Ռ Թովմասյան .Ստեղծված իրավիճակում հայ ժողովուրդը ոտատակ է գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը 20-րդ դարի ամենախոշոր իրադարձությունն էր, որը ջախջախեց կապիտալիստական փտած համակարգը,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը:Նրա խոսքով` այս հեղափոխությունը մարդկանց բերեց եղբայրություն, ազատություն, հավասարություն, եւ մարդկության պատմության մեջ առաջին անգամ ստեղծվեց պետություն, որը պատկանում էր բանվոր դասակարգին: “Կուսակցությունը Հայաստանի ժողովրդի հետ կառուցեց սոցիալիստական երկիր, սկսվեց սոցիալիստական հասարակարգի հաղթարշավը, իսկ այժմ ստեղծված վիճակը հայ մարդուն տանում է ինքնասպանության, անգրագիտության. որդին հորն է սպանում, մայրը խեղդում է իր երկու զավակներին: Այսօր հայ ժողովուրդը գտնվում է ծանր վիճակում, արտաքին պարտքը ճնշում է նրան: Այս բոլորի մեջ ոտատակ է գնում, ստրկանում է ժողովուրդը”,- ասաց Կոմկուսի ղեկավարը:
“Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին, ապա արդար ընտրությունների կայացման պարագայում բոլորը գնալու են սոցիալիստական գաղափարախոսության”,- նկատեց Թովմասյանը` միաժամանակ ավելացնելով, որ տոնն այսօր հայ կոմունիստները պատրաստվում են նշել Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղից էլ այնուհետ կշարժվեն դեպի Շահումյանի արձան` ծաղիկներ դնելու: Նա միաժամանակ նկատեց, որ այսօրվա տոնի առթիվ կոմունիստները քեֆ չեն անելու, բաժակ չեն բարձրացնելու”Քեֆ կանենք միայն այն ժամանակ, երբ կկրկնենք նոյեմբերը”:Նշենք, որ այսօր` նոյեմբերի 7-ին, Հայաստանի կոմունիստները տոնում են Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 94-րդ տարեդարձը: 




Լրահոս