Երեւանի քաղաքապետարանը արդեն սկսել է քաղաքի ծառերի գարնանային էտը: Այս օրերին երեւանյան մայթերին` հիմնականում շենքերի հարեւանությամբ եւ այգիների մոտ, նկատվում են ծառերի էտած, թափված ճյուղեր: Մի կողմից քաղաքապետարանը խրախուսում է տարածքը մաքուր պահել, աղբը չթափել, իսկ մյուս կողմից իրենք են աղտոտում ու չեն հավաքում: Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց նման իրավիճակ. Նոր Նորքի 3-րդ զանգվածում ծառեր էին էտվել, իսկ էտված ճյուղերը թափված մնացել էին` աղտոտելով տարածքը` այդպես անհարմարություն պատճառելով անցորդներին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը ընթացիկ տարվա բյուջեով ծառերի ճյուղերի էտման համար նախատեսել է քաղաքային բյուջեից ծախսել 19 մլն 996 հազար 410 դրամ: Պատկերացնում եք` երկու տասնյակ միլիոն դրամ միայն էտման համար: Բայց միայն էտման, իսկ դրանց հավաքելու համար կամ էտելուց հետո տարածքը մաքրելու համար փող չկա: