ՀԱՅՏՆԻՆԵՐԻ` ԵՂԵՌՆԻՑ ՓՐԿՎԱԾ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Եղեռնից անցել է 101 տարի, սակայն մինչ օրս ցեղասպան Թուրքիան չի ընդունում իր կատարած ոճրագործությունը: Դժվար է գտնել որեւէ հայ ընտանիք, որի նախնիների շրջանում չկան ցեղասպանությունը վերապրածներ եւ որն այս կամ այն կերպ չի տուժել այդ ոճիրի հետեւանքով: «Ժողովուրդ»-ը ներկայացնում է Եղեռնից փրկված ու նոր կյանք սկսած մի քանի արվեստագետների նախնիների պատմությունները:

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հովակ Գալոյանի մոր տատը, օրինակ, ցեղասպանության տարիներին Արեւելյան Հայաստան է գաղթել Վանից: Դերասանին բախտ է վիճակվել տեսնել նրան եւ անձամբ Քնարիկ տատից (Վարդանյան) լսել վերջինիս ընտանիքի պատմությունը: «Նրանք 12 երեխա են եղել (ամենամեծը` 12 տարեկան), որոնց աչքի առաջ թուրքը սպանել է իրենց ծնողներին, իսկ փոքրիկները հարեւանների օգնությամբ փախել են ու միացել հայ գաղթականների մի խմբի, ապա հատել Արաքսը: Քնարիկ տատը Երեւանում մանկատանն է մեծացել: Նա պատմում էր, որ ինքը հարուստ ընտանիքից է եղել եւ Վանից փախչելիս իր հետ գրքեր, մի շարք արժեքավոր զարդեր ու այլ իրեր է բերել, որոնք, սակայն, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստիպված է եղել փոխանակել սննդի հետ, որպեսզի կարողանար գոյատեւել: Իմ տեղեկություններով` 12 երեխաներն էլ փրկվել են, սակայն նրանց բաժանել են իրարից եւ տարել տարբեր ուղղություններով` մի մասին` Պարսկաստան, մյուս մասին` Միացյալ Նահանգներ: Հետագայում մենք իմացանք, որ Իրանում դեռ բարեկամներ ունենք, սակայն, ցավոք, այդպես էլ չկարողացանք նրանց հետ կապ հաստատել»,- հիշեց Հ. Գալոյանը:
Իրենց գերդաստանի հուզիչ պատմություններով կիսվեց նաեւ օպերային երգչուհի Լեոնորան (Արեւիկ Գրիգորյան-Թանաշեան), ում մոր ծնողները եղել են Երզնկայից ու Ղարսից եւ Եղեռնի տարիներին փախել են Արեւելյան Հայաստան: «Մորական կողմից տատիկիս հայրը ինը տարեկան է եղել, երբ սկսվել է Եղեռնը: Նրան, մառանում պահելով, փրկել է մի թուրք կին` իրենց հարեւանը: Այդ երեխայի աչքի առաջ մորթել են իր ամբողջ ընտանիքին. փրկվել է միայն մի եղբայրը եւ գեղեցկադեմ քույրը, որին թուրքերը տարել են, եւ որի ճակատագիրն այդպես էլ անհայտ է մնացել: Այդ փրկված տղան հետագայում անդամագրվել է Զորավար Անդրանիկի զորքին, նրա անունը եղել է Հովհաննես, իսկ ազգանունը` Թուռչունյան, որը հետագայում փոխել է` դարձնելով Հովհաննիսյան: Հովհաննեսը պատանի հասակում գնացել է Ռուսաստան, ծանոթացել իր ապագա կնոջ հետ եւ ամուսնացել, իսկ արդեն 40-ականներին նրանք եկել եւ բնակվել են Գյումրիում»,-մանրամասնեց երգչուհին:
Լեոնորայի մոր հորական տատն էլ` Սաթենը, որն այդ տարիներին փախել էր Ղարսից, իր հետ Արեւելյան Հայաստան է բերել Սուրբ Գեւորգի պատկերով ձեռագիր նկարազարդ, որդան կարմիրով գունավորված աղոթքների գիրք: Այն այժմ գտնվում է երգչուհու պապական տանը` Ախուրիկ գյուղում (Գյումրի): «Դա մի հրաշագործ գիրք է. եղել են դեպքեր, որ չբեր կանայք եկել են Ախուրիկ` մեր տուն, աղոթել են մեր սրբին եւ երեխա են ունեցել, հիվանդ մարդիկ` ապաքինվել են, չամուսնացած աղջիկները` պսակադրվել: Իսկ բոլոր նրանք, ովքեր փորձել են տեղաշարժել այդ գիրքը, փորձության մեջ են ընկել: Մորս հորեղբայրն, օրինակ, ուզեցել է այն տանել ու հանձնել եկեղեցուն, սակայն մինչ այդ նրա երազում երեք անգամ հայտնվել է Սուրբ Գեւորգը եւ զգուշացրել, որ նման բան չանի: Իսկ երբ այդ մարդը կրկին փորձել է կատարել իր մտադրությունը, 40 օրով հիվանդացել է, եւ չի ապաքինվել այնքան ժամանակ, մինչեւ որ այդ գիրքը չի վերադարձրել մեր պապական տուն»,-պատմեց երգչուհին:
Ինչպիսին էլ որ լինեն ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների պատմությունները, դրանք վկայում են այն մասին, որ թուրքերն այդպես էլ չհասան հայերիս բնաջնջելու՝ իրենց նպատակին. մենք, պահելով մեր նախնիների հիշատակը, շարունակում ենք ապրել եւ արարել:

 

 

 

 
ՄԱՅՔԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ ՈՐԴՈՒՆ ԿՈՉԵԼ Է ՀՈՐ ՊԱՏՎԻՆ

Ապրիլի 18-ին լույս աշխարհ է եկել երգիչ, դերասան Մայքլ Քոթանջյանի երկրորդ զավակը: Երգիչը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ երեխային կոչել են իր հոր` ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի եւ վերջինիս հոր անունով` Ռաֆայել-Արտյոմ:

«Ինչպես յուրաքանչյուր հայ տղամարդ, ես էլ միշտ երազել եմ, որ իմ սերունդը շարունակող ունենամ եւ իմացել եմ, որ դա մի օր կատարվելու է, Աստված շնորհելու է ինձ այդ պարգեւը: Ինքս ո՛չ քույր ունեմ, ո՛չ եղբայր, ուստի որդուս ծնունդը մեր ընտանիքի ամեն անդամի համար հատկանշական էր: Յուրահատուկ էմոցիաներով երեխայի ծնունդին սպասում էր հայրս, ում համար կրկնակի հուզիչ էր, որ բալիկը կրեց իր անունը»,- պատմեց Մայքլը:
Հիշեցնենք, որ երգչի առաջնեկն աղջիկ է, որն արդեն 3 տարեկան է. «Դուստրս անհամբեր սպասում է, թե երբ է տեսնելու եղբորը»,-նշեց Մայքլը:
Անդրադառնալով առաջիկա գործնական ծրագրերին` երգիչը տեղեկացրեց, որ ապրիլի 30-ին Ռաֆայել Քոթանջյանն ու ինքը հանդես են գալու բենեֆիսային ներկայացում-համերգով, որը ներառում է դերասանի լավագույն մանրապատումներն ու երգչի լավագույն կատարումները: Համերգը նվիրվելու է Մայքլի նորածին որդուն:
Քանի որ երգիչ-դերասանը հաճախ է լինում Միացյալ Նահանգներում, հարցրինք` արդյոք նա այնտեղ մշտական բնակություն հաստատելու, աշխատելու ծրագրեր ունի. «ԱՄՆ-ի հետ կապված միշտ կան ծրագրեր, բայց այնտեղ ապրելու պլաններ չունենք, գնում-գալիս ենք: Երբ կինս հղի էր, մենք Նահանգներում էինք, բայց քանի որ որոշել էինք, որ որդիս պետք է Հայաստանում ծնվի, վերադարձանք հայրենիք: Ինչ վերաբերում է գործնականին, ասեմ, որ փետրվարին Նահանգներում ընդգրկված էի հայ արտիստների մասնակցությամբ հումորային համերգ-ծրագրում, հիմա այդ նախագիծը վերածվելու է նաեւ հեռուստանախագծի, ուստի մտադիր ենք հանդես գալ այդ երկու ֆորմատում»,-նշեց նա:
Մայքլը, խոսելով իր երաժշտական կարիերայից, նշեց, որ թեեւ այս տարին ժամանակային առումով իր համար բավական սուղ է, մտադիր է առաջիկա երկու ամսվա ընթացքում նոր երգ ձայնագրել, ապա, հնարավոր է նաեւ` մտածի տեսահոլովակ նկարահանելու մասին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՄՐՑԱՎԱԶՔ ՄԱՀՎԱՆ ՀԵՏ
The New York Times թերթը հրապարակել է հայ լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի «Վերապրածները» լուսանկարչական նախագիծը, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից ողջ մնացածների մասին։
Լուսանկարներն ուղեկցվում են ցեղասպանությունը վերապրածների անձնական պատմություններով։ «Նազիկ Արմենակյանը վերջին տասնամյակը մահվան հետ հուսահատ մրցավազքի մեջ է անցկացրել,- գրում է թերթը,- նա շրջել է Հայաստանով մեկ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների փնտրելով։ Չնայած նա 45 վերապրածի է գտել, երբեմն հասել է հեռավոր գյուղեր՝ միայն իմանալու, որ մահը նրանից առաջ էր հասել…»:
«Ես շրջվեցի, որ գնամ, բայց հետո կանգնեցի, որովհետեւ հասկացա, որ անգամ մահվան մեջ ես պետք է լուսանկարեմ նրան»,-Արմենակյանի խոսքերը մեջբերում է թերթը:
Պարբերականը հիշեցնում է, որ հայերը պատրաստվում են այս կիրակի ոգեկոչել Ցեղասպանության զոհերի հիշատակը, եւ նշում, որ այժմ լուսանկարչի հերոսներից միայն երկուսն են ողջ:
 

 

ԷԼԻ ԿԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Միջազգային ճանաչում ունեցող The Algorithm եւ Sadist խմբերը հերթական ելույթը կունենան Երեւանում: Համերգները կրկին նախաձեռնել է «Zhesht Events»¬ը: Էլեկտրոնային երաժշտությունը պրոգրեսիվ մետալի եւ ջենտի հետ համադրող ֆրանսիական The Algorithm խումբը առաջին անգամ 2013 թվականի ապրիլին է ելույթ ունեցել Երեւանում: Համերգի կազմակերպիչ Արսեն Հակոբյանը «Արմենպրես»¬ի հետ զրույցում պատմել է, որ վերջերս նամակ է ստացել The Algorithm¬ի մենեջերից. խումբն սկսել է իր շրջագայությունը եւ շատ է ուզում նորից գալ Հայաստան: Համերգը տեղի կունենա ապրիլի 30¬ին, իսկ բացումը կանի հայկական Unaesthetic խումբը:
Իսկ ինչ վերաբերում է իտալական Sadist-ին, կազմակերպիչը նշել է, որ ակնկալում են տեսնել խմբի ելույթը հունիսի երեքին եւ անհամբերությամբ սպասում են 2008 թ. ստացած տպավորությունները վերապրելուն:
Հիշեցնենք, որ իտալական Sadist¬ը միջազգային ճանաչում ունեցող առաջին դեթ մետալ խումբն էր, որ համերգ տվեց Երեւանում 2008 թ.:

 

 

ՊԱՅԹԵՑՐԵԼ Է ՀԱՄԱՑԱՆՑԸ
Հայտնի երգչուհի Ռիհաննան իր Youtube-ի ալիքում ներկայացրել է Needed Me երգի տեսահոլովակը` պայթեցնելով համացանցը: Այն արդեն հասցրել են դիտել ավելի քան 2 միլիոն անգամ: Երգն ընդգրկվել է երգչուհու ութերորդ ստուդիական ալբոմում: Տեսահոլովակը նկարահանվել է Մայամիում հենց այն ժամանակ, երբ երգչուհին իր ալբոմի աջակցության համար կազմակերպված համաշխարհային շրջագայության շրջանակում ժամանել էր այնտեղ:
Ովքեր դեռ չեն դիտել հոլովակը, կարող են ակնկալել գանգստա-սթայլ կրքեր: Ռիհաննան ներկայացել է իր նոր սեքսուալ կերպարով՝ թափանցիկ զգեստով, ձեռքին` ատրճանակ:




Լրահոս