
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում խոշտանգվել և բռնության է ենթարկվել։
ArmLur.am-ը դատավարությունից տարածված լուանկարներից նկատել է, որ Ռուբեն Վարդանյանն ակնհայտ ծեծի ու բռնության է ենթարկվել Բաքվի բանտում։ Նրա մարմնին, դեմքին ակնհայտ երևում են կապտուկներ։
Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս Բաքվի դաժան, անմարդկային գործելաոճը։ Նկատենք, որ գերիների խոշտանգումների մասին հայ գեթ մեկ պաշտոնյա չի խոսել, փոխարենը երեկ փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ արեց աշխարհի առաջնորդներին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել ցուցադրական դատավարությունը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը ևս երեկ ուղերձով հանդես եկավ՝ կոչ անելով պայքարել Բաքվում տեղի ունեցող կեղծ դատավարությունների դեմ` ընդդեմ իր հոր և մյուս հայ քաղբանտարկյալների։
«Իմ հայրը քաղբանտարկյալ է Բաքվում՝ արդեն 500 օր, իմ հայրը իր կյանքը նվիրել է հայ ժողովրդին։ 2022 թվականին նա լուրջ որոշում կայացրեց՝ թողնել իր ընտանիքին և տեղափոխվել Արցախ։ Նա 10 ամիս 102 հազար արցախցիների հետ դիմացավ բլոկադային, հետո նա Լաչինի միջանցքից առևանգվել է ադրբեջանցի զինվորականների կողմից, հիմա նա բանտարկյալ է և տանջանքների է ենթարկվում։ Մենք չպետք է լռենք ու թույլ տանք այս ամենը։ Եթե Բաքվում գտնվող բոլոր հայ բանտարկյալները, այդ թվում իմ հայրը, ազատ չարձակվեն, ոչ մի հայ ապահով չի լինի։ Սա Ադրբեջանի կառավարության կողմից աշխարհի բոլոր հայերին ուղարկված հստակ ուղերձ էր։ Բոլորս պետք է համախմբվենք, որպեսզի հանդես գանք միասնական ճակատով և պահանջենք, որ իրենց կրոնի կամ էթնիկ պատկանելության համար հայերը չհետապնդվեն»,– ուղերձում նշել է Վարդանյանի որդին։
Քրիստինա Մուշեղյան
Մանրամասները՝ տեսանյութում։