«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստանում ստեղծվել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը: Հիմնադիր համագումարը կայացել է երեկ, որին մասնակցել են 437 հոգի Երեւանից ու մարզերից: Ընդունվել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ստեղծման մասին որոշումը, հաստատվել են կուսակցության խորհրդանշանն ու կանոնադրությունը:

 

Գործադիր մարմնի պատասխանատու է ընտրվել եւ պետական գրանցման լիազոր նշանակվել համագումարի նախագահող, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: «Պատերազմից հետո հասկացանք, որ նույնիսկ այս պայմաններում մեր հասարակության մի զգալի մասը չի զգում վտանգը: Մենք կարող ենք արձանագրել, որ գտնվում ենք ընդհանուր թմբիրի մեջ»,- համագումարի ժամանակ հայտարարել էր Զոհրաբյանը: Armlur.am-ը զրուցել է Արա Զոհրաբյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու որոշեցին կուսակցություն ստեղծել, ու արդյոք պատրաստվում են մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին:

-Պարո՛ն Զոհրաբյան, երեկ հիմնել եք կուսակցություն, որը, կարելի է ասել, տարբերվում է այլ կուսակցություններից իր գաղափարախոսությամբ: Ո՞րն էր կուսակցություն ստեղծելու նպատակը, որո՞նք են լինելու Ձեր առաջիկա քայլերը:

-Կուսակցությունը հիմնադրվել է 437 ՀՀ քաղաքացու կողմից: Կուսակցության քաղաքական ուղղությունը պահպանողական է: Կուսակցության նախաձեռնող խմբի անդամներով ախտորոշել ենք մեր ներկայիս վիճակը: Բացատրությունը շատ պարզ է. նյութականը դարձել է բոլորիս համար առաջնային, իսկ հոգեւորը մղվել է հետին պլան: Ազգային եւ քրիստոնեական արժեքներն այլեւս ուղղորդող չեն: Սա բերեց նրան, որ ամբողջ ժողովուրդը կարծես քնի մեջ է, վտանգը չի զգում: Նույնիսկ պատերազմից հետո ի վիճակի չենք վերլուծել իրականությունը: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն իր առաքելությունն ու նպատակն է համարում բնակչությանն արթնացնել խորը թմբիրից եւ ծրագրով փորձելու է այդ արժեքները սերմանելուն նպաստել:

-Քանի որ ՀՀ-ում առաջիկայում՝ հունիսի 20-ին, նախատեսվում են ԱԺ արտահերթ ընտրություններ, արդյոք կուսակցությունը պատրաստվո՞ւմ է մասնակցել ընտրություններին: Որոշում ունե՞ք:

-Երբ կուսակցությունը կգրանցվի, կուսակցությունն էլ կորոշի:

-Ինչո՞վ է կուսակցությունը առանձնանալու ՀՀ-ում առկա մոտ 90 կուսակցություններից, ո՞րն է Ձեր կուսակցության առանձնահատկությունը:

– Զուտ ծրագրերի իմաստով երեւի բոլոր կուսակցությունները բարիք ստեղծելու եւ երկիրը զարգացման տանելու ճանապարհ են ցույց տալիս: Մենք կարծում ենք, որ պետք է գործով ապացուցենք: Մեր ժողովուրդը հիմա շատ վատ վիճակում է, չի վստահում կուսակցություններին, ու շատ դժվար է ժողովրդի վստահությանը արժանանալ: Օրինակ՝ մենք առաջարկում ենք ուշադրություն դարձնել նաեւ հոգեւոր անվտանգությանը, եւ այդ առումով պետք է պետությունը հոգեւոր անվտանգության հայեցակարգ սահմանի: Բացի ֆիզիկական վնասից, կա նաեւ հոգեւոր վնաս, երբ ապազգային ուժերը տարբեր քարոզչություններով եւ ծրագրերով կոտրում են հայ մարդու դիմադրողականությունը: Մենք առաջարկում ենք նաեւ հայ մարդու կատարելատիպը, որին պետք է յուրաքանչյուր հայ ձգտի:

-Կա՞ մի քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ, որին Ձեր ղեկավարած կուսակցությունը աջակցում է:

-Մենք որեւէ քաղաքական ուժի կամ գործչի չենք աջակցում: Այդպիսի որոշում կայացնելու համար կուսակցության գրանցումից հետո կարող է միայն կուսակցությունը որոշել: Մենք իրական ազգային ուժերին համարում ենք մեր դաշնակիցը:

-Ընտրությունների ինչպիսի՞ ելք եք կանխատեսում:

-Երբ ընտրություններ նշանակվեն, նոր կարելի է մտածել:

 

 

ՎԱՆԵՑՅԱՆՆ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑՈՒՑԱԿ ԵՆ ԳՐԵԼՈՒ 

Երեկ հաստատվեց ArmLur.am-ի այն տեղեկությունը, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ «Հայրենիք» կուսակցությունը հունիսի 20-ին հնարավոր կայանալիք ընտրություններին մասնակցելու են դաշինքով: Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքն ու «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն արդեն պայմանավորվել են ու միասին կգնան ընտրությունների:

 

ArmLur.am-ի ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին ՀՀԿ-ի ու «Հայրենիք» կուսակցության առաջնորդները հանդիպում են ունենալու, որի ժամանակ էլ պետք է նախընտրական ցուցակը ձեւավորեն Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: Մենք փորձեցինք Արթուր Վանեցյանից պարզել, թե որքանով է այս տեղեկությունը իրական, երբ է լինելու հավաքը նախընտրական ցուցակը կազմելու համար. «Տրամաբանությունը հուշում է, որ, իհարկե, նման հավաքներ պարբերաբար պետք է լինեն, բայց նախընտրական ցուցակի հարցը չի քննարկվել դեռեւս: Ուղղակի նախնական որոշում կա, որ ընտրություններին կմասնակցենք դաշինքով, ու դրա մասին արդեն պաշտոնապես հայտարարվել է»,- եզրափակեց Ա. Վանեցյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, որ իրենք «Հայրենիք» կուսակցության հետ են մասնակցելու կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին, նշել է, որ ինքն արդեն բոլոր դետալները քննարկել է ապագա դաշնակից կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ, ու պայմանավորվածություն ունեն, որ ՀՀԿ կարկառուն անդամները լինելու են դաշինքի ցուցակում:

Մենք տեղեկացանք նաեւ, որ ՀՀԿ-ի դեմքերն այսօրվանից լծվելու են ձայներ բերելու գործին։ Դրանց թվում են ՀՀԿ-ական նախկին պատգամավորները` Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադը), Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկը), Առաքել Մովսիսյանը (Շմայս) ու բոլոր նրանք, որոնք բոլոր ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ են բերել։

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԽԻՍՏ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ

Կազանից առաջ Նիկոլ Փաշինյանը  հավաքել է թիմակիցներին ու անսովոր խիստ խոսակցություն է ունեցել:

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հավաքի ընթացքում քննարկել է հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների հետ կապված հարցեր: Փաշինյանը շատ կտրուկ է արձագանքել թիմակիցների ոգեւորված պնդումներին, թե ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքացիների մոտ 60%-ն այս պահին հակված է քվեարկել իշխանությունների օգտին: Փաշինյանը հասկացնել է տվել, որ լավ տիրապետում է թվերին, սակայն դա չի նշանակում, որ պետք է ժամանակից շուտ ոգեւորվել, քանզի իրենց դեմ աշխատում են լուրջ ֆինանսական ու մեդիա ռեսուրսներ տիրապետող թիմեր, որոնք կարող են քարոզարշավի ընթացքում անակնկալներ մատուցել: Մեր աղբյուրները պատմում են, որ Փաշինյանն անսովոր կտրուկ ու խիստ է խոսել, դժգոհել է որոշ թիմակիցների աշխատանքից, ասել, որ մի մասը վախեցած է մոտենում գործին, մյուս մասը նվիրված է, բայց չի կարողանում խնդիր կատարել, մասնավորապես՝ կենտրոնացել է որոշ մարզպետների աշխատանքի վրա՝ նշելով, որ 20 տարի ասֆալտի երես չտեսած համայնքներում լուրջ գործ է արվում, բայց դրանք լավ չեն ներկայացվում եւ այլն: Վերջում Փաշինյանը հասկացնել է տվել, որ ապագա կառավարության կազմի հիմքում լինելու են մարդիկ, որոնք իսկապես կաշխատեն ու իրական արդյունքներ կգրանցեն:

 

 

ՍԵՎԱԳԻՐԸ ԿԱ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն կազմել է առաջիկա արտահերթ ընտրությունների ԲՀԿ նախընտրական ցուցակի «սեւագրությունը»։ Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Ծառուկյանը որեւէ իր կուսակցի կամ թիմի անդամի ցուցակի կազմի մասին որեւէ բան չի ասում: Կարելի է ասել՝ Գագիկ Ծառուկյանը հետեւել է ԲՀԿ-ականների աշխատանքին ու ըստ դրա որոշել, թե ով պետք է լինի հաջորդ խորհրդարանում: Որքան էլ որ տեղեկություններ էին տարածվում, թե ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ի ցուցակի անցողիկ համարներում չեն լինելու, մեր տեղեկությունների համաձայն, Ծառուկյանը որոշել է, որ երկուսն էլ կլինեն, քանի որ գոհ է նրանց աշխատանքից: ԲՀԿ առաջնորդը նաեւ փնտրում է նոր դեմքերի ցուցակում ներառելու համար: Հստակ է նաեւ մի բան. Շաքե Իսայանն ու Իվետա Տոնոյանը եւս ԲՀԿ ցուցակի թոփ տեղերում են լինելու: Մենք փորձեցինք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել, թե որքանով են իրական տեղեկությունները: Վերջինս նշեց. «Պարոն Ծառուկյանն այս պահին զբաղված է նախընտրական ծրագրի մշակման աշխատանքներով, մենք առիթ ունեցել ենք ասելու, որ պարոն Ծառուկյանն անձամբ է գլխավորում գործընթացը նախընտրական ծրագրի կազմման: Իսկ ինչ վերաբերում է նախընտրական ցուցակի կազմմանը, ապա ես որեւէ տեղեկատվության չեմ տիրապետում ու հորդորում եմ թե՛ շահագրգիռ որոշ շրջանակների, թե՛ անձանց տարբեր հավանական սցենարներ շրջանառության մեջ չդնեն: Երբ ցուցակը պատրաստ լինի, ԲՀԿ-ն այն կներկայացնի հանրությանը»:

 




Լրահոս