ՊԵՏՔ Է ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԵՆ ԵՎ ՀԱՄՈԶԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն ֆրանսիական Le Figaro օրաթերթի հետ զրույցում։ Նախօրեին ամերիկյան դիվանագիտության ղեկավարը ֆրանսիական մայրաքաղաքում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել նախագահ Էմանյուել Մակրոնի եւ արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:

 

«Միացյալ Նահանգները Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ հանդիսանում են Մինսկի խմբի համանախագահներ, որի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումն է։ Հենց այդ շրջանակներում պետք է կարգավորվի իրավիճակը», – Le Figaro-ի հետ զրույցում շեշտել է Փոմփեոն: Պետքարտուղարը հատուկ ընդգծել է՝ Վաշինգտոնը մտահոգված է Թուրքիայի ռազմական ներուժի աճի կապակցությամբ։

«Նախագահ Էմանյուել Մակրոնը եւ ես համակարծիք ենք, որ Թուրքիայի վերջին գործողություններն ագրեսիվ էին», – ասել է պետքարտուղարը՝ մատնացույց անելով ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին, ինչպես նաեւ Անկարայի ռազմական գործողությունները Լիբիայում եւ Միջերկրական ծովում։

«Եվրոպան եւ Միացյալ Նահանգները պետք է համատեղ աշխատեն՝ համոզելու Էրդողանին, որ նման քայլերը չեն բխում իր ժողովրդի շահերից», – ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Փարիզում ֆրանսիական իշխանությունների հետ քննարկումների մասին հավելյալ մանրամասներ են պատմել ամերիկյան Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները։ Լրագրողների հետ հարցուպատասխանի սղագրությունը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում։

Աղբյուրի համաձայն՝ Փոմփեոն Մակրոնի եւ Լը Դրիանի հետ մանրակրկիտ քննարկումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներ Փարիզն ու Վաշինգտոնը Մոսկվայից ավելի շատ հստակություն են ակնկալում Ղարաբաղում հաստատված հրադադարի եւ պայմանավորվածությունների, ինչպես նաեւ այդ գործընթացում Անկարայի դերակատարության վերաբերյալ։

Հիշեցնենք, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդական առաքելության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից երկուսը՝ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան չեն մասնակցել փաստաթղթի շուրջ քննարկումներին: Անցած շաբաթ պաշտոնական Փարիզը, ողջունելով հակամարտության գոտում կրակը դադարեցնելու մասին որոշումը, անդրադարձել էր Փաշինյան-Ալիեւ-Պուտին պայմանավորվածության տեքստում տեղ չգտած կետերին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ՝ պնդելով, որ այդ հարցի շուրջ կողմերի միջեւ քննարկումները պետք է անհապաղ վերսկսվեն։

«Որպես Մինսկի խմբի համանախագահներ՝ նրանք համակարծիք են, շարունակում են հանձնառու լինել իրենց միջնորդական առաքելությանը։ Նրանք նաեւ ընդունում են, որ Ռուսաստանի գործողությունների շնորհիվ հաստատվել է հրադադար, որն արդեն պահպանվում է մեկ շաբաթ, բայց նաեւ ակնկալում են, որ Ռուսաստանը հստակեցնի բազմաթիվ հարցեր՝ ինչպես համաձայնության չափանիշների, այնպես էլ թուրքերի դերակատարության հետ կապված», – պատմել է ամերիկյան Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը՝ հավելելով, որ Փոմփեոն եւ Լը Դրիանը քննարկել են Թուրքիայի մտահոգիչ գործողությունները։

Պետքարտուղարը, սակայն, Թուրքիայի մտահոգիչ գործողությունները դաշնակից այդ երկրի բարձրագույն իշխանությունների հետ անձամբ չի քննարկի:

Երեկ Ստամբուլ ժամանած Փոմփեոն որեւէ հանդիպում չի ունենա ո՛չ նախագահ Էրդողանի, ո՛չ էլ արտգործնախարար Չավուշօղլուի հետ։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ դաշնակիցներ Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւառկա տարաձայնությունների ֆոնին Էրդողանը ժամանակ չի գտել հանդիպելու Թրամփի վարչակազմում իր վերջին արտասահմանյան ուղեւորության շրջանակում Թուրքիա այցելած ԱՄՆ պետքարտուղարի հետ։

Ն.Հ.

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱ

Ես չեմ հետեւի իմ գործընկերոջ՝ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի օրինակին եւ հրաժարական չեմ տա. այս մասին երեկ՝ 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ նա հայտարարեց, որ կմնա հավատարիմ իր երդմանը: «Ես մտադիր եմ բարեխղճորեն կատարել իմ պարտավորությունները»,-նշել է Ջանջուղազյանը:

 

 

ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ

ՀՀ ոստիկանությունը դիմել է սթափության եւ օրինապահության կոչով. «Հորդորում ենք զերծ մնալ բռնության ցանկացած դրսեւորումից, չդիմել ու չտրվել սադրանքների, բացառել հակաիրավական գործողությունները, պահպանել օրենքի պահանջներն ու համակեցության կանոնները: Դիմում ենք բոլորին, քանզի երկիրը բոլորինս է, եւ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է կայունության ապահովումը: Ոստիկանության գերխնդիրը հասարակական կարգի պահպանումն է, բոլոր քաղաքացիների օրինապահության եւ անվտանգության ապահովումը: Այդ գերխնդիրն իրականացվելու է օրենքով մեզ վերապահված լիազորությունների ողջ ծավալով: Բոլոր նրանք, որոնք կդիմեն հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, որոնք իրենց վեր կդասեն օրենքից ու հասարակությունից, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության»:

 

 

 

ԱՆՎՃԱՐ ԿՈՄՈՒՆԱԼՆԵՐ

Արցախի բնակչության համար մեկ տարի ժամկետով անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հետպատերազմյան սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները: Նա նշել է, որ ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում կառավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել բնակչության սոցիալական բեռը թեթեւացնելու եւ կյանքի բնականոն ռիթմը հնարավորինս արագ վերականգնելու համար: Նախագահի խոսքով՝ առաջին փուլում կգործեն սոցիալական մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ մեկ տարի ժամկետով բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր եւ այլն) եւ կապի ծառայությունները (բջջային եւ ֆիքսված կապ, համացանց)՝ ողջամիտ ծավալների սահմանափակմամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ աշխարհազորին հատկացվելիք ֆինանսական աջակցությանը եւ սոցիալական այլ ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

 

 

 

ԱԶԱՏՎԵԼ ԵՆ

Անվտանգության խորհրդի գրասենյակի վարչության պետ Աշխեն Բեգլարյանն ազատվել է աշխատանքից. այդ մասին տեղեկացրել է Բեգլարյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շավարշ Քոչարյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»:

 

 

 

ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ բնակիչների մի մասն այս օրերին անհանգստացած է. «Բոլորն էլ անհանգստացած են, մանավանդ որ դետալների մասին ոչ մի հստակություն չկա, դրա համար բոլորն էլ անհանգստացած են: Ճիշտն ասած, համայնքային իշխանություններն այդքան ինֆորմացված չեն: Տարբեր կարծիքներ կան, անհանգիստ են, ինչ-որ նախաձեռնող խումբ կա, որը դեմ է, թույլ չեն տալու, բայց ժողովրդի մեծ մասն ավելի շատ խաղաղության կողմնակից է: Եթե մեր սուվերենությանը դա չի վտանգի, եթե դա է մտնում Արցախի, Հայաստանի անվտանգության պայմանների մեջ, իհարկե մենք պետք է համակերպվենք: Դա միայն Մեղրիի համայնքի խնդիր չէ, դա Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության խնդիր է: Դիցուք, եթե դա կապվում է Լաչինի միջանցքի գոյության հետ, ապա, կներեք, դա կապրիզով չէ, որ մենք չենք ուզում: Եթե դա պայման է, որ Հայաստանը Արցախի հետ ցամաքային կապ ունենա, դա ամբողջ հանրապետությունով պետք է քննարկվի»: Քաղաքապետի խոսքերով՝ Իրանի հետ ընդհանրապես Հայաստանի կապն ամբողջությամբ պետք է պաշտպանվի: «Խոսքը գնում է Նախիջեւան, Զանգելան տրանսպորտային միջանցք, ելք թույլատրելու մասին: Իմ անձնական կարծիքով՝ եթե Հայաստանը Իրանի հետ կապը կտրի, դա ոչ միայն Մեղրիի, արդեն ամբողջ հանրապետությունը որպես սուվերեն պետություն գոյատեւելու… դա Հայաստանի վերջը կլինի, բայց չկա այդպիսի բան, դա անհարկի շահարկում են: Ամեն մեկն իր կարեւորությունը զգացնել տալու համար նստում եւ վերլուծություններ է անում: Ռուսական սահմանապահ զորքերը պետք է դրա անվտանգությունը ապահովեն»,- ներկայացրեց քաղաքապետը:

 

 

ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է

Արցախից Հայաստան է տեղափոխվել 3 191 գլուխ կենդանի, որոնց տեղաշարժը հստակ արձանագրված է: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխանցմամբ՝  Արցախից Հայաստան կենդանիների եւ մսեղիքի տեղափոխումը վերահսկվում է: Պատկան մարմիններն իրականացնում են միջոցառումներ՝ անասնահամաճարակային իրավիճակը, ռազմական գործողությունների գոտուց Հայաստան տեղափոխվող կենդանիների, ինչպես նաեւ մսեղիքի տեղաշարժը վերահսկելու եւ բնակչությանը կենդանիներից փոխանցվող հիվանդություններից զերծ պահելու համար: Այս պահին Արցախից Հայաստան է տեղափոխվել 3 191 գլուխ կենդանի, որոնց տեղաշարժը հստակ արձանագրված է: Իրականացվում են տեղափոխված կենդանիների պատվաստման աշխատանքներ:

 




Լրահոս