Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու մասին: Վերջինս պատրաստվում է այդ հարցով բանակցություններ սկսել քաղաքական որոշ ուժերի հետ: Կողմ քվեարկելով կառավարության ծրագրին` խորհրդարանական ուժերը, ըստ երեւույթին, իրենց համաձայնությունը տվեցին վարչապետի առաջարկին: Սակայն արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետների հետ կապված հարցում քաղաքական ուժերը կարծես համաձայնության չեն գալիս: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ ուրիշ հարցերի մասին զրուցեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հետ:
-Պարո՛ն Մելքումյան, Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները սպասելի՞ էին «ԲՀԿ» խմբակցության համար:
-Բնակաբանար, ձայները ակնկալվածից քիչ են եղել: Այնուամենայնիվ, Երեւանի բնակիչների կեսից ավելին չմասնակցեց ընտրության: Ընտրությունները դիտարկվեցին վերելակների, աղբահանության եւ էլի ուրիշ խնդիրների լուծման ճանապարհ: Սա լիակատար քաղաքական ընտրություն չէր:
-Տեսակետ կա, որ նախկինում ԲՀԿ-ն կաշառք բաժանելու միջոցով է միշտ բարձր արդյունքներ ունեցել, իսկ այս ընտրություններին կաշառք բաժանելու հնարավորություն չի ունեցել դրա համար էլ քիչ ձայն հավաքեց: Ի՞նչ կասեք այս մասին:
-Այդպիսի բաներ ասողները սխալվում են: Եթե նման բան լիներ, գոնե մի քանի ապացույցներ կլինեին: Ինչ ասես` չեն գրում: Հերքում եմ նման լուրերը:
-«ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտատարեց, որ ԲՀԿ-ն երբեք չի տարանջատել Ռոբերտ Քոչարյանից: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
– Մերկապարանոց հայտարարություններ անելով չի: Պարոն Աղազարյանը չարաչար սխալվում է: Ես «ԲՀԿ»-ի հիմնադիրներից մեկն եմ եւ այսքան տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսել մեր կողքին: Ո՛չ իր ուղարկած մարդկանց եմ տեսել, ո՛չ էլ հեռագիր կամ նամակ ենք ստացել իր կողմից: Մի քիչ տարողունակ հարցեր տվեք, որոնք կհետաքրքրեն մարդկանց: Ո՞ւմ է հետաքրքրում` ինչ է ասել Հովիկ Աղազարյանը:
-Այսօրվա ԱԺ-ն արտացոլո՞ւմ է ժողովրդի կամքը:
-Իհարկե, ոչ: Աժ-ն չի արտացոլում ժողովրդի կամքն ու տրամադրությունները: Որեւէ մեկը չի կարող հակառակը պնդել:
-ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա՞:
-Այո: Մենք ոչ միայն կարծում ենք, որ կա, կառավարության ծրագրին կողմ ենք քվեարկել: Այդ ծրագրում հստակ գրված էր, որ մեկ տարում պետք է անցկացնել ընտրությունները: Դրա լեգիտիմությունը շատ բարձր է:
-Այնուամենայնիվ, դե՞մ եք, որ ընտրությունները այս տարի կայանան:
-Դա էլ նոր երեւույթ է: Ծրագրում այս տարի անցկացնելու մասին ոչինչ գրված չէ: Ժամկետը մեխանիկորեն չի որոշվում. Դա բովանդակություն ունի: Նախ մենք պայմանավորվել ենք, որ նոր ընտրությունների համար պետք է լինեն խաղի նոր կանոններ: Մենք պետք է ունենաք նոր, փոփոխված ընտրական օրենսգիրք, որտեղից պետք է դուրս գա այդ արատավոր ռեյտինգային համակարգը: Պիտի անցնենք 100 տոկոսանոց համամասնական մաքուր ընտրահամակարգի եւ պետք է ունենալ մատնահետքերի ֆիքսման, վերահսկողության համընդհանուր մեխանիզմ: Բացի այդ` երբ խաղի նոր կանոններ են սահմանվում, քաղաքական ուժերը պետք է ադապտացման շրջան ունենան: Ուժերին պետք է որոշակի ժամանակահատված, որ իրենց ռեսուրսները, իրենց կառույցները, ծրագրային մոտեցումները հարմարեցնեն այդ նոր կանոններին: Քաղաքական ուժերի հիմնական մասը ընտրությունների անցկացման կարգի եւ ժամկետների մասին պետք է ունենան որոշակի կոնսենսուս:
-Մտավախություն կա՞, որ եթե այս տարի կայանան ընտրությունները, ԲՀԿ-ն քիչ թվով մանդատներ կունենա ԱԺ-ում:
-ԲՀԿ-ն նման մտավախություն չունի: Մենք ավանագիում երկրորդ տեղում ենք: Ինչո՞ւ պիտի վախենանք:
-Ի՞նչ ճանապարհով եք պատկերացնում ԱԺ-ի արձակումը:
-Ինչ ձեւով էլ որ լինի, պետք է լինի գործող սահմանադրության եւ օրենքների շրջանակներում: Ես հակված եմ այն տարբերակին, որ քաղաքական ուժերը պայմանավորվածություն ձեռք բերեն, եւ դա տեղի ունենա կոնսենսուսի միջոցով:
-Երեւանի ավագանու ընտրությունների քարոզաշավի լարված ընթացքը ԲՀԿ-ի եւ «Իմ քայլը» դաշինքի միջեւ իր հետքը կթողնի՞ հետագա քաղաքական հարաբերությունների վրա:
-Այն, որ Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ եւ հասցեին ֆեյսբուքում կեղտոտ հարվածներ, հայհոյանքներ, այլանդակ բառեր եղան, դա փաստ է: Պետությունը պետք է ամեն ինչ անի, որ այդպիսի բաներ էլ չկրկնվեն: Մենք պիտի այդ հարցերը եւս լուծենք արտահերթ ընտրությունների գնալուց առաջ:
-Հետագա համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք իշխող կառավարության հետ:
-Դա ցույց կտան ԱԺ ընտրությունների ընթացքը եւ արդյունքները:
Լուսինե Մինասյան