Լուսանկարն արվել է Տերյան փողոցում
Երեկ Տերյան փողոցում տեղի ունեցավ աշխարհի ամենաերկար գաթան համտեսելու գործընթացը: Ներկայացվել է 4000 սմ երկարության եւ 40 սմ լայնությամբ աշխարհի ամենաերկար գաթան: Գաթայի պատրաստման համար մոտավորապես 30 հոգի է աշխատել: Գաթան առաջին անգամ է պատրաստվել նման եղանակով` զանազան չրերի տեսականիով:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` բժշկական կոնկրետ ո՞ր ծառայություններն են բնակչության բոլոր խմբերի համար մատուցվում անվճար եւ արտոնյալ պայմաններով:
Սիրանույշ Մանուկյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մանուկյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ բնակչության բոլոր խմբերի համար անվճար եւ արտոնյալ պայմաններով մատուցվում են հետեւյալ ծառայությունները.
ամբուլատոր-պոլիկլինիկական օղակ, շտապ օգնության ծառայություններ, անհետաձգելի բուժօգնություն, հոգեբուժություն, տուբերկուլոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինֆեկցիոն այլ հիվանդություններ, մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնություն, ուռուցքաբանություն, վերակենդանացման միջոցառումներ: (Հիմք` «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք 1996թ.):
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արտակարգ իրավիճակներում տուժած մարդիկ բժշկական օգնություն եւ սպասարկում են ստանում անվճար` պետության կողմից երաշխավորված կարգով: Նշենք նաեւ, որ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդն իրավունք ունի անվճար ստանալ պետության կողմից երաշխավորված կարգով բժշկական օգնություն եւ սպասարկում, բուժվել այդ նպատակի համար նախատեսված հատուկ մասնագիտացված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններում:
ՀԱՐՑ. Մարտի 15-ին լրանում է երեխայիս 2 տարեկանը: Ես գտնվում եմ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում եւ ամսական ստանում եմ 18.000 դրամ: Խնդրում եմ ասեք` արդյո՞ք ես ապրիլին նույնպես ստանալու եմ 18.000 դրամ: Ուզում եմ իմանալ, ո՞ր ամիսն է հաշվարկվելու որպես վերջին վճարվող ամիս:
Լիաննա Պողոսյան (29 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լիաննա Պողոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի` խնամքի նպաստը նշանակվում եւ վճարվում է մինչեւ երեխայի երկու տարին լրանալը, բայց ոչ ավելի, քան խնամքի արձակուրդն ավարտվելը կամ օրենքով սահմանված` խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը:
Օրենքի 28.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է երեխայի երկու տարեկանը լրանալու դեպքում: Այս հիմքով խնամքի նպաստ ստանալու իրավունքը, համաձայն նույն հոդվածի 2-րդ մասի, դադարում է համապատասխան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից:
Ելնելով վերոգրյալից` եթե Լ. Պողոսյանի երեխայի երկու տարեկանը լրանում է մարտի 15-ին, ապա նրա խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է ապրիլի 1-ից, այսինքն` խնամքի նպաստ ստանալու վերջին ամիսը մարտն է:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ երեխայի խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է` 1) երեխայի 2 տարեկանը լրանալու; 2) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն տեղավորելու; 3) ծնողի աշխատելու, բացառությամբ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանքներ կատարելու; 4) ծնողի` աշխատանքից ազատվելու; 5) երեխայի եւ ծնողի` ՀՀ-ից 6 ամիս եւ ավելի ժամկետով բացակայելու; 6) երեխայի կամ խնամքի արձակուրդում գտնվող դիմողի մահվան դեպքերում: