«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում «Մաքդոնալդս» արագ սննդի խոշորագույն ցանցի հնարավոր բացման մասին է խոսվում: Թեև լուրերը պաշտոնապես հերքվում են, ժամանակ առ ժամանակ այն կրկին շրջանառվում է: Այս առումով բացառություն չէ նաև 2018 թվականը: Հունվարից նորից շրջանառվում է արագ սննդի բացման հնարավորությունը: Իսկ օրեր առաջ վրացի գործարար Թեմուր Չկոնիան Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» հաղորդաշարին տեղեկացրել է, որ բացումն արդեն ծրագրված է:
Այդուհանդերձ, պաշտոնապես այս լուրը չի հաստատվում:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից «Փաստ»–ը փորձեց ճշտել՝ ընկերության հետ այս փուլում ի՞նչ բանակցություններ են ընթանում:
Ի պատասխան՝ նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը նշեց. «Քանի որ նախորդ տարի կրկին նման շշուկներ էին բարձրացել ԶԼՄ–ների կողմից, նախարարության ներդրումային վարչությունը կապ էր հաստատել «Մաքդոնալդս»–ի հետ: Մենք պատասխան էինք ստացել, որ առաջիկայում ՀՀ–ում արագ սննդի իրենց ցանցը բացելու ծրագրեր չունեն»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: