«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որ իշխող ուժի կողմից առաջադրվել ու մասնակցում էր Կապանի ՏԻՄ ընտրություններին, նորից պատգամավորական աշխատանքի կվերադառնա: Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Կապանում տեղի ունեցած համայնքային ընտրությունների ժամանակ հաղթանակ էր տարել գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը, որ առաջադրվել էր «Շանթ դաշինքով»:
ArmLur.am-ի հետ զրույցում Դանիելյանը նախ շնորհավորեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հաղթանակ տարած բոլոր թեկնածուներին, ապա հավելեց. «Հարգում եմ քաղաքացիների կատարած ընտրությունը ու շարունակելու եմ նույն ջանք ու եռանդով կանգնել մեր հայրենակիցների կողքին, ամեն ինչ անել, որ և՛ ՀՀ-ի, և՛ Կապանի, և՛ Սյունիքի շահերը երբևէ երկրորդ պլան չմղվեն»:
Դանիելյանն ասում է նաև, որ շարունակում է հանդիպումներ ունենալ տեղացիների հետ, լսել նրանց հուզող հարցերը: «Գյուղեր այցելելիս՝ ծանոթանում եմ նաև ճանապարհաշինական աշխատանքներին, որոնք մեծ թափով են ընթանում»,- հավելում է մեր զորւցակիցը:
Հարցին՝ պատրաստվո՞ւմ եք համագործակցել Գևորգ Փարսյանի հետ, արձագանքում է. «Ցանկացած պաշտոնյայի հետ պատրաստ եմ համագործակցել, եթե նրա աշխատանքը միտված է Հայաստանի հանրապետության քաղաքացու շահերն առաջ մղելուն»:
Սևակ Վարդումյան