Վարդենիսն ու Ալավերդին հայտնվել են Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում. ՔՊ-ականները մտադիր են կանխել ընդդիմադիր կրքերն այս համայնքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այս շաբաթ արդեն երրորդ անգամ, վարչության նիստ է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Ալավերդի և Վարդենիս համայնքների ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքների հետ կապված հարցերը:

ArmLur.am-ը նկատեց, որ Ալավերդու և Վարդենիսի համայնքներում ավագանին հաճախ է ընդդիմադիր կեցվածք ցույց տալիս: Օրինակ, ընդամենը երկու ամիս առաջ՝ սեպտեմբերին, Վարդենիսի «Միասնական Վարդենիս» խմբակցությունը հայտարարեց, որ միանում է համազգային գործադուլին եւ պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը։

«Մեր խմբակցությունը ոչ է ասում այս ապազգային կառավարությանը եւ պահանջում է այս կառավարության հրաժարականը։ Արցախը ընկավ, ո՛չ, Արցախը հանձնեցին։ Այսօր Արցախում օրհասական վիճակ է։ Մեր ժողովրդի մի մասը կանգնած է ցեղասպանվելու վտանգի առաջ։ Արցախի մի շարք գյուղերում թուրք հրոսակը մորթազերծ է արել ծերերին եւ մանուկներին, տղամարդկանց եւ կանանց։ Այսօր Արցախի հայ մայրերը բացի գերխնդրից առավել դագաղի խնդիր են լուծում իրենց որդիների համար։ Արցախի մեր հայրենակիցների օգնություն աղերսող հայացքներն ուղղված են դեպի մայր Հայաստան։ Իսկ Հայաստանի Հանրապետության ապազգային կառավարությունը Արցախը համարում է Ադրբեջան եւ հրաժարվում է հային պաշտպանելու պարտականությունից։ Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ հանձնելով Արցախը կփրկեն Հայաստանը, ասեմ, որ հաջորդը լինելու է Վարդենիսը, Սյունիքը եւ հետո Երեւանը։ Այն կառավարությունը, որը պարտավորություն չունի արցախցու հանդեպ, երբեք պարտավորություն չի ունենա վարդենիսցու, սյունեցու, երեւանցու նկատմամբ։ Ավելի քան 10 միլիոն հայի պատիվն ու արժանապատվություն պահողը 120 հազար արցախցին է»,- նման հայտարարություն էր տարածել «Միասնական Վարդենիս» խմբակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը:

Ալավերդի համայնքը ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության կուրացիայի տակ է գտնվում: 2022թ-ի սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին ավագանու հավասար՝ 13 մանդատ էին ստացել «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) և «Ապրելու երկիր» կուսակցությունները՝ չհաղթահարելով 50 տոկոսի շեմը: «Ապրելու երկիր» կուսակցությունը կոալիցիա կազմեց ընդամենը մեկ մանդատ ստացած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) հետ, և ավագանին քաղաքապետ ընտրեց «Ապրելու երկրի» անդամ Արկադի Թամազյանին, իսկ փոխքաղաքապետ՝ ՀԱԿ-ի ներկայացուցչին:

ArmLur.am-տեղեկություններով, ահա սա է պատճառը, որ հենց Ալավերդին ու Վարդենիսն են հայտնվել Նիկոլ Փաշինյանի ուշադրության տակ, ու երեկվա վարչության նիստը նվիրված է եղել այս համայնքներում առկա քաղաքական իրավիճակը քննարկելուն: ՔՊ-ականները որոշել են ամեն գնով հսկել, որպեսզի այս համայնքներում ընդդիմադիրների դժգոհությունը նոր թափ չստանա ու իրենց վերահսկողությունից դուրս չգա:




Լրահոս