«Թքած ունեմ ձեր կարծիքի վրա». ցուցմունքներից մեկում քննիչին ասել է Պերմյակովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում` 102­ րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Դատարանն այս նիստի ժամանակ շարունակեց լսել Պերմյակովի նախաքննական ցուցմունքները: Ըստ ցուցմունքներից մեկի` նա խնդիր չի ունեցել ռազմաբազայում` ոչ հրամանատարների, ոչ զինվորների հետ, խնդիր չի եղել նաև տանը, բնակության վայրում:

Ծառայության վայրը լքելու միակ պատճառը եղել է կարոտը: Զենքն իր հետ վերցնելով` Պերմյակովը նպատակ է ունեցել հագուստ ու որոշակի գումար ձեռք բերել: Իր մտադրության մասին որևէ մեկին չի տեղեկացրել: Քննիչների այն հարցին, թե Պերմյակովը տեղյա՞կ է Հայաստանի և Ռուսաստանի հեռավորության մասին, Պերմյակովը նշել է, որ տեղյակ է, իսկ հասնել մտադիր էր որևէ բեռնափոխադրամիջոցի օգնությամբ: Այն հարցին, թե Գյուրիում ինչպես է քայլել ինքնաձիգը ձեռքին, Պերմյակովը նշել է, որ այն թաքցրել է ձմեռային բաճկոնի տակ:

«Կարծում էի` կկարողանամ հասնել Չիտա, իսկ այնտեղ ենթադրում էի` ոչ ոք չի գտնի: Ես նպատակ չունեի սպանություն կատարելու, պարզապես ցանկանում էի վախեցնելով քաղաքացիական հագուստ ու որոշակի գումար ձեռք բերել»,­նշել է Պերմյակովը: Այն հարցին, թե ինչո՞ւ է հանցանքը կատարելուց հետո դեպքի վայրում թողել զենքը, սաղավարտը, հագուստը, Պերմյակովը նշել է, որ ծանր էին: Ի դեպ , Վ.Պերմյակովը նաև նշել է, որ մինչև Ավետիսյանների բնակարան մտնելը մոտ հինգ րոպե ուժեղ թակել է դուռը, բայց երբ արձագանք չի եղել, իր մոտ եղած դանակի օգնությամբ պատուհանի ապակին հանել ու ներս է մտել: Քննիչների այն հարցին, թե ինչու այդ արարքից հետո մեղայականով չի ներկայացել, Պերմյակովը նշել է, որ վախեցել է քրեական պատասխանատվությունից:

Պերմյակովը նշել է, որ Ավետիսյանների տան մոտ ինքնաձիգը ձեռքին իրեն մի մարդ է տեսել, բայց ոչինչ չի ասել: Նույնիկ ինքն է զարմացել, որ որևէ բան չի ասել,սակյան մյուս ցուցմունքներում այդ մարդու մասին չի նշել, նմանատիպ հակասական ցուցմունքներ կան նաև տաքսու վարորդի հետ կապված. մի դեպքում` նշել է, որ հեռախոսի միջից գտնելով «Արթուր­տաքսի» գրությունը, զանգել ու ուտելու շաուրմա ու խմելու բան է պատվիրել, բայց մյուս ցուցմունքներում հերքել է: Նմանատիպ հեռախոսազանգ չի եղել նաև հեռախոսի մեջ: Ցուցմունքներից մեկում նաև նշելէ, որ արտաամուսնական մեկ երեխա ունի: Այս փաստը ևս մյուս ցուցմունքներում չի եղել: Հերթական հարցաքննության ժամանակ, երբ քննիչը նշել է, որ Պերմյակովի պատմածն ու վարքը չի համապատասխանում իրականությանը,Պերմյակովը նշել է. «Թքած ունեմ ձեր կարծիքի վրա»: Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-­ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00­-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող­ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել:

Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ­թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102­րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104­րդ հոդվածի 2­րդ մասի 1­ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-­րդ հոդվածի 2­րդ մասի 1­ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12­ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման




Լրահոս