներ տալու նպատակով վիճաբանելով է Դ. Առաքելյանի հետ` բազմաթիվ անգամ ձեռքերով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։

Բացի այդ, տեղեկանալով հոր՝ Ա. Հովհաննիսյանի մահվան մասին և ենթադրելով, որ վերջինս մահացել է, Դ. Առաքելյանի հետ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով, վրեժխնդիր լինելու նպատակով, հայտնաբերել և բռունցքներով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Դ. Առաքելյանի մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։




Լրահոս