Հայտնի է «Արարատ 2»-ի դարպասապահի սպանության պատճառը. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Լեփսիուսի փողոցում նախօրեին հնչած կրակոցներից: Հիշեցնենք, որ կրակոցների հետեւանքով սպանվել էր «Արարատ 2» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Մուշեղ Ղեւոնդյանը:

Այսպիսով, «Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Մուշեղ Ղեւոնդյանը եւ եւս մի քանի այլ տղաներ գնացել են ռեստորան քեֆ անելու. գինովցել են: Հետո Մուշեղ Ղեւոնդյանի եւ իր ընկերներից մեկի միջեւ խոսակցություն է սկսվել կարմիր բաճկոնի շուրջ:

Ի դեպ, կարմիր բաճկոնը հագած է եղել հենց Մուշեղ Ղեւոնդյանը: Ու դարպասապահին դուր չի եկել կամիր բաճկոնի շուրջ խոսակցությունը, դուր չի եկել, երբ ընկերը փորձել է ծաղրել իրեն: Մեզ հայտնի դարձավ, որ այդ անձնավորությունը նախկինում ազատազրկման է դատապարտված եղել, բայց հետո համաներմամբ ազատ է արձակվել: Ղեւոնդյանն անպատասխան չի թողել խոսքերը:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` նա ընկերոջը պատասխանել է. «Դու որ բերդում նստած էիր, քո բերդի խցակիցները կարմիր կուրտկա չէի՞ն հագնում»:

Այսպիսով, երկու գինովցած ընկերների միջեւ կարմիր բաճկոնի թեման այն աստիճան է թեժանում, որ Մուշեղ Ղեւոնդյանի եւ նրա մյուս ընկերների միջեւ թեժ վիճաբանություն է սկսվում, որից հետո հնչում են կրակոցներ:

Կրակոցներից հետո տղաները, տեսնելով, որ Մուշեղը եւ եւս մեկ այլ երիտասարդ լուրջ վնասվածք են ստացել, նրանց հիվանդանոց հասցնելու փոխարեն նստում են մեքենաները եւ գնում են ամայի տարածք, որպեսզի որեւէ մեկը չտեսնի, թե ինչ է կատարվել: Նրանք սկսում են սեփական ուժերով իրենց ընկերներին օգնություն ցույց տալ, սակայն տեսնելով, որ Մուշեղ Ղեւոնդյանի եւ մյուս երիտասարդների վիճակը գնալով վատանում է` որոշում են նրանց մեկ այլ մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Հիվանդանոցի ճանապարհին էլ Մուշեղ Ղեւոնդյանը մահանում է:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Քնար Մանուկյան




Լրահոս