Այսօրվա մեր հումորից բան չեմ հասկանում. Արտյոմ Մարկոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բեռնարդ շոու», «Կախարդական գիշերներ», «Բարեւ, ես եմ» եւ այլ նախագծերից հայտնի դերասան եւ շոումեն Արտյոմ Մարկոսյանը, ում հանդիսատեսը հիշում է նաեւ «7.5» հումորային ներկայացումից, մայիսի վերջին Երեւանի կամերային պետական թատրոնում կներկայանա նոր` «Մեկը վերեւից» անունը կրող ֆիլմ-մոնոներկայացմամբ:

Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ներկայացման ֆորմատը մեզ համար նորություն է, այն մի քանի ժանրերի միքս է. «Միանգամից երեք ժանր ենք միախառնել: Այն, ինչ ստացվել է, երկու տարվա պրպտումների արդյունք է: Հանդիսատեսն էկրանին տեսնելու է ֆիլմ, որին զուգահեռ բեմում հայտնվելու եմ ես` տարբեր կերպարներով: Ներկայացումը մեր կյանքի մասին է, այն արծարծելու է մի շարք թեմաներ, այդ թվում` քաղաքական եւ սոցիալական բնույթի: Սցենարը գրված է հումորի հիմքի վրա, այսինքն` հումորի լեզվով լուրջ թեմաներ են բարձրացվելու»,-մեկնաբանեց Արտյոմը:

Հարցին, թե արդյոք մեր զրուցակցին առաջիկայում կտեսնենք էկրաններին որեւէ նոր նախագծի շրջանակում, վերջինս պատասխանեց. «Նման առաջարկներ շատ են եղել, մի մասը սրտովս է եղել, մյուս մասը` ոչ: Եթե բոլոր առումներով հարմար հրավեր լինի, կմտածեմ այդ ուղղությամբ»:

Մենք հետաքրքրվեցինք` ինչ կարծիք ունի Արտյոմը հայաստանյան ներկայիս հեռուստաշուկայում առկա հումորային ծրագրերի մասին. «Ժամանակը գնում է առաջ, սերնդափոխություն է տեղի ունենում, եւ բնական է, որ հումորի հանդեպ մոտեցումներն էլ փոխվում են: Բայց բանն այն է, որ այսօրվա մեր հումորից ես բան չեմ հասկանում: Այսօր ամեն ինչ կարող է որպես հումոր ներկայացվել: Իհարկե, չեմ ասում, որ մեր սերնդակիցները եղել են ամենալավ հումորիստները, բայց նկատում եմ, որ այսօր որակական առումով մոտեցումներ են փոխվել: Թեեւ, այնուամենայնիվ, հումորը սպեցիֆիկ երեւույթ է, եւ ամեն անհատ այն յուրովի է ընկալում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս