ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ՀՀ ոստիկանությունը ծածկադմփոց արեցին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ սանավիացիայով «վոյաժների» գործը:
Ամիսներ շարունակ ՀՀ ոստիկանությունը, իբր, ստուգողական գործողություններ իրականացրեց՝ հասկանալու համար, թե կան արդյոք քրեական տարրեր նախարարի գոծողությունների մեջ, եւ կայացրեց քաղաքական իշխանություններին հաճո որոշում՝ նախարար Ավանեսյանին թողնելով անպատիժ:
Իսկ ինչի՞ մասին է խոսքը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարզային իր գործուղումներն իրականացնում է ուղղաթիռով՝ սանավիացիայով, բնականաբար՝ պետբյուջեի հաշվին: Այս մասին նախարարը խոստովանել էր նաեւ լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ: Երկու մարզ՝ Սյունիք եւ Տավուշ նախարարի այցելությունները իրականացվել են սանավիացիայի ուղղաթիռով, եւ այցելությունները մեր երկրի բյուջեի վրա արժեցել են տարբեր հաշվարկներով մոտ 2 մլն դրամ: Սակայն սա դեռ ամենը չէ. կան անհերքելի փաստեր, եւ դատախազությունը պետք է ուշադրություն դարձնի այս հանգամանքների վրա եւ անհապաղ քրեական գործ հարուցի նախարարի գործողությունների մասով:
Խոսենք փաստերով.
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը դեռես երկու տարի առաջ մանրամասն ներկայացրել էր, թե ինչ իրավիճակներում կարող են քաղաքացիներն օգտվել սանավիացիայի ծառայություններից: Ըստ էության, նման իրավիճակ չի եղել, որը դրդեր նախարար Ավանեսյանին իրեն թույլ տալ սանավիացիայի ծառայություններից օգտվել, ուստի իրավապահները օբյեկտի քննության արդյունքում պետք է հարուցեն քրեական գործ:
Եվ, ահա, դիմեցինք ոստիկանություն՝ հասկանալու համար, թե ինչ փուլում է հետաքննությունը: Ի պատասխան՝ մեզ հայտնեցին, թե ստուգման արդյունքները ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից, ի պատասխան, հայտնեցին՝ դատախազության կողմից հանձնարարվել էր ոստիկանությանը ստուգողական գործողություններ իրականացնել հրապարակման մեջ նշվող հանգամանքները ստուգելու նպատակով: ՔՈ ԳՎ կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում կատարված գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները վկայել են, որ ՀՀ առողջապահության նախարարն ուղղաթիռով ՀՀ Տավուշի եւ Սյունիքի մարզեր ուղեւորվել է մասնագիտական խմբի հետ միասին, եւ որ նախարարի այցը գործուղում չի եղել, ՀՀ պետական բյուջեից որեւէ գումար չի հատկացվել: Այսինքն՝ ստուգողական գործողությունների արդյունքով ի հայտ չեն բերվել քրեական վարույթ հարուցելու բավարար հիմքեր, ինչից ելնելով՝ ստուգման արդյունքները ոստիկանությունում թողնվել են անհետեւանք: Ասել է թե՝ պետբյուջեի հաշվին ուղղաթիռով «վոյաժները» մնացին անպատիժ:
Ստացվում է, որ իրավապահները՝ ի դեմս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ամեն ինչ արեցին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ջրից չոր դուրս բերելու համար:
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ սույն թվականի սեպտեմբերի 18-ին կայանալիք վարչության եւ վերահսկող հանձնաժողովի ընտրությունների համար առաջադրվել է համապատասխանաբար 48 եւ 16 թեկնածու. տեղեկացնում են ՔՊ-ից:
Վարչության անդամի թեկնածուները՝
Փաշինյան Նիկոլ Վովայի, Պապիկյան Սուրեն Ռաֆիկի, Սիմոնյան Ալեն Ռոբերտի, Հարությունյան Արայիկ Էդուարդի, Թորոսյան Արսեն Գեւորգի, Պապոյան Գեւորգ Հարությունի, Սարգսյան Տրդատ Նորիկի, Գաբրիելյան Վիլեն Կարենի, Հակոբյան Վաղարշակ Սոսի, Ալեքսանյան Վահագն Հովիկի, Խաչատրյան Արմեն Էդմոնդի, Դավոյան Արփինե Հրահատի, Աղազարյան Հովիկ Հովսեփի, Կոնջորյան Հայկ Արսենի, Փամբուխչյան Արմեն Սոկրատի, Ռուբինյան Ռուբեն Կարապետի, Հովհաննիսյան Արթուր Ղարիբի, Սմբատյան Արման Արմենի, Գաբրիելյան Սիսակ Արմենի, Միքայելյան Սասուն Մեխակի, Մաթեւոսյան Համբարձում Մամբրեի, Սանոսյան Գնել Հենզելի, Հայրապետյան Մխիթար Իոսիֆի, Ղալումյան Վահե Վոլոդյայի, Սարգսյան Գարիկ Մնացականի, Համբարձումյան Կարեն Հովհաննեսի, Մանավազյան Արուսյակ Լեւոնի, Վարդանյան Վլադիմիր Դավիթի, Կիրակոսյան Լիլիթ Իշխանի, Օհանյան Արսեն Հայրիկի, Հակոբյան Կարեն Գեւորգի, Մկրտչյան Նարեկ Արշակի, Գրիգորյան Արմեն Վալերի, Դավուդյան Տիգրան Աբրահամի, Ասատրյան Մաթեւոս Գոռի, Ամիրխանյան Վաղարշակ Վահանի, Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի, Գալստյան Տիգրան Գրիշայի, Ավինյան Տիգրան Արմենի, Կարապետյան Մարիա Էդվարդի, Նազարյան Լենա Ռաֆայելի, Եղոյան Արման Աշոտի, Բաքոյան Ռուստամ Զուրբայի, Ավետիսյան Ալեքսանդր Մելսիկի, Սիմիդյան Հակոբ Կարապետի, Ջուլհակյան Արուսյակ Թովմասի, Աղաջանյան Էդուարդ Արթուրի, Արշակյան Հակոբ Վրեժի:
Վերահսկող հանձնաժողովի անդամի թեկնածուները՝
Դավթյան Էդմոնդ Նվերի; Գեւորգյան Մհեր Արթուրի; Գրիգորյան Կարեն Ժիրայրի; Լեւոնյան Լեւոն Գագիկի; Խաչատրյան Օվսաննա Վաչիկի; Ուզունյան Վարսենիկ Գառնիկի; Խաչատրյան Միքայել Արմենի; Ցիրունյան Հայկ Զարմիկի; Ղազարյան Ալխաս Աղաբեկի; Ղալումյան Հայկ Վոլոդիայի; Սարգսյան Կարեն Վահանի; Ղալեչյան Արմեն Սպարտակի; Պապիկյան Արազ Շահվերդովի; Ղազարյան Թագուհի Արարատի; Կարապետյան Դավիթ Գուրգենի; Ղազարյան Արմենուհի Նշանի:
ՄԵԾ ՋՐԱՓՈՍԵՐՈՎ ՔԱՂԱՔԸ
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքը հայտնում է, որ միջգյուղական ճանապարհների բարեկարգման աշխատանքներ են կատարվել համայնքի Հաղարծին բնակավայրում, գյուղի մանկապարտեզի հարակից փողոցը բարեկարգվել, փոսալցվել, հարթեցվել է։ Մաքրվել է Մ4 մայրուղուց մինչեւ գյուղի 10-րդ փողոցի վերջն ընկած հատվածը, որտեղ հորդառատ անձրեւների պատճառով ավազաթմբեր էին գոյացել: Իսկ Դիլիջան քաղաքում ճանապարհների վիճակը շատ վատ է։ Տուրիստական Դիլիջանի ամենակենտրոնում՝ հայտնի «Միմինո» արձանախմբին հարակից տարածքի՝ բազում մեծ եւ խոր փոսերով լի ավտոճանապարհը ձգվում է դեպի մարզադաշտ, մանկական զբոսայգի, քաղաքի 3 գերեզմանատներից մեկը։ Մեծ փոսեր կան նաեւ քաղաքի Սայաթ-Նովա, Կալինինի փողոցներում եւ Դիլիջանի այլ հատվածներում։ Հաղարծին գյուղում բարեկարգման աշխատանքներ նախաձեռնած Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկում քաղաքի ճանապարհների խոր եւ մեծ փոսերը եթե ոչ ասֆալտապատելու, գոնե խճով լցնելու, հարթեցնելու համար:
3 ՏԱՐԻ ՄՆՈՒՄ Է
Դիլիջան քաղաքի տարածքում՝ Դիլիջանի ոլորաններից առաջինում արդեն երեք տարի ոստիկանական պահակակետ է, որտեղ մշտապես հերթապահում են ոստիկանության 2-3 ավտոմեքենաներ։ Դիլիջանի բնակիչները հայտնում են, որ ոստիկանության պահակակետը տեղակայվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության ցուցումով Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակում ապօրինի փայտանյութը մարզից Երեւան եւ հանրապետության այլ վայրեր տեղափոխելը կախելու համար։ Դիլիջանի բնակիչները տարակուսած են, որ ոստիկանության այդ պահակակետում չկա բնապահպանության տեսչության մասնագետ, այդ մասնագետը աշխատում է միայն աշնան ամիսներին, տարվա մնացած ժամանակ այդ պահակակետում հսկողություն իրականացնող ոստիկաններն առանց համապատասխաան գիտելիքների ինչպե՞ս են ստուգում փայտ տեղափոխող ավտոմեքենաներին ուղեկցող փաստաթղթերում նշված փայտանյութի քանակի համապատասխանությունը մեքենայում առկա փայտի քանակին, փայտատեսակի եւ դրա վիճակի հետ կապված հարցերը։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը հայտնեց, որ, նախորդ տարվա համեմատ, 2021թվականին 24 տոկոսով նվազել է Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների քանակը։ Եթե ապօրինի անտառհատումների քանակը այդքան նվազել է, ապա ինչո՞ւ չի հանվում Դիլիջանի ոլորանների սկզբում 3 տարի առաջ դրված ոստիկանական պահակակետը։ Դիլիջանցիները հայտնում են, որ Տավուշի մարզում փայտի գործով զբաղվում են Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ սերտաճած անձինք. նշված պահակակետը գործում է, որպեսզի այլ անձինք չզբաղվեն փայտի ապօրինի բիզնեսով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ