Նախկին իշխանությունների օրոք պաշտոն զբաղեցրած անձանցից մեղադրանք առաջադրվեց նաև ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանին:
Մեղադրանքի համաձայն՝ Վիգեն Սարգսյանը չարաշահել է պաշտոնական լիազորությունները:
Մասնավորապես՝ քրեական գործով հիմնավորվել է, որ Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման օրոք զինծառայողներին հասանելիք բնակարանների բաշխումը տեղի է ունեցել խախտումներով, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել ՀՀ ՊՆ համակարգի մշտական բնակմակերեսի կարիքավոր զինծառայողների իրավունքներին, վերջիններիս և պետության օրինական շահերին:
Նախաքննությունն իրականացնելու է Հատուկ քննչական ծառայությունը, սակայն պաշտոնապես չի նշվել, թե ինչ խափանման միջոց է ընտրվել Վիգեն Սարգսյանի համար:
Այդուհանդերձ, հարկ է նկատել, որ Վիգեն Սարգսյանը Հայաստանի տարածքում չէ: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ներկա պահին նա ԱՄՆ-ում է, որտեղ և բնակվում և ապրում է:
Եվ հարց է առաջանում՝ ինչպես է նա մասնակցելու քննչական գործողություններին, և, առհասարակ, ինչպես է հաջողվելու նրան Հայաստան վերադարձնել՝ հաշվի առնելով տխուր պրակտիկան, երբ որպես մեղադրյալ ներգրավված անձինք, պարզվում է, հասցրել են հեռանալ և չվերադառնալ:
Շատ հեռու անցյալ չգնալով՝ բավական է հիշել Միհրան Պողոսյանի և Միքայել Հարությունյանի օրինակները: Վերջինս ընդհանրապես հայրենիք կարող է և չվերադառնալ՝ Ռուսաստանի բարի կամքի դրսևորմամբ:
Եվ մնում է միայն կռահել, թե ինչպիսին կլինի Վիգեն Սարգսյանի մասով հարուցված քրգործի ընթացքը: