Հունիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունից նյութեր էին ուղարկվել ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի վերաբերյալ:
Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 եւ 181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն է ստացվել Երեւանում գործողՍՊԸ-ներից մեկի տնօրեն Հ. Ստեփանյանի դիմումն այն մասին, որ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, չի ընդունել թարգմանչական ծառայություններ մատուցելու`իր ղեկավարած ՍՊԸ-ի այս տարվա մայիսին ներկայացրած հայտը:
ArmLur.am-ը ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հետաքրքրվել էր`ինչ հաղորդման մասին է խոսքը, ով է դիմողը:
Ի պատասխան` հայտնել էին, որ Կարեն Փոլադյանն ինքն է ԲԴԽ-ին ուղարկված նամակին ընթացք տվել եւ անձամբ է նյութերը ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Եվ, ահա, երեք ամիս անց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները քննել են այդ դիմումը եւ ուսումնասիրելով ընկերության ներկայացրած պնդումները` եկել են այն եզրակացության, որ նման բան չի եղել, եւ կարճել են այն:
Սակայն այսքանով այս պատմությունը չի ավարտվել: ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը իրավապահներին հասցեգրված իր դիմումում նշել էր. «Եթե համապատասխան գործողությունների արդյունքում կհերքվեն հիշյալ գրության մեջ նշված հանգամանքները, ապա գրության հեղինակի կողմից կեղծ տեղեկատվություն տրամադրած լինելուհիմքով խնդրում եմ Ձեր հանձնարարությունը համապատասխան անձանց նկատմամբ հարուցել քրեական հետապնդում սուտ մատնություն կատարելու համար»:
Եվ, ահա, իրավապահները, Դատական դեպարտամնետի ղեկավարի այս դիմումը հիմք ընդունելով, սուտ մատնության հատկանիշներով հարուցել են քրեական գործ, որը «Ժողովուրդ» օրաթերթին հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Ի դեպ, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննության չեն հրավիրել:
Քնար Մանուկյան