Թրամփի վարչակազմը դիտարկում է տասնյակ երկրների քաղաքացիների ուղեւորությունները սահմանափակելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է տասնյակ երկրների քաղաքացիների ճանապարհորդության սահմանափակումները նոր արգելքի շրջանակում, տեղեկացրել են հարցին ծանոթ աղբյուրները եւ Reuters-ի տրամադրության տակ հայտնված ներքին ծառայողական գրառումը:

Ծառայողական գրառման մեջ թվարկված է 41 երկիր՝ երեք առանձին խմբերով։ 10 երկրներից բաղկացած առաջին խումբը, ներառյալ Աֆղանստանը, Իրանը, Սիրիան, Կուբան եւ Հյուսիսային Կորեան, ամբողջությամբ զրկվելու են վիզաներից։

Երկրորդ խմբում հինգ երկրներ կբախվեն վիզաների մասնակի կասեցման, ինչը կանդրադառնա զբոսաշրջային եւ ուսանողական վիզաների, ինչպես նաեւ այլ ներգաղթային վիզաների վրա՝ որոշ բացառություններով:

Երրորդ խմբում 26 երկիր կդիտարկվի ԱՄՆ վիզաների մասնակի կասեցման շրջանակում, եթե նրանց կառավարությունները «60 օրվա ընթացքում ջանքեր չգործադրեն թերությունները շտկելու համար», նշվել է գրառման մեջ։

Ամերիկացի պաշտոնյան, որն անանուն մնալու պայմանով խոսել է Reuters-ի հետ, զգուշացրել է, որ ցուցակը ենթակա է փոփոխման եւ դեռ չի հաստատվել վարչակազմի, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից:

Այս քայլը հիշեցնում է նախագահ Դոնալդ Թրամփի արգելքը իսլամական յոթ երկրների ճանապարհորդների համար:

Հունվարի 20-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը պահանջում է ուժեղացված անվտանգության ստուգում բոլոր օտարերկրացիների նկատմամբ, ովքեր ցանկանում են մուտք գործել Միացյալ Նահանգներ՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները բացահայտելու նպատակով։

Հրամանագիրը մի քանի նախարարների հանձնարարում է մինչեւ մարտի 21-ը ներկայացնել այն երկրների ցուցակը, որոնցից ճանապարհորդությունները պետք է մասամբ կամ ամբողջությամբ կասեցվեն, քանի որ «նրանց ստուգման եւ զննման տեղեկատվությունը լիարժեք չէ»:




Լրահոս