«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ բավական թեժ է անցել, եւ պատգամավորների մի մասը բացահայտ ընդդիմացել եւ վիճել է նախարարի հետ: Նախ նշենք, որ հանդիպման հիմնական թեման եղել է «Կանանց դեմ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի» ԵԽ կոնվենցիայի կամ, այսպես ասած, Ստամբուլյան կոնվենցիան, եւ հանդիպումը նախաձեռնվել էր, որպեսզի արդարադատության նախարարը հանգամանալից ներկայացնի դրա դրույթներն ու պատասխանի հարցերին: Գաղտնիք չէ, որ այդ կոնվենցիայի վավերացման գործընթացի հետ կապված իշխանական բուրգում լուրջ ճաքեր են առաջացել։ Եվ դրանք առաջին հերթին ակնհայտ են հենց ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցությունում, որն էլ, ըստ էության, կոնվենցիայի գլխավոր վավերացնողը պետք է լինի, եթե նախագիծը հասնի խորհրդարան:
Սակայն նկատենք, որ խմբակցության ներսում այս հարցի վերաբերյալ հակասական կարծիքներ եւ բացահայտ բախումներ են առկա պատգամավորների միջեւ: Եվ այն ջանքերը, որոնք ներկայումս ներդնում է արդարադատության նախարար Ռուսամ Բադասյանը կամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, այսպես ասած, «սորոսական» թեեւը մյուս պատգամավորներին համոզելու եւ խմբակցությունում կոնսենսուս ապահովելու նպատակով, որպեսզի կոնվենցիայի շուրջ հնարավորինս միասնական մոտեցում լինի, ձախողման վտանգի տակ են։ Եվ պատգամավորների մի թեւը չի էլ թաքցնում, որ դեմ է նախագծին, եւ որոշել են` կա՛մ չեն մասնակցելու քվեարկությանը, կա՛մ ուղղակի դեմ են քվեարկելու, ինչը վտանգի տակ կդնի կոնվենցիայի անցկացումը:
Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ նախարարի հետ հանդիպման ժամանակ պատգամավորների այդ հատվածը բացահայտ կերպով հայտնել է իր անհամաձայնությունը Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների շուրջ: Եվ որքան էլ նախարարը փորձել է բացատրել, ներկայացնել դա այլ կերպ` ասելով, որ այն չի պաշտպանում, այսպես կոչված, ԼԳԲՏ-ների շահերը, սակայն պատգամավորների «տղայական» թեւն անդրդվելի է մնացել, եւ նույնիսկ հորդորել են նախարարին հանել դա օրակարգից: Մեր տեղեկություններով` խմբակցության «սորոսական» հատվածը, որոնք ակտիվ այս ընթացքում քարոզում էին իրավունքների հետ կապված հարցեր, երեկ եւս փորձել է նախարարի հետ լծվել իրենց գործընկերներին համոզելու գործին: Սակայն, ըստ էության, խմբակցության մի թեւը, որոնք հիմնական մարզերից ընտրված վարկանիշային պատգամավորներն են, միաձայն դեմ են արտահայտվել կոնվենցիային` ընգդծելով, որ իրենց ընտրողներին չեն կարող համոզել ընդունել դա, եւ վերջիններս էլ հանդիպումներում պատգամավորներին հորդորել են հանել այդ օրակարգը:
Մենք տեղեկացանք, որ պատգամավորների մի մասը դա կեղծ օրակարգ է համարել, այս պահին Հայաստանի համար ոչ ընդունելի եւ նպատակահարմար եւ բացահայտ ասել, որ խորհրդարան բերվելու դեպքում իրենք դեմ են քվեարկելու: Նկատենք, որ եղել են նաեւ պատգամավորներ, որոնք նյարդայնացել են եւ մինչեւ վերջ չեն էլ մնացել հանդիպմանը: Մենք տեղեկացանք, որ կտրուկ դեմ արտահայտվող պատգամավորներից են եղել Արմեն Խաչատրյանը, Տիգրան Ուլիխանյանը, Տիգրան Կարապետյանը, Մաթեւոս Ասատրյանը…, այսպես ասած` մարզային թեեւը: Ըստ էության, նրանց համար նույնիսկ միեւնույնն է եղել, թե նախարարը ինչպես կներկայացնի եւ ինչպես կմեկնաբանի կոնվենցիայի դրույթները, եւ նրանք, ինչպես նաեւ մի քանի այլ պատգամավորներ, հանդիպումից հետո մնացել են իրենց կարծիքին: Այլ կերպ ասած, նախարարը չի կարողացել համոզել խմբակցության այդ հատվածին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը չհերքեց, որ ինքը դեմ է կոնվենցիայի ընդունմանը, եւ երեկ տեղի ունեցած հանդիպմանը դա կեղծ օրակարգ է համարել: Պատգամավորը նաեւ ընդգծեց, որ կոնվենցիայի` խորհրդարան բերվելու դեպքում ինքը հավանաբար դեմ կքվեարկի: «Դա կեղծ օրակարգ է, ես կարծում եմ` չի լինելու նման բան: Ես իմ դիրքորոշումն արդեն ունեմ», -նշեց Ասատրյանը: Մեր դիտարկմանը` նախարարը երեկ փորձել է արդյոք համոզել իրեն եւ մյուս պատգամավորներին, Ասատրյանը նկատեց. «Նախարարը ներկայացնում էր իրավիճակը, նա չէր փորձում համոզել, եւ, առհասարակ, համոզելու կարիք չկա, որովհետեւ ամեն մարդ արդեն իր կարծիքն ու դիրքորոշումն ունի: Նախարարը միայն ներկայացրել է այն, ինչ մենք արդեն կարդացել ենք»:
Երեկ արդեն լրագրողների հետ զրույցում նաեւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւս չթաքցրեց, որ այս հարցի վերաբերյալ խմբակցությունում տարակարծություն է առկա: Հետաքրքիր է, որ խմբակցության փակ նիստին մասնակցել են նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որոնք վերջինների թվում դուրս եկան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակից: Ամեն դեպքում, երեկ ներկաները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ, եւ, մեր տեղեկություններով, չի բացառվում, որ մի ընթացք կոնվենցիայի շուրջ զարգացումներ չլինեն: Ինչպես հայտնի է, պետք է կոնվենցիան ուղարկվի Սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը որոշելու համար, ապա ուղարկվի խորհրդարան: Իշխանությունները նպատակ ունեին դա անել ԱԺ աշնանային նստաշրջանին, եւ արդեն հոկտեմբերին էլ պատրաստ կլինի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Սակայն չի բացառվում, որ կոնվենցիայի հարցով զարգացումներն ավելի դանդաղ ընթանան նախագծի շուրջ աժիոտաժը մեղմելու համար: Ամեն դեպքում, մեկ բան հստակ է. կոնվենցիայի` խորհրդարան գալու դեպքում խմբակցության ներսում իրավիճակն ավելի կթեժանա, եւ բախումներն անխուսափելի կլինեն:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՃՈՒՐԴՆ ԷԼ ԿՓԱԿՎԻ
Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու: ԱՄՆ-ից Հայաստան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` օգոստոսի 20-ից նրանց անձնական էջերը կփակվեն, այսինքն` չեն կարողանա մասնակցել ամերիկյան աճուրդներին: Բանն այն է` ամերիկյան աճուրդների առաջարկներն ավելի հետաքրքիր են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ձեռքբերել մեքենան անհամեմատ ավելի մատչելի գներով: Ինչպես հայտնի է, ավելի քան մեկ շաբաթ է` ավտոմեքենա ներկրողների համար ճապոնական աճուրդներն են փակված: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ներմուծողների մեծ մասի (որոնք մի քանի տարի է, ինչ օգտվել են ճապոնական աճուրդներից) անձնական էջերը (դրանցով նրանք մասնակցում են աճուրդներին) օրեր առաջ փակվել են: Միայն հատուկենտ ընկերություններ կան, որոնց դեռ հաջողվում է մասնակցել այդ աճուրդներին, այն էլ հայտնի չէ, թե մինչեւ երբ: Ըստ փորձագետների` ստեղծված իրավիճակի պատճառը 2020 թվականի հունվարի 1-ից նոր մեքենաների մաքսատուրքի նախատեսվող թանկացումն է: Եւ ճապոնական աճուրդների դիլլերներն իրենց հերթին չեն խոստանում, որ կարող են հինգ-վեց ամսվա ընթացքում մեքենան տեղափոխել Հայաստան, կարող է չհասցնեն մինչեւ Նոր տարի:
ՄՈՐ ԹԱՂՈՒՄՆ ՈՒ ԿԱԼԱՆԱՎՈՐԻ ՓԱԽՈՒՍՏԸ
Մարտին Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, իր մոր հուղարկավորության եւ հոգեհանգստի արարողությանը մասնակցելու նպատակով, դատարանի որոշմամբ, 2019թ. հունիսի 20-ին` ժամը 09:00-ից մինչեւ 22:00-ն ընկած ժամանակահատվածում, ստացել է կարճաժամկետ մեկնում, տեղափոխվել է «Գոռ» սգո սրահ` հիմնարկի համապատասխան աշխատակիցների հսկողությամբ: Այդ ընթացքում` ժամը 15:46-ի սահմաններում, նստելով Ռ. Բալայանի «Մերսեդես» մակնիշի 35 NA 696 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, փորձել է փախուսի դիմել` վնասելով ինչպես ավտոմեքենան, այնպես է սրահի մուտքի դարպասը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ այն կանխվել է:
ՀԱՆՈՒՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
Կաթողիկոսի մասին անվայել արտահայտություններ անող անձը հայտնվել է դատարանում: Համբարձում Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2018 թվականի հոկտեմբերի 22-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի խաչմերուկում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին անվայել արտահայտություններ անելու պատճառով վիճաբանել է Արտաշատ քաղաքի բնակիչ Հակոբ Հակոբյանի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ձեռքերով հարվածել է Հակոբ Հակոբյանին եւ նրա առողջությանը պատճառել ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
ՀԱԿԱՍՈՒՄ Է
Մենք իսկապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ, որի հետեւանքով սպանվել է հայ զինծառայող: Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք իսկապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ, որի հետեւանքով սպանվել է հայ զինծառայող: Երկու կողմերից վիրավորներ կան: Լարվածության աճը հակասում է հրադադարի ռեժիմի պահպանման վերջին պայմանավորվածություններին եւ քաղաքական միջոցներով կարգավորման հասնելու հայտարարված մտադրություններին: Մենք ելնում ենք այն բանից, որ հետագա էսկալացիան անթույլատրելի է, եւ հակամարտության մասնակիցներին կոչ ենք անում զսպվածություն դրսեւորել, հրաժարվել ուժի կիրառումից ու միջոցներ ձեռնարկել` ուղղված իրադրության կայունացմանը: Իսկ ինչ վերաբերում է համանախագահներին, կարծում եմ, որ ավելի լավ է ուղղակիորեն նրանց դիմել»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
ՊԵՏՔ Է ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ
Ղազախստանի արդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Ամանիյազ Երժանովը կառավարության միջանցքներում հայտնել է, թե ինչու Հայաստան բերված ամերիկյան ավտոմեքենաները ղազախստանցիների շրջանում այդքան մեծ տարածվածություն ունեն: «Մենք մեր տեղեկատվական խողովակներով տեղյակ ենք, որ ԱՄՆ-ից Հայաստան է բերվել շուրջ 60 հազար մեքենա: Դրանք ձեռք բերելու համար մեր քաղաքացիները Հայաստանում ժամանակավոր կեցություն են ստանում, այդ մեքենաները գնում արդեն որպես Հայաստանի քաղաքացիներ, այսինքն` առանց լրացուցիչ մաքսատուրքերի վճարման, եւ բերում Ղազախստան ու հայկական համարանիշերով արդեն մեզ մոտ վարում»,- ասել է Ա. Երժանովը: «Չենք պայքարելու… Եթե բնակչությունը ցանկանում է նման մեքենաներ գնել, ապա պետք չէ պայքարել, հակառակը` պետք է այնպես անել, որ դա օրինական լինի եւ նրա համար, որպեզի վաղը մեր քաղաքացիները օրենքի առաջ իրավապահ մարմինների հետ խնդիրներ չունենան: Պետք չէ մեքենաներ գնել Հայաստանում` ժամանակավոր հաշվառման կանգնելով, տարանցիկ համարներով ներկրել մեր երկիր, ավելի լավ է բերել, գրանցել եւ օրինական վարել»,- եզրափակել է Երժանովը: