Կորոնավիրուսային Անցած տարի Հայաստան քիչ թվով զբոսաշրջիկ է եկել Covid-19-ը Հայաստանում իր բացասական ազդեցությունն է թողել զբոսաշրջության զարգացման վրա: Թե ինչ վիճակում է գտնվում ոլորտը, այսօր պարզ է դառնում նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից: Հայաստան անցյալ տարում ժամանել է 375 հազսր 216 զբոսաշրջիկ: Մինչդեռ 2019 թվականին մեր հանրապետություն ժամանել էր 1 մլն 894 հազար 377 զբոսաշրջիկ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների գերակշիռ մասը տեղավորվել է բարեկամի, հարազատի տանը կամ վարձու բնակարաններում: Այս դեպքում խոսքը 277 հազար 666 զբոսաշրջիկի մասին է: Պատճառը մեկն է. ՀՀ-ում հյուրանոցներից օգտվելը թանկ է, այդ իսկ պատճառով 97 հազար 550 զբոսաշրջիկ է հյուրանոցներում մնացել: ArmLur.am-ը պարզեց, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 16 հազար 300-ով ավելացել է: Անցյալ տարվա ընթացքում ՀՀ ՌԴ-ից այցելել է 39 հազար զբոսաշրջիկ, իսկ 2019-ին՝ 22 հազար 700:
Բացի այս, 1500-ով պակասել են Ֆրանսիայից, 4200՝ Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները: Նկատենք, որ Ուկրաինայից 500-ով ավելացել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Վրաստանից մեր հանրապետություն այցելած զբոսաշրջիների քանակը եւ 2019-ին եւ 2020-ին մնացել է նույնը՝ 1500: Ի դեպ, անցյալ տարի 200-ով ավելացել է Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը: Սրան զուգահեռ նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը 1900-ով ավելացել է: Եթե 2019-ին Հայաստան այցելել է 5000 իրանցի զբոսաշրջիկ, ապա անցյալ տարի այդ թիվը կազմել է 6900: Ըստ որոշ տեղեկությունների` իրանցի զբոսաշրջիկները վերջին տարիներին նախընտրում են Վրաստանում անցկացնել իրենց հանգիստը, քան Հայաստանում:
Նշենք, որ մարտի 15-ից սկսած՝ իրանցիները Հայաստան են գալիս Նովրուզը նշելու համար: Սակայն, ըստ մասնագետների, եթե կորոնավիրուս վարակի դեպքերի քանակը չնվազի, ապա Նովրուզի օրերին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կավելանա: Իսկ մինչ այդ նկատենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի` Հայաստանից մեկնողների թիվը եւս նվազել է 81.5 տոկոսով: Ի դեպ, 2019-ին մեր երկրից մեկնել է 1 մլն 867 հազար 888 զբոսաշրջիկ` անցյալ տարվա 346 հազար 93-ի դիմաց:
Սակայն նրանց մեծ մասը` 344 հազար 830 զբոսաշրջիկ, մեկնել է ինքնուրույն՝ առանց զբոսաշրջային գործակալությունների միջնորդության: Ընդամենը 1263 զբոսաշրջիկի ուղեւորություն կազմակերպվել է տուրիստական գործակալությունների միջոցով:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան