Armenian text to speach

Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Տավուշի սահմանամերձ գյուղերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 19-ի երեկոյան՝ ժամը 22։20-ի սահմաններում, մոտ 20 րոպե տևած կարկտահարությունը, որն ուղեկցվել է հորդառատ անձրևով և ուժեղ քամով, մեծ վնասներ է հասցրել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Կիրանց, Աճարկուտ և Բերքաբեր գյուղերին։

Ամենամեծ վնասները գրանցվել են Ոսկեպարում։ Կարկուտը ոչնչացրել է գյուղի բանջարանոցները, պտղատու այգիները, խաղողի վազերը և գյուղացիների բերքը։ Վնասվել են նաև երեք ընտանիքների պատկանող արևային էլեկտրակայանները։

Ուժեղ տեղումների հետևանքով առաջացած սելավները խճով փակել և անանցանելի են դարձրել գյուղի մի շարք փողոցներ, հեղեղել մի քանի տան նկուղներ։ Քամու հետևանքով երկու բնակչի գազատար խողովակները՝ հաշվիչների հետ միասին, պոկվել են։ Բացի այդ, մեկ բնակչի խոտի դեզի մոտ 50 քառակուսի մետր մակերեսով ծածկը քամուց պոկվել և շուրջ 40 մետր հեռու է տեղափոխվել։

Հունիսի 20-ի առավոտյան գյուղի առանձին հատվածներում դեռևս պահպանվել էին չհալված կարկուտի կույտեր, իսկ ծառերի տակ կուտակված էին կարկտահարված կանաչ տերևներ։

Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանի խոսքով՝ հաջորդ օրը գյուղում աշխատել են էլեկտրացանցի, գազամատակարարման ծառայության և Նոյեմբերյանի համայնքապետարանի կոմունալ հիմնարկության աշխատակիցները։ Համայնքապետարանի տրակտորը մաքրել և բարեկարգել է սելավներից տուժած փողոցները։

Նույն կարկտահարությունից զգալի վնասներ է կրել նաև հարևան Կիրանց գյուղը, որտեղ, ըստ բնակիչների, կարկտահատիկներն ավելի խոշոր են եղել։ Կիրանցին հարակից Աճարկուտ գյուղի ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանիքի մասնակիցների տասնյակ ավտոմեքենաներ ևս վնասվել են կարկտից։

Հաջորդ օրը՝ հունիսի 20-ին, ժամը 19։30-ի սահմաններում սկսված և մոտ 20 րոպե տևած նոր կարկտահարությունը խոշոր վնասներ է հասցրել Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեվան, Կոթի, Բաղանիս և Ջուջևան գյուղերին։

Տեղացած կարկուտը, որը, ըստ ականատեսների, հավի ձվի չափ էր և ուներ անկանոն ձև ու ելուստներ, ոչնչացրել է բանջարանոցներ, այգիներ և խաղողի վազեր։ Կարկտահատիկները ծակել են բնակելի տների, անասնագոմերի, տնամերձ շինությունների ասբոշիֆերյա ծածկերն ու վնասել բաց տարածքներում կայանված ավտոմեքենաները։

Տեղացիների խոսքով՝ վերջին 60-70 տարիների ընթացքում նման չափերի կարկուտ տարածաշրջանում չի գրանցվել։

Կարկտահարությունից տուժած գյուղացիները գրավոր դիմել են Նոյեմբերյանի համայնքապետարան՝ օգնություն ստանալու խնդրանքով։ Համայնքապետարանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի և կգնահատի բնական աղետի հասցրած վնասների ծավալը։

Սակայն, համայնքային իշխանությունների տեղեկացմամբ, համայնքը չունի բավարար ֆինանսական միջոցներ՝ տուժած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու կամ նրանց կրած վնասները փոխհատուցելու համար։

Վերջին տարիներին պետությունը չի տրամադրել էական աջակցություն Տավուշի մարզի այն բնակիչներին, որոնք զգալի վնասներ են կրել կարկտահարությունների հետևանքով։

Մասնագետների գնահատմամբ՝ կարկտից պաշտպանվելու արդյունավետ միջոցներից են հակակարկտային կայանները։ Ներկայում Տավուշի մարզում գործում է 14 հակակարկտային կայան, որոնք բոլորը տեղակայված են Նոյեմբերյան համայնքում։ Մարզի մյուս երեք համայնքներում՝ Իջևանում, Դիլիջանում և Բերդում, նման կայաններ չկան։

Ըստ հրապարակման հեղինակի՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության պաշտոնավարման ութ տարիների ընթացքում Տավուշի մարզում նոր հակակարկտային կայաններ չեն տեղադրվել։

Ոսկան Սարգսյան




Լրահոս