«Իմ քայլ»-ի պատգամավորներն առավոտյան կհավաքվեն. արտահերթ նիստ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վաղը՝ երկուշաբթի առավոտյան, մտադիր է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, առավոտյան խմբակցությունը հավաքվելու է խորհրդարանում: Բանն այն է, որ պետք է համապատասխան չափով ստորագրություն հավաքեն, որպեսզի ԱԺ արտահերթ նիստ հրավիրեն: Ըստ մեր տեղեկությունների, իշխանության իրավաբանական թևն այս օրերին լարված աշխատում է բացթողումների վրա ու փորձում գոնե այս արտահերթի միջոցով վերջնականապես լուծում տալ Սահմանադրական դատարանի հարցին՝ ապահովելով 3 դատավորների հեռացումը և նախագահ Հրայր Թովմասյանի գահընկեցությունը։

Ինչպես հայտնի է, բացի ընդունված սահմանադրական փոփոխություններից ու ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունից, նաև «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների կարիք կա, ինչպես նաև նոր լրացում կարվի Աժ կանոնակարգ-օրենքում:

Եթե առավոտյան իմքայլականներին հաջողվի պահանջված բոլոր հարցերին լուծում տալ, ապա միանգամից արտահերթ նիստ կհրավիրեն: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝  ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ևս հանձնարարվել է չհանգստանալ անգամ շաբաթ ու կիրակի օրերին, աշխատել, որպեսզի կրկին խայտառակ վիճակում չհայտնվի խորհրդարանը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս