«ԵՍ ԴԱՎԱՃԱՆ ՉԵՄ, ԵՍ ՀՈՂ ՉԵՄ ՀԱՆՁՆԵԼ». ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ «Արմլուր»-ը զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի, իր խմբակցությունը լքելու կամ մանդատը վայր դնելու մասին: Մեր հարցին, թե Հովսեփյանին ընդդիմությունը համարում է դավաճան եւ հող հանձնող, հայտարարեց, որ ինքը ամեն ինչ արել է մեկ գրամ հողի համար, ու անարդարացի է նման հայտարարություններ անելը:

 

-Տիկի՛ն Հովսեփյան, ընդդիմությունը խորհրդարանում հայտարարում էր, որ իր օրակարգում միակ հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, եւ դրանից ավել հարց չի քննարկելու: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ հայտարարեց, որ պետք է վարչապետը հրաժարական ներկայացնի, եւ հայտարարվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իշխանությունն այս պահին ինչի՞ է սպասում:

-Ես չեմ կարող իշխանության ընդհանուր անունից խոսել: Ես սպասում եմ երկրում կայունության եւ գործուն քայլերի, որոնցով երկիրը հեռու կպահենք ցնցումներից ու կկարողանանք կենտրոնանալ առաջացած բոլոր խնդիրների եւ մի շարք հարցերի կարգավորմամբ:

-Սպասումն ավելի չի՞ խորացնում այն ճգնաճամը, որը ստեղծվել է երկրում:

-Կարծում եմ սպասել ասվածը մի փոքր չափազանցված է, որովհետեւ այնուամենայնիվ գործում են:  Ես ինքս էլ գործում եմ համապատասխան առաջարկներ, քննարկումներ արդեն գործողությունների տանելու: Այո, մենք չունենք ժամանակ մեկ րոպե սպասելու, որովհետեւ սպասելու ժամանակը վաղուց անցած է, թերեւս մեր երկրի նման պետությունները, առհասարակ, սպասելու ժամանակ չեն էլ ունենում: Բայց մենք, չգիտեմ ինչու, միշտ սպասել ենք: Բայց հիմա պետք է սթափվենք, գիտելիքներով,  կարողություններով ու հմտություններով զինվենք եւ երկիրը ճգնաճամից դուրս բերենք:

-Այս պահին ճիշտ համարո՞ւմ եք ՀՀ վարչապետի հրաժարականը:

-ԵՍ չեմ քննարկում այդ հարցը: Ես ճիշտ եմ համարում այն բոլոր եղանակաները, որով երկիրը կարող է իրավիճակից դուրս գալ: Եթե խնդիրը չլինի երկրի կայունացման եւ ճգնաժամից դուրս գալու հարցը, միգուցե այսպես տարբերակներ շատ սեղմ լինեն: Բայց եթե խնդիրը հետպատերազմյան ճգնաժամից, ընդ որում՝ չավարտված պատերազմի իրավիճակներն են, ապա մենք պետք է մեր աչքի առաջ ունենանք այն բոլոր հնարավոր տարբերակները եւ լավագույնը, որը երկրում  անցնցում իրավիճակ կստեղծի, դա էլ կընտրենք:

-Ըստ Ձեզ՝ այս պահին ի՞նչ պետք է անի վարչապետը, ի՞նչ գործուն քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի ընդդիմությունն էլ հասկանա, որ իսկապես քայլեր են ձեռնարկվում երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար:

-Շատ, շատ արագ կառավարության որոշ անդամների փոփոխություն,  դա չի ենթադրում մեկ-երկու ձեւական, այլ լուրջ փոփոխություններ: Առողջ անձանց ներգրավում, որոնք կգան եւ կաջակցեն պետությանը: Այսօր արդեն կոնկրետ գործողությունների են գնացել եւ կատարել են ոլորտային փոփոխություններ:

-Կնշե՞ք մի քանի նախարարի, որոնք պետք է գոնե ինքնակամ հարաժարական ներկայացնեն:

-Չեմ նշելու, բացարձակ: Ես կարծում եմ՝ ամեն նախարար կգնահատի սեփական չարածները, սեփական անկարողությունը, որովհետեւ չեմ բնորոշում, որ միայն ցանկություն չի եղել, այլ նաեւ կարողությունը չի եղել, օբյեկտիվ գնահատական  տա այն ամենին եւ ինքը գնա: Եթե չգնաց, ստիպված կլինենք բարձրաձայն ասելու, իսկ ես երբեք չեմ կաշկանդվում, որովհետեւ այս ամբողջ գործընթացի մեջ գնահատողը ժողովուրդն, իսկ ժողովուրդը շատ դիպուկ գնահատում է ոլորտային բոլոր խնդիրները:

-Ազատության հրապարակում ձեր խմբակցության ներկայացուցիչներին դավաճաններ են անվանում, նաեւ լուսանկարներ են հրապարակում պատգամավորների եւ հայտարարում, որ դուք հողերը հանձնել եք: Դուք Ձեզ հող հանձնող համարո՞ւմ եք:

-Եթե կա մի հայ, որքան ես եմ պայքարում հողի ամեն գրամի համար, ես գլուխ կխոնարհեմ իր առաջ: Ես չեմ համարում ինձ դավաճան եւ հող հանձնող, որովհետեւ այն մարդն եմ, որ էս հողում ավելորդ չի ապրում, այն մարդն եմ, ով այս հողին շնորհակալ եմ ամեն անգամ իր վրա կանգնելու թույլտվություն, հնարավորություն տալու համար:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԳՐԵՍԻՎ ԵՆ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ Եվրոպան պետք է համատեղ աշխատեն Մերձավոր Արեւելքում Թուրքիայի վերջին ամիսների գործողություններին արձագանքելու համար: ԱՄՆ պետքարտուղարն այս մասին ասել է Le Figaro-ին տված հարցազրույցում:

 

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ ես համաձայն ենք, որ Թուրքիայի վերջին գործողություններն ագրեսիվ են եղել»,- ասել է Պոմպեոն՝ հղում անելով ԼՂ հակամարտության հարցում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած աջակցությանը, ինչպես նաեւ Լիբիայում եւ Միջերկրածովյան հարցում այդ երկրի գործողություններին: «Եվրոպան եւ ԱՄՆ-ն պետք է միասին աշխատեն, որպեսզի Էրդողանին համոզեն, որ այդպիսի գործողությունները չեն բխում նրա ժողովրդի շահերից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը: ԱՄՆ պետքարտուղարը նաեւ հավելել է, որ Թուրքիայի կողմից ռազմական ներուժի օգտագործման ակտիվացումը մտահոգություն է առաջացնում:

Ի դեպ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակ չի գտել շփվելու հանրապետություն ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Թե՛ պետքարտուղարը, թե՛ թուրք պաշտոնատար անձինք, այդ թվում՝ արտգործնախարար (Մեւլութ) Չավուշօղլուն եւ նախագահ Էրդողանը, կցանկանային, որ դա ստացվեր։ Արդյունքում չի ստացվել։ Վերջին հաշվով, չի ստացվել, քանի որ նախագահ Էրդողանի ժամանակացույցը փոփոխվել է եւ չի կարողացել տեղավորվել պարամետրերի մեջ, որոնք մենք դրել էինք պետքարտուղարի այցի հիմքում»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։ Նա ընդունել է, որ Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ տարաձայնություններ կան, բայց տեղի ունեցածի պատճառին առնչվող հարցերին պատասխանել է, որ պատճառը թուրք առաջնորդի աշխատանքային ժամանակացույցն էր։ «Չեմ կարծում, որ Թուրքիայի իշխանությունները մերժված լինելու զգացողություն են ունեցել։ Վերջնարդյունքում դա ժամանակացույցի հարց էր։ Ըստ էության, թուրքերը շատ լավ գիտեն, թե ինչպիսին են մեր տեսակետները այն հարցերի շուրջ, որոնցով նրանց հետ տարաձայնություններ ունենք»,-հավելել է դիվանագետը։

Նա հստակեցրել է, որ խոսքը իրադրության տարբեր ընկալման մասին է այնպիսի տարածաշրջաններում, ինչպես Արեւելյան Միջերկրական ծովը, Լիբիան եւ Սիրիան։ Պոմպեոն այցով Ստամբուլ էր ժամանել, որտեղ պետք է հանդիպեր Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդումիղեոսի հետ։ Ընդ որում՝ նրա ժամանակացույցում նախատեսված չէր այցելություն Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերություններում ճգնաժամն առաջացել է Անկարային նորագույն ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումները սկսելուց հետո։ Վաշինգտոնը պահանջել էր գործարքից հրաժարվել։ Միացյալ Նահանգները դրա փոխարեն առաջարկում էր ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրներ։ Հակառակ դեպքում ամերիկացիները սպառնացել էին հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել թուրքերին F-35 նորագույն կործանիչների վաճառքը, ինչպես նաեւ պատժամիջոցներ սահմանել CAATSA-ի համաձայն: Անկարան հրաժարվել էր զիջումների գնալ։

 

 

 

ՍԱՌՆ ԱՐՁԱԳԱՆՔ՝ ԿՈՉԻՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի լույս 16-ի գիշերը   Ֆեյսբուքում հայտարարութուն է տարածել հետեւյալ բովադակությամբ. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում՝ վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։  Ծնունդով Իջեւան քաղաքից Նիկոլ Փաշինյանի կոչին  Տավուշի մարզից  Ֆեյսբուքում քիչ արձագանքողներ եղան։

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի  Խաշթառակ գյուղից սերված Արման Գուլակյանը  Ֆեյսքուքի  «Իջեւան» խմբում, ուր օգտատերերը  մեծամասամբ համերկրացի Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են,  գրառել է.  «Հարգելի՛ սահմանապահ տավուշցիներ,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ գրառումով, որտեղ ասվում է,  որ հպարտ է սահմանին կանգնած զինվորներով, եւ  որ մեզ սպասում է Երեւանում պատերի տակ վնգստացողների հարցերը վերջնականապես լուծելու նպատակով: Այսօր դու ուզո՞ւմ ես, որ քո երեխան վառ գույներով ապագա ունենա,  ապա պետք է կանգնես քո ժողովրդի, քո պետության եւ ինքդ քո կողքին: Այսօր դու ուզում ես, որ կոռուպցիա չլինի՞ ՀՀ-ում, ապա դու պետք է կանգնես քո ժողովրդի, քո պետության եւ  ինքդ քո կողքին: Այսօր դու ուզո՞ւմ ես, որպեսզի պատասխան տան  մեղավորները, ովքեր պատճառ հանդիսացան քո եղբոր, քո հարեւանի, քո բարեկամի, քո ընկերոջ կամ քո տղայի մահվան համար, ապա պետք է կանգնես քո ժողովրդի, քո պետության եւ ինքդ քո կողքին: Խնդրում եմ անտարբերության չմատնել մեր ապագան, մեր երեխաների ապագան կախված է մեզնից յուրաքանչյուրի քայլից: Չպետք է մոռանանք նրանց,  ովքեր ուրացան մեր հերոսների մահերը եւ  սկսեցին ջարդեր, չպետք է մոռանանք, որ նրանք մոռացան մեր վիշտը իրենց աթոռի համար: Ես՝ որպես արդարության ծարավ քաղաքացի, սպասում եմ հանրահավաքի կոչին,  հուսամ ես մենակ չեմ եւ  դու նույնպես իմ հետ ես, քեզ նույնպես կտեսնեմ իմ կողքին»։

Այդ գրառմանն արձագանքել է  Իջեւան քաղաքի բնակիչ,  ՀՅԴ Աժ խմբացության նախկին անդամ Սուրեն  Մանուկյանը, ով գրառման տակ Արման Գուլակայնին հարցրել է  նրա հեռախոսահամարը, որպեսզի նրանից պարզաբանումներ ստանա  նրա գրածի վերաբերյալ: Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստ Սուրեն Անանյանը ֆեյսբուքյան  իր էջում տեղադրել է Ն. Փաշինյանի այդ հայտարարությունը, որին հավանողները շատ չեն, դրա ներքո մեկնաբանողների  մի մասը բացասական է վերաբերվում  Փաշինյանի կոչին՝ ասելով, որ դա քաղաքացական պատերազմ հրահրելու կոչ է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս