Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական քննությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի պաշտպանը` Լիպարիտ Սիմոնյանը, միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու մասին, որպեսզի կարողանան իմանալ` նա պետք է կալանավայրում անցնի իր բուժումը, թե՝ հիվանդանոցում:
Նշենք, որ միջնորդությունը մերժվել էր, ինչի կապակցությամբ այսօրվա նիստին պաշտպանը հայտարարեց, որ Աբրահամյանը յուրաքանչյուր կես ժամը մեկ ընդմիջում չի խնդրում դեղորայքն ընդունելու համար, այլ գաղտնի է դա անում:
Այդուհանդերձ, նախագահողը ևս մեկ անգամ նշեց, որ դատարանն արդեն որոշումը կայացրել է:
Մեղադրող կողմը հայտարարեց, որ չորս ամբաստանյալներին` Վազգեն Խաչիկյանին, Աշոտ Աբրահամյանին, Հովհաննես Գրիգորյանին և Վահագն Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Մեղադրողի ներկայացրած բացատրության համաձայն` դատաքննության ընթացքում պարզ է դարձել, որ ըստ նոր հանրագումարի` ամբաստանյալների կողմից յուրացվել է ոչ թե 260 մլն 956 հազ 681 ՀՀ դրամ, այլ` 267 մլն 266 հազար 819 ՀՀ դրամ:
Պաշտպանների կողմից նոր մեղադրանքին ծանոթանալու նպատակով ողջամիտ ժամկետների նշանակման համար դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց օգոստոսի 28-ին: Ի դեպ, նախքան դատական նիստի հետաձգումը պաշտպանական կողմը ներկայացրեց ամբաստանյալներին բնութագրող փաստաթղթեր, որոնց թվում էր նաև Վազգեն Խաչիկյանինը:
Վերջինիս բնութագրիչ հայտարարությունն ամենակարճատևն էր՝ մյուս ամբաստանյալների համեմատ:
Պաշտպան Ժորա Վարոսյանի հրապարակած բնութագիրը ներկայացրել է Ախթալայի քաղաքապետը, ով Վազգեն Խաչիկյանի ավագ եղբայրն է: Խաչիկյանը պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» շքանշանով:
Նիստի վերջում նախագահողը հարցին` անհրաժեշտ է արդյոք նախորդ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահության ժամանակ հարցաքննված վկաներին ևս մեկ անգամ հարցաքննել, բոլորը, բացի պաշտպան Արա Զաքարյանից, բացասական պատասխան տվեցին: Ըստ Արա Զաքարյանի` նոր դատավորը պետք է կրկին լսի բոլոր վկաների ցուցմունքները:
Դատարանը հարցը կքննարկի խորհրդակցական սենյակում:
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3 մասի 1, 2 կետերով (յուրացումը` խոշոր չափերով), 178 հոդվածի 3 մասի 1 կետով (խոշոր չափերով խարդախություն) և 314 հոդվածով (պաշտոնատար անձի անփությունը, որը վնասել է գործին):