«Էդ ի՞նչը ես չեմ կարող փոխել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օպերային բալետի ազգային ակադեմիական թատրոնը շուտով նոր ղեկավար կունենա: Թեև դեռ հայտնի չեն թեկնածուների անունները, սակայն շրջանառվող  լուրերի համաձայն՝ ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 7-9 թեկնածու: Նրանցից մեկը, ըստ լուրերի, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն է:

Հիշեցնենք, որ կառույցի նախկին ղեկավար Կամո Հովհաննիսյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից: Շրջանառվող լուրերի համաձայն` նրան ստիպել են դիմում գրել այն բանից հետո, երբ թատրոնի արտիստներն իրենց բողոքն էին հայտնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի համար:

Armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում կոմիտասագետը հաստատեց  տեղեկությունը այն մասին, որ ինքը թեկնածուների շարքում է:

-Փաստորեն, ցանկություն ունեք ղեկավարելո՞ւ այդ հսկա կառույցը:

-Այո՛, ես  դիմել եմ:

-Դուք վստա՞հ եք,  որ կկարողանաք ղեկավարել կառույցը:

– Բայց էդքան հզո՞ր է:

-Դե՛, գոնե մասշտաբներով մեծ է:

-Այո՛, մեծ է, բայց էնտեղ հզորությո՞ւն է մնացել:

-Ուզում եք այդ հզորությունը վերականգնե՞լ :

-Էդ ի՞նչը ես չեմ կարող փոխել, որ մեկ ուրիշը կարող է: Եթե ես տեսնեմ, որ չեմ կարողանում, կհրաժարվեմ ու կասեմ հաջողություն:

-Որո՞նք են  թատրոնում առաջացած այն հրատապ խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն:

Ամենահրատապը՝ վերականգնել ժողովրդի ու օպերայի կապը, որն այսօր չկա: Ներգրավել երիտասարդների, նրանց ճանապարհ տալ, ստեղծագործական մթնոլորտ առաջացնել: Պետք է նոր բաներ ցուցադրել, պահպանել լավը: Անհրաժեշտ է փոշիների տակից հանել մեր ազգային ժառանգության նմուշները և դրանք ցուցադրել:

-Ճանաչո՞ւմ եք ձեր մրցակիցներին, թե քանի հոգի են նրանք և ովքեր են:

-Այ չգիտեմ, լսել եմ՝ 8-9 հոգի է պայքարում:    

-Ըստ Ձեզ` մշակույթի նախարարությունը  ո՞ւմ նախապատվություն կտա:

-Չեմ կարող ասել, չգիտեմ:

– Մշակույթի նախարարությունը՝  որպես պետական կառույց, մնացած կառույցների նման նախընտրում է իրեն ենթարկվող, ոչ սկզբունքային, այսպես ասած, հնազանդվող անձի, որը պիտի կարողանա նաև նախարարության ենթակայության տակ պահել կառույցի աշխատակիցներին: Այս տեսանկյունից որքանո՞վ է հավանական ձեր ընտրվելու հավանականությունը:

-Ես սկզբունքային մարդ եմ: Իսկ թե որքան է իմ ընտրվելու հավանականությունը, չեմ կարող ասել:

-Ինչպե՞ս  կգնահատեք թատրոնի նախկին տնօրենի գործունեությունը:

-Թատրոնը գեղարվեստական ղեկավար չի ունեցել:

-Խոսքը Կամո Հովհաննիսյանի մասի՞ն է:

-Դե՛, նա տնտեսական հարցերն է լուծել, որից ես տեղյակ չեմ:

Սոնա Դավթյան




Լրահոս