Գործընթացը սկսվել է վաղուց․ Ալեն Սիմոնյանը՝ Ծառուկյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև կուսակցության տարբեր գրասենյակներում և գործիչների առանձնատներում խուզարկությունները շարունակվում են։ Դրա հետ մեկտեղ արդեն համացանցում, ՔՊ-ականների կողմից շրջանառվոււմ է մի փաստաթուղթ, որը կապված է 2017 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ։ Այդ փաստաթղթում մանրամասն ներկայացված է, թե որքան գումար է ծախսվել թիվ 8-րդ ընտրատարածքում և ինչի համար։

Այն իր էջում տարածել էր նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և մեզ հետ զրույցում նշել, թե փաստաթուղթը տեսել է համացանցում՝ Անհերքելի փաստեր ֆեյսբուքյան էջում։

-Պարոն Սիմոնյան, ԲՀԿ-ականներն այսօր վաղ առավոտից տեղի ունեցածը քաղաքական հետապնդում են համարում։ Ինչպե՞ս կարձագանքեք։

-Ինչպես կարող է քաղաքական հետապնդում լինել, եթե խոսքը գնում է հանցագործության մասին և դրա մասին արդեն կան մեկնաբանություններ։ Նաև համացանցում տարածվել է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համար նախատեսված ծախսերի ցուցակը, որտեղ կան նաև ընտրակաշառքի մասին տեղեկություններ, ձայների հարաբերակցության մասին տվյալներ։ Մենք պետք է ընգծենք, որ այս գործընթացը սկսվել է շատ վաղուց և ԲՀԿ-ականների հայտարարությունները արվել են այս ամենը իմանալով, որպեսզի քաղաքական հետապնդման մասին հնարավոր լիներ խոսել։

-Այսինքն, Դուք կարծում եք, որ մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները կապ ունե՞ն այսօր տեղի ունեցածի հետ։

-Ձեր ասածն ամենաճիշտ մեկնաբանությունն է։ Իմ տեսածը համընկնում է Ձեր ասածի հետ։ Նա, ամենայն հավանականությամբ, իմանալով, որ նման բան է տեղի ունենալու, սկսեց քաղաքական ակտիվ գործունեության իմիտացիա, որպեսզի նման հայտարարություններ անեն։ Խոսքը միայն իր մասին չէ, այլ նաև Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի։

զրուցեց Սոնա Գրիգորյանը

 




Լրահոս