Կիրականացվի ԼՂ փախստականների նոր խոցելի խմբի կարիքների աջակցություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Վարկային համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 50 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկ:

Ծրագրի բարեփոխումների շրջանակը ներառում է, մասնավորապես, հետևյալ միջոցառումները՝ Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում ու շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում, Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում, Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում: Վերջինիս ենթամիջոցառումներից են՝ Լեռնային Ղարաբաղի փախստականների նոր խոցելի խմբի կարիքների աջակցություն, բժշկական ծառայությունների որակի բարելավում:

Հավանություն է տրվել նաև Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ համաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը պայմանավորված է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։




Լրահոս