ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեծ Մասրիկի ռմբակոծված մանկապարտեզի երկու մասնաշենքերն առ այսօր վերանորոգված չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում դեռ 1993թ. Ադրբեջանի կողմից ռմբակոծված մանկապարտեզի երկու մասնաշենքերն առ այսօր վերանորոգված չեն: Համայնքի բնակիչները ցավով են հիշում այդ օրը, երբ համայնքում 4 զոհ ունեցան, ադրբեջանական թիրախում հայտնվեց երեխաների կրթա-դաստիարակչական գործունեության իրականացման համար նախատեսված ինստիտուտը՝ մանկապարտեզը, որն այդ ծանր օրվանից ավելի քան 27 տարի անց, ցավոք, ամբողջությամբ վերականգնված չէ:

Խնդրի վերաբերյալ փորձեցինք տեղեկություն ստանալ Գեղարքունիքի մարզից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավոր Թագուհի Թովմասյանից: Մեզ հետ զրույցում Թովմասյանը նշեց, որ քաջատեղյակ է խնդրին, զբաղվել է դրանով, պաշտոնական գրությամբ դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզպետին և ստացել պատասխան գրություն, որում արտահայտվում է մարզպետարանի պատրաստակամությունը՝ Մեծ Մասրիկի համայնքապետարանի կողմից մանկապարտեզի երկու մասնաշենքերի վերանորոգումը որևէ ծրագրում ընդգրկելու առաջարկի դեպքում օժանդակելու ծրագրի իրականացմանը: Մինչդեռ, ինչպես հավելեց Թագուհի Թովմասյանը, համայնքի ղեկավարի տեղեկատվության համաձայն համայնքի այսօրվա ֆինանսական միջոցները չեն բավարարում՝ հարցն այս տարվա սուբվենցիոն ծրագրերում ներառելու համար, քանի որ համայնքում այս պահին այլ ծրագրեր են իրականացվում:

Իսկ Մեծ Մասրիկում կամավոր հիմունքներով բազմաթիվ ծրագրեր իրականացրած Իրինա Գասպարյանը, անդրադառնալով խնդրին, նշում է. «Չարաբաստիկ այդ առավոտը մենք մեր կյանքում երբեք չենք մոռանա: 1993թ. հուլիսի 24-ի առավոտյան ժամը 8-ի կողմերն էր, Ադրբեջանի ռմբակոծիչ ինքնաթիռը ռմբակոծեց մեր գյուղի նորաբացմանկապարտեզը, ունեցանք 4 զոհ: Մանկապարտեզն ուներ 4 մասնաշենք: Տարիների ընթացքում 2 մասնաշենքերը բարերարների և համայնքի ղեկավարի ֆինանսավորմամբ գործում են, իսկ մյուս երկուսը մինչ օրս ավերակ կանգնած են»:

«Արմլուր» լրատվականը նաև տեղեկացավ, որ համայնքում շատ են ցանկանում ադրբեջանական ռմբակոծությունից տուժած մանկապարտեզը ամբողջովին վերանորոգված և կանգուն տեսնել, սակայն, ցավոք, ֆինանսական միջոցների խնդիր կա, և ավելի քան 2 տասնամյակ անց շենքի ամբողջական վերանորոգման հարցն այդպես էլ չի հաջողվում լուծել:

Հ.Գ. Եթե կլինեն բարերարներ, անհատներ, որոնք կցանկանան վերակառուցմանը մասնակցել, կարող են կապ հաստատել Մեծ Մասրիկի բնակչուհի, համայնքում կամավոր հիմունքներով բազմաթիվ ծրագրեր իրականացրած Իրինա Գասպարյանի հետ՝ 077090199 հեռախոսահամարով:




Լրահոս