Հարց քաղաքացիներից` ո՞ւր պետք է դիմի քաղաքացին այլ երկրում անձնագիրը կորցնելու դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե այլ պետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կորել է կամ անվավեր ճանաչվել, ապա այդ դեպքում նա ի՞նչ պետք է անի: Ո՞ւր կարող է դիմել՝ նոր անձնագիր ձեռք բերելու համար:

Եպրաքսիա Ամրոյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Ամրոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ այլ պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին անվավեր ճանաչված կամ կորցրած անձնագիրը վերականգնելու համար դիմում է տվյալ երկրում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն:

Եթե տվյալ երկրում չկա Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն, ապա նա կարող է դիմել հարեւան երկրում գտնվող ներկայացուցչությանը:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կորցրած Հայաստանի Հանրապետության անձնագրի փոխարեն նորը ստանալու համար հյուպատոսական հիմնարկ են ներկայացվում հետեւյալ փաստաթղթերը՝
դիմում Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու մասին, 35×45 մմ չափսի 4 գունավոր նույնական լուսանկար, հայտարարություն՝ անձնագիրը կորցնելու մասին, կորցրած անձնագրի լուսապատճենը, ծննդյան վկայականի լուսապատճենը, զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ եւ դրանց՝ զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք, պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը:




Լրահոս