«ՊԵՏԱԿԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԲՌՈՒՆՑՔԸ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը մի շարք հումորային սերիալներից, նախկին «32», «Վիտամին» ակումբներից հայտնի դերասանուհի Զառա Սահակյանն է:

-Զառա՛, վերջին շրջանում էկրաններին չեք երեւում, պասիվացրե՞լ եք Ձեր գործունեությունը, թե՞ դա սխալ տպավորություն է:
-Այո՛, այդպես է, եւ դրա համար մի քանի պատճառ կա: Նախ՝ մեր ոլորտում թացը չորից, որակյալն անորակից չի տարբերվում: Եկել են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ եւ նկարահանվում են մասնագետների հետ, այդպիսով մեր պրոֆեսիան կորցնում է իր իմաստը: Եթերում ով ինչ ուզում՝ անում է, եւ ոչ մի սահմանափակում չկա: Նաեւ այդ պատճառով էլ փոքրիկ դադար եմ վերցրել, որպեսզի մտածեմ, թե ինչ կարելի է անել՝ քմահաճ հեռուստադիտողին եւ առաջին հերթին ինձ դուր գալու համար: Ինձ համար աբսուրդ է, երբ կարդում եմ հայտարարություններ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Գեղարվեստական ֆիլմի համար պահանջվում են աղջիկներ եւ տղաներ»: Չեմ զարմանա, եթե վաղը վիրահատություններ կատարելու համար էլ պարզապես պահանջվեն տղաներ եւ աղջիկներ: Իսկ եթե դու հրաժարվում ես այս իրավիճակում գործել, քո փոխարեն ուրիշ մարդկանց են բերում: Էկրաններից բացակայելու մյուս պատճառն էլ այն է, որ զբաղվում եմ որդուս հետ, որն առաջին դասարանում է սովորում: Ես չեմ կարող երեխայիս «բարդել» տատիկների վրա եւ ասել՝ ինձ եթերն է կանչում: Այս ընթացքում, ի դեպ, հասցրել եմ մերժել հրավերներ մի քանի նախագծերից եւ շատ գոհ եմ. թող տեղս զիջեմ մի քանի «շենքի աղջիկների», մինչեւ գա լիդեր, մշակույթի գործիչ, ում խոսքն ազեցիկ կլինի, եւ ով կկարողանա իրավիճակ փոխել:
-Զառա՛, մենք միշտ տեսել ենք Ձեզ կատակերգական դերերում, ինչո՞ւ:
-Ես կուզեի հումորի ոլորտից դուրս էլ ինչ-որ բան անել, այլապես լճանում եմ, դոփում տեղում: Սիթքոմում նկարահանվեցի, ունեցա դերեր, լավ, հետո՞: Ես ունեմ կրթություն եւ կցանկանայի ինձ ուրիշ՝ դրամատիկ դերերում էլ փորձել: Ցավոք, նման առաջարկներ չեն եղել. դերասանները պիտակավորվել են ապրանքի նման: Այնինչ` ռեժիսորը պետք է փորձի աշխատել դերասանի հետ, բացել նրան, ցույց տալ նոր ռակուրսից:
-Ստեղծված իրավիճակից ո՞վ պետք է ելք առաջարկի, ըստ Ձեզ:
-Իմ ասած նեգատիվ երեւույթների պատճառը պետական անմիջական բռունցքի բացակայությունն է: Եթե պետությունը որոշի, որ այսպես կամ այնպես պետք է լինի, ոչ ոք չի կարող շեղվել այդ ուղուց: Եթե պետությունը արժեքներ սահմանի, հասարակությունն էլ այդ արժեքի կողմը կձգտի, մեզնից էլ նույնը կպահանջվի: Եթե հեռուստատեսություններում կանոնակարգ սահմանվի, ամեն ինչ իր տեղը կընկնի:
-Շատերին է հետաքրքրում՝ նախկին «Վիտամին» ակումբի տղաների հետ կապը պահո՞ւմ եք:
-Դե, «Վիտամինի» տղաներն էլ միասին չեն աշխատում: Ես առայժմ մտածում եմ՝ որտեղ կարելի է ճիշտ դրսեւորվել: Փառքացավով, ռեյտինգացավով չեմ տառապում: Գիտակցաբար կտրել եմ ինձ միջավայրից, որ ամեն ինչ գա, իր տեղն ընկնի: Այս շրջանում, երբ չեմ աշխատում, տղաների հետ կապն էլ է կորչում: Այդ կապը գործից, օրվա ռիթմից է կախված: Նախկին մտերմությունը չկա, որովհետեւ ամեն մեկս խեղդված ենք մեր հոգսերով:
-Զառա՛, մի փոքր էլ Ձեր ընտանեկան կյանքից պատմեք: Ինչո՞վ է զբաղվում Ձեր ամուսինը, պրոդյուսերությա՞մբ, ինչպես նախկինում:
-Այո՛, ամուսինս պրոդյուսեր է, եւ ես շատ ուրախ եմ, որ նա անում է իր սիրելի գործը, որին նվիրվում է մաքսիմալ: Նա համագործակցում է դերասան Հովհաննես Դավթյանի հետ: Ես, ինչպես նշեցի, որդուս եմ խնամում, զուգահեռաբար գլխումս ծագում են մանկական ներկայացման մտքեր: Կարճ ասած՝ ինձ մոտ հիմա մտքեր հավաքելու շրջան է: Ես սիրում եմ նաեւ օրերով մնալ տանը, ինձ համար ինձ հետ շատ հետաքրքիր է: Երբեմն ամուսինս զարմանում է, որ այսքան ինքնամփոփ եմ, տնակյաց, բայց հավատացեք՝ ես գիտեմ՝ ինչով ինքս ինձ լցնեմ:
-Եվ վերջում՝ Ձեր խոսքը՝ Ձեր երկրպագուներին:
-Շնորհակալ եմ նրանցից յուրաքանչյուրին, կոչումներից, մեդալներից ու ամեն ինչից վեր է նրանց սերն ու ժպիտը: Ցանկանում եմ, որ բոլորս իրար հանդեպ սիրով լցվենք:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՀԱՂԹԵՑ «ՌՈՔՈՏ» «ՌՈՄԵՈ ԵՎ ՋՈՒԼԻԵՏԸ»

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:

Մրցանակաբաշխության շրջանակում «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուսինե Երնջակյանի «Ռոմեո եւ Ջուլիետ» նորարարական մոտեցումներով բեմադրված ներկայացումը: Լուսինեն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը սիրո մասին է, իսկ սիրո թեման հավերժ է. «Իմ բեմադրությունը ռիթմ եւ էներգետիկա հաղորդեց այս պիեսին, այն դարձավ երիտասարդական, մի քիչ էլ՝ «ռոքոտ»: Բայց մենք չենք ստեղծել միայն ֆորմա, այդ ֆորման համահունչ է ներկայացման բովանդակության հետ: Հանդիսատեսն ընկալել է այդ սինթեզը: Ես դա հասկացա, երբ հանդիսատեսի դեմքին նկատեցի արցունք: 21-րդ դարում բեմադրել «Ռոմեո եւ Ջուլիետ», որի բովանդակությունը բոլորին ծանոթ է, եւ դեռ կարողանալ հուզել, կարծում եմ, որոշակի նվաճում է»:
Մեր հարցին, թե երիտասարդական ներկայացում ունենալու համար ժամանակակից տեխնիկայով զինված լինելու հանգամանքն արդյո՞ք պարտադիր չէ, բեմադրիչը պատասխանեց. «Պարտադիր չէ, բայց ցանկալի է, որովհետեւ մենք համացանցի միջոցով ստանում ենք ինֆորմացիայի ահռելի հոսք եւ դրա պայմաններում դեռ պետք է կարողանանք հանդիսատեսի աչքը շոյել»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ մրցանակներն արվեստի մարդու, կոնկրետ Լուսինեի կյանքում ինչ տեղ ունեն. «Կստեմ, եթե ասեմ, որ դրանք իմ կյանքում մեծ տեղ ունեն, բայց կստեմ նաեւ, եթե ասեմ, որ բոլորովին անտարբեր եմ մրցանակների նկատմամբ: Մրցանակը հաճելի բան է, այն ստիպում է աշխատել ավելի լավ, հատկապես երիտասարդների համար այն շատ ոգեւորիչ է: Բայց ինձ համար, ամեն դեպքում, ամենամեծ գնահատականը լեփ-լեցուն դահլիճներն ու հանդիսատեսի շնորհակալական հայացքներն են»,-եզրափակեց Լուսինեն:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել հայտնի բանաստեղծ Արմեն Շեկոյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ: Ս. Սարգսյանն ասել է, որ Արմեն Շեկոյանը հայ գրականության ինքնատիպ ներկայացուցիչներից է, որի ստեղծագործությունները հագեցած են ժամանակի շնչով եւ բացահայտում են ժամանակակիցների հույզերն ու ներաշխարհը: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը եւս շնորհավորում է մեր ժամանակների տաղանդավոր բանաստեղծին` Արմեն Շեկոյանին` մաղթելով նրան ստեղծագործական նորանոր վերելքներ:

 

 

ԿԱՊԵԼՈՆ ՀԵՌԱՑՎԵԼ Է
Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն հեռացվել է չինական «Ցզյանսու Սունին» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից: 71-ամյա մարզիչը 2017 թվականի ամռանն էր գլխավորել չինական ակումբը, որը 2 պարտություն է կրել Չինաստանի առաջնության մեկնարկային 3 տուրերում: Ավելի վաղ նշվում էր, որ Կապելոն կոնֆլիկտ ունի «Ցզյանսու Սունինի» ղեկավարության հետ: Հավելենք, որ նա կշարունակի համագործակցել չինական ակումբի հետ եւ կկատարի խորհրդականի աշխատանք: Հիշեցնենք, որ մարզչական կարիերայի ընթացքում Կապելոն գլխավորել է «Միլան»-ը, «Ռոմա»-ն, «Յուվենտուս»-ը, Մադրիդի «Ռեալ»-ը եւ Ռուսաստանի ու Անգլիայի ազգային հավաքականները:

 

 

ԳՈԼՖՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է
Ֆուտբոլի Ուելսի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռայան Գիգզն ազգային թիմի խաղացողներին արգելել է ազատ ժամանակ կատարել ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ աշխատանք: Արգելված զբաղմունքների ցուցակում է նաեւ գոլֆը: Սա առաջին հերթին հավանաբար վերաբերել է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլին: Ուելսի հավաքականի առաջատարը գոլֆի սիրահար է եւ նույնիսկ գոլֆի դաշտ է կառուցել իր առանձնատան տարածքում: Ռայան Գիգզը կարծում է, որ դա վտանգ է սպառնում խաղացողի առողջությանը:

 

 

ԱՐՈՆՅԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՏԵՂՈՒՄ
Նախօրեի ուշ երեկոյան ավարտվել է շախմատի հավակնորդների մրցաշարը: Գրոսմայստեր, շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն այս մրցաշարում հանդես եկավ չափազանց վատ. նա 14 տուրերի արդյունքում վաստակեց ընդամենը 4.5 միավոր` զբաղեցնելով վերջին հորիզոնականը: Սա վերջին տարիներին Արոնյանի ամենավատ արդյունքն է:
Հավակնորդների մրցաշարի հաղթողը ազգությամբ իտալացի, ԱՄՆ ներկայացնող Ֆաբիանո Կարուանան է եղել. նա վաստակել է 9 միավոր` ընդ որում, վերջին տուրում հաղթելով Ալեքսանդր Գրիշչուկին: Այժմ Կարուանան իրավունք է ստացել նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:




Լրահոս