Ինչպես արդեն հայտնել ենք՝ փետրվարի 18-ին Վարդենիսի քաղաքի բնակարաններից մեկից գողություն էր կատարվել:
Ուշագրավն այն է, որ նույն բնակարանից գողության արդեն երկրորդ դեպքն էր մեկ տարվա ընթացքում, առաջին դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 17-ին:
Գողության հետքերով ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել Վարդենիս քաղաքի թալանված բնակարանի տանտիրուհի Սառա Թովմասյանը, վերջինս դժգոհում է իրավապահների անգործությունից:
«Ոստիկաններն առաջին օրն են եկել միայն, դեպքից հետո մի քանի անգամ ամուսնուս են կանչել հարցաքննության: Անցած առաջին գողության ժամանակ տեսել էին, թե ով է գողություն կատարողը, հանցագործությունը բացահայտվեց, իսկ այս անգամ տեսնող չի եղել: Ես չգիտեմ ինչ մտածեմ արդեն, ո՞նց կարելի է մեկ տարվա մեջ երկու անգամ գողութուն կատարել: Ես անձամբ սթրեսի մեջ եմ, չեմ կարողանում քնել, տանը մենակ մնալ»,-պատմեց մեր զրուցակիցը:
Ավելի վաղ ArmLur.am-ի հետ զրույցում թալանված բնակարանի սեփականատեր Ստեփան Թովմասյան հայտնել էր, որ հանցագործները տանից գողացել են միայն սեյֆը , որի մեջ եղել էր գումար, խմիչքներ և ոսկյա իրեր:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նույն բնակարանից գողության առաջին դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 17-ին:
Հանցագործության մեջ մեղադրվող Կարապետյան Վալերիի հարազատները պնդում էին, որ նա որևէ առնչություն չունի դեպքի հետ:
Լիդա Եղիազարյան