ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները կարող են դադարեցվել: Միեւնույն ժամանակ ԱԺ պատգամավորների աշխատավարձից պահումներ են կատարվում ԱԺ լիագումար, արտահերթ եւ հանձնաժողովների նիստերից անհարգելի բացակայելու համար։
Նախ նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, պատգամավորների բացակայությունը համարվում է հարգելի, եթե նա`
• Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ հարգելի պատճառով նրա բացակայելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ
• նա Ազգային ժողովի կողմից ուղարկվել է գործուղման.
• նա ձերբակալվել է, կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, և նա չի դատապարտվել ազատազրկման, կամ նրա նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում.
• նա զբաղեցնում է պատգամավորի կարգավիճակով պայմանավորված պաշտոն, և բացակայությունը պայմանավորված է իր պաշտոնական պարտականությունների կատարմամբ:
Այսպիսով, ArmLur.am-ը հարցման միջոցով ստացել է 7-րդ գումարման Ագգային ժողովի 2020 թվականի հունվար ամսից մինչեւ հունիսի 1-ը հերթական, արտահերթ և հատուկ նիստերի քվեարկություններին (ընդհանուր 291 քվեարկություն և գրանցում) պատգամավորների մասնակցության վերաբերյալ տվյալները։
Ըստ այդմ, ներկայացնենք, թե որ պատգամավորներն են անհարգելի բացակայել գրանցումից եւ քվեարկություններից։ Ներկայացնում ենք թոփ 10-ը․
Այպիսով, 291 քվեարկություններից 130 անգամ բացակայել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, որից հարգելի է 20-ը։ Այսինքն, պատգամավորն անհարգելի բացակայել է 110 անգամ։
Նրան հաջորդում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը․ նրա 157 բացականերից հարգելի է միայն 53-ը, այսինքն նա անհարգելի բացակայել է 104 անգամ։
Անհարգելի բացակաների թվով երրորդ հորիզոնականում, ըստ ԱԺ կողմից ներկայացված տեղեկանքի, իմքայլական Կորյուն Մկրտչյանն է եւ նա ըստ այդ տվյալների, 77 բացակա ուներ: Սակայն Ազգային ժողովից քիչ առաջ մեզ փոխանցեցին, որ հաշվարկի մեջ տեխնիկական խնդիր է եղել եւ Կորյուն Մկրտչյանը բացակայել է ընդամենը 7 անգամ:
Ովքեր են անհարգելի բացակաների տասնյակի մյուս հորիզոնականներում
ԲՀԿ խմբակցության պատգաավոր Գևորգ Պետրոսյան 66 բացակա եւ 66-ն էլ անհարգելի,
ԱԺ փոնխախագահ Ալեն Սիմոնյան՝ 106 բացակա, որից 41-ը հարգելի, այսինքն անհարգելի բացակայեկ է 65 անգամ
Իմքայլական Գայանե Աբրահամյանը բացակայել է 73 անգամ, 8-ը հարգելի է, այսինքն անհարգելի բացակաների թիվը 65-ն է
ԲՀԿ-ական Էդուարդ Բաբայան, 225 բացակա, հարգելի 163, 62-ը՝ անհարգելի
Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյան՝ 73 բացակա, 13-ը հարգելի, 60-ը անհարգելի
Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյան, 58 բացակա եւ բոլորն էլ անհարգելի
Իմքայլական Արեն Մկրտչյան, 60 բացակա, հարգելի է 3-ը, անհարգելի՝ 57-ը
Հավելենք, որ հունիսի 1-ից հետո եղել են նաև հերթական եւ արտահերթ նիստեր, հետևաբար գրանցումներ և քվեարկություններ։
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան