ԱՂԱՎԱՂՎԱԾ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նախօրեին անդրադարձել է Տավուշում  սողանքի վերացման ուղղությամբ Հայաստանի պետական ապարատի կատարած աշխատանքին` մեջբերելով սողանքից տուժած Վրաստանի մի քաղաքացու հետեւյալ խոսքերը. «Եթե մեր կառավարությունը լիներ, բա երկու ժամում չէի՞ն մաքրի տարածքը: Տեսե՛ք` որքան ժամանակ է` ոչ ոք չի եկել, որ մաքրի ճանապարհը»: Սահակաշվիլին, բաց չթողնելով սեփական կառավարությանը գովելու հնարավորությունը, ասել է. «Ես չեմ ուզում որեւէ վատ բան ասել Հայաստանի մասին, նրանք մեր ընկերներն են: Բայց Ռամազ Նիկոլաիշվիլին (Վրաստանի տարածքային զարգացման նախարարը) մի քանի ժամում ավելի բարդ իրավիճակների դեպքում է լուծումներ գտել: Իսկ այնտեղ անհրաժեշտ եղավ երկու շաբաթ: Ահա թե ինչ է նշանակում արդյունավետ պետական ապարատ»: Սահակաշվիլին, սակայն,  չի նշել, թե կոնկրետ որ ավելի  բարդ իրավիճակներում է իր պետական ապարատն ավելի լավ աշխատել:
Ինչեւէ, թեեւ հարեւան Վրաստանի ղեկավարի  քննադատությունը մեզ համար տհաճ է ու վիրավորական, փաստն այն է, որ կոնկրետ այս դեպքում Հայաստանի համապատասխան պետական կառույցների աշխատանքը հեռու էր արդյունավետ լինելուց: Ընդ որում, շեշտենք, որ  նկատի ունենք ոչ միայն  ԱԻՆ, այլեւ տրանսպորտի եւ սոցապ  նախարարությունները: Պակաս թերի չէր նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: ՏԻՄ ղեկավարները որեւէ աջակցություն չցուցաբերեցին սեփական համայնքի տուժած բնակիչներին: Ի դեպ, արժե հիշեցնել, որ մինչ Հայաստանի քաղաքացիները սողանքի վայրում սպասում էին` անտեղյակ կատարվածից ու իրենց հետագա ճակատագրից, Վրաստանի քաղաքացիներին (որոնց մեծ մասն, ի դեպ, հայեր էին) արդեն իսկ աջակցության առաջարկություն էին արել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատնից:
Ձեռնպահ մնալով հողաշերտի տակից մարդկանց եւ մեքենաների դուրս բերման գործընթացի արդյունավետությունը գնահատելուց` նկատենք, սակայն, որ առնվազն տարօրինակ են ԱԻՆ ներկայացուցիչների կողմից հողն օրեր շարունակ բահերով եւ քլունգներով փորելը  փլուզման տակ մնացածներին չվնասելու նկատառումներով բացատրելը, այն դեպքում, երբ ամենակարեւորն աշխատանքների արագությունն էր, քանի  դեռ մարդկանց հողի տակից կենդանի դուրս բերելու հույսեր կային: Եւ այս իրավիճակում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին, թերեւս, այլ բան չէր մնում անել, քան ասել. «Ես չեմ հավատում, որ Վրաստանի նախագահը նման բան ասած լինի: Ըստ երեւույթին, լրագրողներն են նախագահի խոսքն աղավաղել»: Հետաքրքիր է, սակայն, որ չհավատալով նա, այնուամենայնիվ, շտապել է հակադարձել Սահակաշվիլու` «ոչ արդյունավետ պետական ապարատի» մասով  քննադատությանը`  շեշտելով. «ԱԻՆ-ի հետ միասին աշխատեց հանրապետության նախարարություն-գերատեսչությունների միասնական թիմը, եւ նաեւ միջազգային փորձագետների կարծիքով` գործեց օպերատիվ եւ պրոֆեսիոնալ»: Այստեղ են ասել` դու որ քեզ չգովես, ո՞վ կգովի:




Լրահոս