ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Վերջին շրջանում, ցավոք, նման տեսարանների հաճախ ենք ականատես լինում: Սա փաստում է այն, որ աղբահանության հարցն այդպես էլ լուծում չի ստանում:

 

 

 

ՀԱՐՑ. Ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձն ինչպե՞ս է հաշվարկվում:

Բելլա Գեւորգյան (34 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Բ. Գեւորգյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից, որը չի կարող գերազանցել նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկը:

 

 

ՀԱՐՑ. Մանկուց 1-ին կարգի հաշմանդամ եմ, ստանում եմ ընդամենը 24.000 դրամ թոշակ: Ստացվում է, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած Կառավարության որոշումը, որի համաձայն նվազագույն թոշակը 25.000 դրամ է կազմում, ինձ վրա չի ազդել. ես շարունակում եմ ստանալ 24.000 դրամ: Խնդրում եմ հստակ հաշվարկել եւ պատասխանել, թե որքան պետք է լինի իմ թոշակի գումարի չափը: Խնդրում եմ օրենքներ մեջ չբերել, այլ հստակ հաշվարկել եւ կոնկրետ չափը ներկայացնել:

Վարշամ Հակոբյան (ք. Երեւան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի մարտի 28-ի ՀՕ-7-Ն ՀՀ օրենքով սահմանվել է նվազագույն կենսաթոշակի չափ, որը սահմանելու իրավասությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը:
ՀՀ կառավարության համապատասխան որոշումը պաշտոնապես հրապարակվելուց (ուժի մեջ մտնելուց) հետո կսահմանվի նվազագույն կենսաթոշակի չափ` 25.500 դրամ: 25.500 դրամից ցածր կենսաթոշակները կվերահաշվարկվեն եւ կվճարվեն 2019 թվականի հունվարի 1-ից:
Վարշամ Հակոբյանին նշանակված 1-ին խմբի հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի չափը կկազմի 31.900 դրամ (25.500 դրամ + 1-ին խմբի հաշմանդամի կենսաթոշակին տրվող 6400 դրամ հավելում), եւ նրա կենսաթոշակի նոր չափի` 31.900 դրամի հետ նրան կվճարվի նաեւ 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ստացած կենսաթոշակի գումարի (24.400 դրամի) եւ 31.900 դրամի տարբերությունը` 30000 դրամը ((31.900-24.400) x 4 ամիս):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նախագահ Արմեն Սարգսյանն այդ օրենքը ստորագրել է ապրիլի 3-ին, եւ արդեն այն ուժի մեջ է մտել:
Մնում է` մեզ դիմած քաղաքացին հետեւողական լինի` ստանալու համար 2019թ. հունվարից ապրիլ ամսվա թոշակի գումարը:




Լրահոս