ՓՈՍՏԱՏԱՐԻՆ ԱՆՀԻ՞ՄՆ ԵՆ ԱԶԱՏԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին դիմած 48-ամյա Գրիգոր Հակոբյանը, ով մոտ 30 տարի աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ-ի Երեւանի հ.70 կապի բաժանմունքում որպես փոստատար, արդեն 8 ամիս է, ինչ գործազուրկ է: Նրա խոսքերով՝ իրեն աշխատանքից անհիմն են ազատել:

Գրիգոր Հակոբյանի պատմելով՝ հարազատները թոշակառուի (հարգելի պատճառներով անունը չենք հրապարակում) մահվան փաստը թաքցրել են իրենից, ստացել գումարը, բայց հետո, երբ վերջինս խնդիրների առաջ է կանգնել, վերադարձրել են այն: Դա, սակայն, փոստատար Հակոբյանին չի փրկել գործազրկությունից:
«Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերին. այդ քաղաքացու թոշակն ամեն ամիս իր տուն եմ տարել եւ երբեւէ չեմ մտածել, որ իրենք կարող են ինձ խաբել: Վստահել եմ, բայց պարզվեց` պետք չէր: Թոշակը տուն եմ տարել, բայց ներս չեմ մտել, հենց մուտքի մոտ տվել եմ թոշակառու կնոջ ամուսնուն: Ինքն էլ փաստաթթուղթը տարավ ներս ստորագրեց ու բերեց ինձ տվեց»,- «Ժողովուրդ»-ին պատմեց նախկին փոստատար Գրիգոր Հակոբյանը:
Մեր զրուցակիցը թոշակը բաժանելուց հետո փոստային բաժանմունք է վերադարձել, որտեղ բացահայտել է, որ թոշակառուն մահացել է: «Այո, ես սխալ եմ թույլ տվել, բայց վստահել եմ այդ քաղաքացուն: Չեմ կարծել, որ նա ինձ հետ այս կերպ կվարվի: Իսկ փոստային բաժանմունքի պետը՝ Կարինե Պողոսյանը, կարող էր ինձ նկատողություն տալ, զգուշացում անել կամ տուգանել, բայց ոչ ազատել: Չէ որ ես արդեն երեք տասնյակ տարի է, ինչ նվիրված աշխատել եմ եւ երբեւէ նման պատմության մեջ չեմ ընկել»,- նեղսրտեց Գրիգոր Հակոբյանը: Վերջինիս պատմելով, «Հայփոստ» ՓԲԸ-ի Երեւանի հ. 70 փոստային բաժանմունքի պետ Կարինե Պողոսյանը մշտապես տարաձայնություններ է ունեցել իր հետ:
Իհարկե, սխալմամբ տրված թոշակը անմիջապես բռնագանձվել եւ հետ է վերադարձվել փոստային բաժանմունք: Բայց սա փոստատարին չի ազատել գործազրկությունից: «Ես չեմ կերել այդ գումարը: Կարինե Պողոսյանը ինձ ստիպել է, որ բացատրագիր գրեմ: Ես մոտ 30 տարվա փոստատար եմ, իսկ Կարինե Պողոսյանը երկու տարի է, ինչ աշխատում էր որպես փոստային բաժանմունքի պետ: Ես այնպես եմ աշխատել, որ 3-րդ կարգից տվել են առաջին կարգ՝ բարեխիղճ ու նվիրված աշխատելու համար: Նույնիսկ իմ տարածքի բնակիչներն էլ պատրաստվել են ստորագրություն հավաքել եւ դիմել «Հայփոստ», բայց թույլ չեմ տվել»,- տեղեկացրեց գործազուրկ փոստատարը: Մեր զրուցակիցը նշեց, որ ինքը բազմաթիվ անգամ փորձել է կապ հաստատել բաժանմունքի պետի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրինության հետ: Սակայն ապարդյուն:
«Նամակներ ենք գրել, որոնք 8 ամիս է, ինչ անպատասխան են: Ես պահանջում եմ, որպեսզի ինձ կրկին վերականգնեն իմ նախկին աշխատանքին: Չնայած որ իմ ազատվելուց անմիջապես հետո պարզել եմ, որ աշխատող են ընդունել»,- փոխանցեց Հակոբյանը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց հ.70 փոստային բաժանմունքի հետ: Սակայն պարզվեց, որ Կ. Պողոսյանը ազատվել է աշխատանքից: Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Հայփոստ» ՓԲԸ-ի մամլո խոսնակ Գեւորգ Աբրահամյանի հետ: «Փոստատարը թոշակը պետք է տրամադրի կոնկրետ թոշակառուին՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, իսկ հարազատին տրամադրելու դեպքում վերջինս պետք է պարտադիր ներկայացնի լիազորագիր: Եւ այս կարգին ծանոթ են բոլոր փոստատարները»,- պարզաբանեց Գ. Աբրահամյանը: Նրա խոսքով՝ տվյալ փոստատարը խախտել է աշխատակարգը, համաձայն որի` բոլոր կարգի վճարներն այլ անձի չպետք է վճարել:
Ի դեպ, ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670 -Ն որոշման համաձայն՝ կենսաթոշակ ստացող անձը կենսաթոշակի գումարն ստանալու համար կազմակերպության համապատասխան աշխատողին (տվյալ դեպքում՝ «Հայփոստ»-ի փոստատարին) պետք է ներկայացնի իր անձը հաստատող փաստաթուղթը: Կազմակերպության համապատասխան աշխատողը պարտավոր է համադրել կենսաթոշակառուի ներկայացրած փաստաթղթի եւ վճարման ցուցակի տվյալները:
Նաեւ՝ կենսաթոշակ վճարելու կարգի 36-րդ կետով սահմանված` կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների կենսաթոշակի գումարը կանխիկ եղանակով վճարված լինելու դեպքում՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման ղեկավարը, շահառուի դիմելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, ծառայության անունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին:
Գրիգոր Հակոբյանի դեպքում հստակ է՝ նա խախտել է կառավարության որոշումը, երբ թոշակառուի գումարը տրամադրել է նրա հարազատներին: Սակայն արդյոք դրա համար պետք էր երեք տասնամյակի աշխատանքի փորձ ունեցող փոստատարին անմիջապես ազատել աշխատանքից, առավել եւս որ նա իր կատարած սխալն անմիջապես պարզել էր, եւ գումարն էլ հետ էր բռնագանձվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԾԱԽՍԵՐՆ ԻՐ ՎՐԱ Է ՎԵՐՑՆՈՒՄ
ՀՀ կառավարության երեկվա նիստի ընթացքում հաստատվեց Հայաստանից դուրս զինծառայողի բուժման, կեցության եւ ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը եւ պայմանները սահմանելու մասին որոշման նախագիծը: Կառավարությունն իր վրա է վերցնում Հայաստանից դուրս զինծառայողների բուժման եւ կեցության ծախսերը:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը՝ նշելով, որ սահմանվում են օտարերկրյա պետությունում զինծառայողին բուժման ուղարկելու գործընթացը, բուժման ճանապարհածախսի եւ կեցության գումարի ձեւավորման ու հատկացման ընթացակարգերը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ առաջարկվել էր՝ պաշտպանության նախարարությունն իր ֆինանսական միջոցների հաշվին իրականացներ ծախսերը, բայց որոշմամբ կառավարությունն այդ ծախսերը վերցնում է իր վրա:




Լրահոս