«Պանիկայի առիթ չկա». Հայկ Չոբանյանը՝ սահմանային իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ:

«Սահմանամերձ գյուղերում այս պահին վիճակը շատ նորմալ է: Երկու օր առաջ ունեցել ենք վիրավոր, և հակառակորդի ակտիվությունը որոշակի առումով պարբերաբար բնույթ է կրում: Այս պահին արտառոց ոչինչ չկա»,-ասաց Տավուշի մարզպետը:

Հայկ Չոբանյանի խոսքով՝ բարեբախտաբար վերջին մեկ-երկու տարիներին սահմանամերձ գյուղերի վրա կրակոցները բավականին նվազել են:

«Սա որևէ պանիկայի առիթ չէ, մենք բնականոն հունով ապրում և աշխատում ենք, այս պահին էլ պատրաստվում ենք գարնան գյուղատնտեսական աշխատանքներին»,-հավելեց մարզպետը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս