Երևանի քաղաքային կառավարման համակարգը պետք է բարեփոխվի և արդիականացվի. Երվանդ Թարվերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը հայտարարություն է տարածել. «Երևանում պարբերաբար ի հայտ եկող և այդպես էլ լուծում չստացող հիմնախնդիրները՝ ծառահատումներ, տրանսպորտային ցանց, մետրոյի նոր կայարանի և ճոպանուղու կառուցում, վթարային շենքերի ամրակայում և վերականգնում, բնապահպանություն և այլն, վկայում են, որ տեղական ինքնակառավարման համակարգը Երևանում ընդհանուր առմամբ անարդյունավետ է։ Միակ լուծումը կառավարման համակարգի լայնածավալ բարեփոխումներն են և արդիականացումը, որը կապված չի լինի մեկ անձի և նրա կասկածելի նախընտրությունների հետ։ Խիստ անկատար է Երևանի մասին ՀՀ օրենսդրությունը, առհասարակ Երևան քաղաքի կարգավիճակի և առանձնահատկությունների մասին իրավական նորմատիվ բազան։

Երևանում չկան միասնական համակեցության, քաղաքային կենցաղավարության և տնտեսության համընդհանուր սկզբունքներ և նորմեր, ամեն ինչ տարերային է, անկանոն և փնթի։ Որքան էլ մեկ պատուհանի և քաղաքապետարանի թեժ գծի խողովակներով քաղաքացիները փորձում են քաղաքային և կոմունալ իրենց խնդիրները լուծել, նրանց մեծամասնությունը չի կարողանում հասնել խնդրի սկզբնապատճառին։ Քանի դեռ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի կողմից բնակչությանը մատուցած ծառայությունները հնարավորինս պարզեցված, իսկ դրանց որակն էապես բարելավված չէ, որևէ խնդիր համակարգային լուծում չի ստանալու, լինելու են ընդամենը հատվածական կիսալուծումներ։ Երևանի բոլոր կարևորագույն հիմնախնդիրները՝ աղբահանության և սանմաքրման, տրանսպորտի և խցանումների, ջրամատակարարման և էներգետիկ ենթակառուցվածքների, կանաչապատման և բարեկարգման, բակային տարածքների կահավորման, փողոցային և շենքերի արտաքին լուսավորության, բազմաբնակարան շենքերի կառավարման և բազմաթիվ այլ հարցեր, կարող են լուծվել բացառապես կոմպլեքս՝ համակարգային մոտեցման, ոչ թե դրանցից յուրաքանչյուրը հատվածաբար քննելու և լուծելու, և կամ ավելի վատ՝ հետաձգելու դեպքում։ Մի խոսքով, ամեն ինչին համակարգային մոտեցում է անհրաժեշտ, որպեսզի բացառվի կախվածությունը` անձերի որոշումներից»։




Լրահոս