Ողջաբերդցիների պահանջը քրեական գործով անցնող նախկին համայնքապետի վերադարձն էր․ ինչ է հայտնի դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ողջաբերդի բնակիչներն այսօր՝ փետրվարի 24-ին, վաղ առավոտից փակել էին գյուղի ճանապարհը: Նրանք պահանջում են վերականգնել գյուղի վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանին:

ArmLur.am-ը զրուցել է Ողջաբերդի բնակիչ Անգին Հակոբյանի հետ, ով ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել։

«Մենք ունեցել ենք վարչական ղեկավար՝ Աշոտ Մուշեղյանը, որն աշխատել է 2 տարի եւ գյուղի համար արել է այնքան բան, որ չի արվել նախկին ղեկավարի ժամանակ 30 տարվա ընթացքում: Հիմա չգիտես ինչու, մեր մարզպետը իրեն գործից հանել է՝ պատճառաբանելով, որ իրավապահ մարմինների հետ ունեցել է խնդիրներ: Մենք տուրիստական կազմակերպություն ունեինք, զարգացրեց, մնացածները նման բան չեն էլ մտածել և ոչինչ էլ չեն արել։ Աշոտ Մուշեղյանին ընտրելուց և քաղաքը զարգացնելուց հետո նա հայտնվեց քրեական գործի մեջ, հետո մարզպետը կանչեց ասեց, որ պետք է ազատման դիմում գրես»։

Հետագայում, ինչպես պատմում է Ողջաբերդի բնակիչը, մարզպետը բնակիչներին խոստացել է՝ եթե պարզվի, որ քրեական գործի շրջանակում Մուշեղյանը անմեղ է, նա կվերականգնվի պաշտոնում։

Բնակիչները պատմում են, որ բողոքը հենց մարզպետ Ահարոն Սահակյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի վերաբերյալ է։

Դատական գործն ավարտվել է և Մուշեղյանը արդարացվել է, սակայն քաղաքացիներին տված խոստումը մարզպետը չի կատարել, որն էլ դարձել է քաղաքացիների բողոքի պատճառը։ Ողջաբերդի քաղաքացիներն այդքանով չեն սահմանափակվելու և եթե իրենց բողոքն արձագանք չտա, ճանապարհն ավելի երկար ժամանակով են փակելու։

Կոտայքի մարզպետարանից ArmLur.am-ից հայտնեցին, որ Ողջաբերդ բնակավայրն արդեն 7-8 ամիս է՝ չուներ վարչական ղեկավար, քանի որ նախկին վարչական ղեկավարն անցնում էր քրեական գործով, որի պատճառով էլ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, իսկ դժգոհություններն այն պատճառով էին, որ Գառնի համայնքի ղեկավարը նոր վարչական ղեկավար նշանակելու որոշում է կայացրել։

Հավելենք, որ, բնակիչների պնդմամբ, Աշոտ Մուշեղյանը վերադառնալ չի ցանկանում։

Էմմա Միքայելյան

 

 




Լրահոս