Ինչպես հայտնի է, հունիսի 15-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով դատավճիռը: Ասել է թե` Վճռաբեկ դատարանը առաջին ատյանի դատարանի եւ ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն անհիմն է համարել եւ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի գործն ուղարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննություն իրականացնելու համար:
Անցել է 3 ամիս, բայց որոշումը դեռեւս չի ուղարկվել առաջին ատյանի դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պատճառը Վճռաբեկ դատարանում տիրող իրավիճակն է: Այնտեղ տեխնիկական խնդիրներ ունեն եւ արդեն երեք ամիս է, ինչ չեն կարողանում մեկ վճիռ ուղարկել առաջին ատյանի դատարան:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում)) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման:
Այս գործով որպես մեղադրյալներ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը: